Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ, Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ»

Հուլիս 07,2011 00:00 Share

\"\"Զարմանում է Միխայիլ Բաղդասարովը

2013-ին միջազգային տնտեսական ճգնաժամի պիկ են կանխատեսում ոչ միայն համաշխարհային վերլուծական կենտրոնները, այլեւ գործարար Միխայիլ Բաղդասարովը: Չնայած իր այս տխուր կանխատեսումներին՝ երեկվա ասուլիսում գործարարը խուսափեց գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտը եւ անդրադարձավ միայն իր ղեկավարած բիզնեսներին: Նրա խոսքով, այս տարի էլ է Հրազդանի ցեմենտի գործարանը նույն ծավալով ցեմենտ արտադրում: Իսկ թե ինչու է Հայաստանում ցեմենտի գինը շարունակում գերազանցել նույնիսկ եվրոպական գները, նա բացատրեց, որ ինքնարժեքը գոյանում է գազի, էլեկտրաէներգիայի, աշխատավարձերի գումարներից. «Բայց արտադրամասը այժմ արդիականացման փուլում է, ինչը կնպաստի տեխնիկական ծախսերի կրճատմանը, եւ ինչու չէ, որոշակիորեն կնվազեն նաեւ ցեմենտի գները»: Շինարարությունը մեր երկրում մեծ թափով աճում է ազգային վիճակագրական ծառայության, բայց ոչ պարոն Բաղդասարովի համար. «Չեմ կարծում, թե նախորդ տարիներին կիսատ թողնված շինությունները ավարտին հասցնելը նշանակում է, թե շինարարություն է զարգանում»:
Ինչ վերաբերում է Հայաստանում բենզինի բարձր գներին, գործարարը նկատեց, որ հենց դրանով էլ պայմանավորված՝ մեր երկրում նվազել է բենզինի պահանջարկը. «Հիմա հայ վարորդները նախընտրում են գազը, ինչը էապես նվազեցրել է բենզինի սպառումը: Չնայած որ բենզին ներկրողներն ավելի շատ հարկեր են վճարում, քան գազ ներկրողները»: Իսկ թե ինչու են բենզինի միջազգային գների հետ հայաստանյան գները բարձրանում, իսկ միջազգային գների անկման դեպքում էլ մնում անփոփոխ, նա բացատրեց. «Շատ դեպքերում միջազգային գները նվազում են մեկ օրվա ընթացքում, ինչպե՞ս կարող ենք այդքան արագ արձագանքել ու միջազգային գների հետ հավասար իջեցնել, երբ ներկրել ենք բարձր գներով: Սպասում ենք՝ մինչեւ թանկ ներկրածը սպառենք, հետո իջեցնենք»: Նա դժվարացավ պատասխանել, թե Հայաստան ներկրվող բենզինը ինչքան է գերազանցում Վրաստան ներկրվող բենզինին: Հետո էլ հավելեց, որ իրենք գներ են սահմանում՝ հաշվի առնելով բենզին ներկրող մյուս խոշոր գործարարների սահմանած գները. «Բենզինի ներկրմամբ երրորդ տեղում ենք, եւ մրցակցությունը պահելու համար պետք է հաշվի նստել գործընկերների հետ»:
Նա դժվարացավ մեկնաբանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե նրա կառավարման տարիներին բնակչության կենսամակարդակն ավելի բարձր էր, քան հիմա է. «Ռոբերտ Քոչարյանը փորձառու քաղաքական ու տնտեսական գործիչ է: Նրա օրոք Հայաստանում կապիտալ շինարարության աճ է գրանցվել: Ներկայիս իրավիճակի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ՝ ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում: Մի բան հստակ է. համաշխարհային ճգնաժամը ամբողջ աշխարհը բարդ դրության մեջ է գցել»:
Գործարարը մեկնաբանեց նաեւ «Forbes» հեղինակավոր պարբերականի վերջին հրապարակումը, ըստ որի՝ Հայաստանը վատագույն տնտեսությունների շարքում 2-րդ տեղն է զբաղեցնում Մադագասկարից հետո. «Forbes»-ը հեղինակավոր պարբերական է, բայց չգիտեմ՝ որտեղից է վերցրել այդ տվյալները, թեեւ ամեն ինչ կախված է նրանից, թե հարցին որ դիտակետից ես նայում»:
Անդրադառնալով ավիացիային՝ պարոն Բաղդասարովը նաեւ տեղեկացրեց, որ «Արմավիան» մի քանի նոր ուղղություններով նոր չվերթներ է նախատեսել՝ Մադրիդ, Լիոն, Մարսել եւ Բարսելոն. «Ուղեւորների պասիվությունը մեզ ավելի զգուշավոր է դարձնում մեր ծրագրերի իրականացման հարցում»: Արտասահմանում հանգստանալու մեկնող հայ զբոսաշրջիկներին էլ գործարարը հորդորեց հույսները կտրել՝ ամառային զեղչեր չեն լինելու: Փոխարենը՝ գործարարը կիսվեց իր մտադրություններով. առաջիկայում նա ձեռք կբերի վրացական «Աիրզենա» ավիաընկերությունը. «Բայց դա բիզնեսը Վրաստան տեղափոխելու քայլ չէ»,- ասաց գործարարը՝ միաժամանակ հերքելով այն լուրերը, թե «Արմավիա» ընկերության գլխին սեւ ամպեր են կուտակվել. «Ընկերությանը սնանկացման վտանգ չի սպառնում, ֆինանսական դրությունը կայուն է»: Նրա խոսքով, աշխարհում օդանավերի պահանջարկի աճը հաշվի առնելով՝ «Արմավիան» նոր վարկերի հաշվին օդանավեր է գնում: Ընկերության վարկերի ծավալը ներկայումս հասնում է $40 միլիոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել