Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի անվտանգությունը չեն կարեւորում

Հուլիս 07,2011 00:00 Share

Ոմանք պնդում են, թե փող չունեն, մյուսներն էլ՝ հավես ու ցանկություն

Սյունիքի մարզում դեռ կան բաժանորդներ, ովքեր չեն գիտակցում գազի անվտանգության կարեւորությունը եւ հրաժարվում են համապատասխան սպասարկումից: «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որ 2007 թվականից զբաղվում է այս հարցերով, դեռ շարունակում է բացատրական աշխատանքներ տանել բնակիչ-բաժանորդների հետ:
Ինչպես պատասխանատուներն են փաստում, կան մարդիկ, որ գազի արտահոսքի կամ նման անցանկալի դեպքի մասին «ձայնը գլուխը գցող» ձայնաազդանշանային սարքավորումը չեն միացնում, կան մարդիկ, որ չեն պահպանում անվտանգության կանոնները, ամիսներ ի վեր բնակարանից բացակայելուց հետո առանց ստուգման ու համապատասխան թույլտվության՝ օգտվում են գազօջախներից, հավատացնելով, որ «էսքան տարում ոչ մի դեպք չի եղել» ու ավելորդություն են համարում «Էյ-Ի-Ջի սերվիսի» ծառայությունից օգտվելը:
Եթե սոցիալապես անապահով բնակիչների նման պահվածքը դեռ բացատրություն ու հիմք ունի, ապա ֆինանսապես ապահովների դեպքում խնդիրն այլ է. նրանք իրենց դիրքից ելնելով՝ հարկ չեն համարում օգտվել ծառայությունից:
«Էյ-Ի-Ջի սերվիսը» ողջ Սյունիքի մարզում է աշխատում, ստացած կանչերին համապատասխան միջոցառումներ ձեռնարկում: «Նախկինում շահագործման, անվտանգության եւ իրացման ծառայությունները իրականացնում էին միայն գազի մարզային միավորումները: Անվտանգությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել է հսկող այս կառույցը: Մենք Սյունիքում սպասարկում ենք 22 871 բնակչի: Սյունիքի մարզում կան նաեւ փակ դռներ, որոնք մոտ 15 տոկոս են կազմում: Դժբախտ դեպքերը նվազել են շնորհիվ մեր կատարած աշխատանքի, շատ արդյունավետ են աշխատում ձայնաազդանշանային սարքավորումները: Մինչեւ օրս 20511 սարք է տեղադրված Սյունիքում: Մեկ սարքավորման համար բնակիչը տարեկան վճարում է 2400 դրամ, 2-ի համար՝ 5700 դրամ, 3-ի՝ 6900:
Կան անպարտաճանաչ բնակիչներ, որ սարքը չեն միացնում, հենց առաջին իսկ դեպքից մենք կարող ենք գազազրկել: Արդարանում են, թե սառնարանը որտեղից միացնեն, կամ անտեղի ձայն է հանում, էներգիա է խլում… Բայց շատ չնչին էներգիա է ծախսվում: Բացատրում ենք, որ եթե ձայն է հանում, ուրեմն այդտեղ պրոբլեմ կա, զանգեք, ու մեր աշխատողն անմիջապես կգա վթարային վիճակը վերացնելու: Եղել են դեպքեր որ գազազրկել ենք խախտումների դեպքում: Կան բաժանորդներ, որ ասում են՝ սպասարկումը պետք չի, գումար չեմ տալու, բացատրում ես, որ այս երկուսն անքակտելի են, եթե դու գազ ես օգտագործում, պարտավոր ես սպասարկում ստանալու՝ դժբախտ դեպքերից խուսափելու համար»,- նշում է «Էյ-ի-Ջ սերվիս» ՍՊԸ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Գառնիկ Հակոբյանը:
Ընկերության տվյալներով, 2007-2008 հատվածում մարզում գազից թունավորվելու մահվան ելքով երեք դեպք է գրանցվել, իսկ 2008-ից մինչ օրս թունավորման երկու դեպք է արձանագրվել՝ ինքնակամ գործունեության արդյունքում:
Անպարտաճանաչ կամ անբարեխիղճ բաժանորդների պահվածքին զուգահեռ, մեծ դժվարություններ են ստեղծվում սարքավորումների հնամաշ լինելու պատճառով: Դրանց 60-70 տոկոսը 20-30 տարվա սարքավորումներ են, սակայն բնակիչների հնարավորությունները թույլ չեն տալիս դրանք փոխարինել նորերով: Մնում է միայն հնարավորինս զգույշ լինել, պահպանել անվտանգության կանոնները ու հնարավոր վթարային վիճակի առկայության դեպքում կապվել ընկերության սպասարկման կենտրոնների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել