Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ ոսկի կկորզեն

Հուլիս 07,2011 00:00 Share

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ Արարատի ոսկու արդյունահանման նոր՝ «Ալբիոն» ֆաբրիկայի կառուցումը, որը շահագործման կհանձնվի 2013թ.:

Մինչ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության գործունեության արդյունքներին եւ ֆաբրիկայի շինարարական նախագծերին ծանոթանալը, Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ արտադրական գործընթացին: Նախագահին ներկայացվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի ներդրումն ուղղված է ձեռնարկության արտադրական արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես՝ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից: Զեկուցվել է, որ արտադրության արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին: Ըստ news.am-ի՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին եւ «Էքստրատա» ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնն ստորագրել են համաձայնագիր՝ «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի օգտագործման լիցենզիան Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային տրամադրելու վերաբերյալ, այնուհետեւ տեղի է ունեցել նոր ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությունը:  «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին եւ ավստրալիական Xstrata Technology ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում ստորագրեցին լիցենզիայի փոխանցման պայմանագիր՝ «Ալբիոն» տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ:
«Ալբիոնը»-ը գունավոր մետաղների կորզման նորագույն  տեխնոլոգիա է՝ մշակված Xstrata Technology ընկերության կողմից: Հայաստանն աշխարհի երրորդ պետությունն է, որտեղ ներդրվում է այս տեխնոլոգիան (Դոմինիկյան Հանրապետությունից եւ Իսպանիայից հետո): Այն թույլ է տալիս զգալիորեն մեծացնել մետաղի կորզումը դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից, օգտագործել գերփոքր ապարներ, ինչը ներկա տեխնոլոգիայով անհնար է: Ըստ Ռ. Խուդոլիի՝ Սոթքի հանքավայրում (Արարատում մշակման է ենթարկվում այդ հանքի հանքաքարը) ներկայում այլեւս ակտիվային հանքաքար չի մնացել, ուստի առանց այս նոր տեխնոլոգիայի ներդրման հանքը պետք է դադարեցնի գործունեությունը: Եթե գործող տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ տարեկան մինչեւ 40 հազ. ունցիա (31.1 գրամ) ոսկի (հարգը՝ մոտ 90 տոկոս), ապա «Ալբիոնն» այդ ծավալները կհասցնի մինչեւ 150 հազ. ունցիայի: Նոր տեխնոլոգիան կգործարկվի արդեն 2013թ:
Նոր գործարանի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 100 մլն դոլարից ավելի: 2011թ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 15 մլն դոլարի ներդրում:
Հիշեցնենք, որ բնապահպանները պարբերաբար բողոքում են, որ Սոթքի հանքավայրը շահագործվում է բաց եղանակով, ինչը բնապահպանական տեսակետից անընդունելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել