Կապանի չորս հասարակական կազմակերպություններ այսօր դիմելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին՝ հանքարդյունաբերական ծրագրերի հանրային լսումներ կազմակերպելու առաջարկով: ԶՊՄԿ-ն նման լսումներ երբեք չի անում:
«Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը, «Ազատամարտ» կոմիտեն, ՀՀ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղը, Կապանի «Օրհուս» գրասենյակը կոմբինատի գլխավոր տնօրենին ուղված նամակում գրել են. «Հաշվի առնելով կառավարության N 627-Ն որոշման շուրջ առաջացած հասարակական դժգոհությունները, ինչպես նաեւ հիմք ընդունելով ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի եւ «Օրհուսի» կոնվենցիայի դրույթները (հասարակական միավորումներն ու քաղաքացիները մասնակցում են ընդերքի պահպանության հետ կապված հարցերի քննարկմանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետական մարմիններն ընդերքի պահպանության միջոցառումներ իրականացնելիս պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական միավորումների ու քաղաքացիների առաջարկությունները)՝ առաջարկում ենք կազմակերպել հասարակական լսումներ՝ վերոնշյալ իրավական ակտի եւ կազմակերպության արտադրության ծավալների ընդլայնման վերաբերյալ»:


















































