Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ, ԲԱՑԻ ՋՐԻՑ

Հուլիս 07,2011 00:00 Share

\"\"Ըստ ջրամատակարար ընկերությունների, մարդիկ զանգվածային կարող են թունավորվել էկլերից, վարունգից,  Նոր տարվա հին ուտելիքներից, բայց ոչ երբեք՝ ջրից:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ ձեր ընկերությունը փոխհատուցի բնակիչներին՝ պատճառած վնասի համար, ասենք՝ ջրից թունավորման համար». այս հարցն «Առավոտն» ուղղել է մեր երկրի ջրամատակարարումն ապահովող «Երեւանջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերություններին: «Երեւանջուրը» պատասխանել է. «Մեր գործունեության 5 տարիների ընթացքում ջրից թունավորման դեպք չի եղել»: Իսկ «Հայջրմուղկոյուղին» ընդհանրապես հարցին չի պատասխանել, չնայած այն ընկերությանն ուղարկել էինք գրավոր՝ մոտ մեկ ամիս առաջ: Ընդ որում, այս ընթացքում պարբերաբար գրավոր հարցումներ ենք արել, որ վաղուց ավարտվել է ԶԼՄ-ներին պատասխանելու 5-օրյա ժամկետը, որ ինչո՞ւ գրավոր չեք նշում մերժման պատճառներն ու հիմքերը, որ խախտում եք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Իսկ երեկ ընկերության մամուլի պատասխանատուն մեզ հետ զրույցում ասաց. «Գրեք, որ ոչ թե չենք ուզում պատասխանել, այլ ժամանակ չունենք, վթարներ ենք վերացնում»:
Այն, որ «Հայջրմուղկոյուղին» օրուգիշեր աշխատում է, մեր բնակիչներն զգում են իրենց մաշկի վրա. մարդիկ ջրի ծորակը բացում են՝ ցեխաջուր է գալիս, ընկերության տնօրենն ասում է՝ նորմալ է, ձնհալից է, բազմաթիվ փոքրիկներ, ծերեր օրերով հիվանդանոց են պառկում՝ որովայնի սուր ցավերով, բարձր ջերմությամբ ու փորլուծությամբ՝ դա էլ է նորմալ, 16 տարեկան աղջիկ է մահանում՝ որբ թողնելով իր նորածին երեխային՝ փոխհատուցման մասին ոչ մի խոսք չկա:
Ամեն անգամ, երբ ջրից թունավորման զանգվածային դեպքեր են լինում, մեր ջրամատակարար ընկերությունները «սուխոյ ատկազ» են գալիս ու շարունակում իրենց բիզնեսը: Այդ 16-ամյա աղջկա՝ Լիլիթի մասին գրել էինք «Առավոտի» նախորդ համարում. Մասիսում բնակվող աղջիկը ծննդաբերությունից 1 ամիս անց մահացել է, բժիշկները վստահեցնում են, որ խնդիրը ծննդաբերության հետ կապ չունի, նա, ինչպես իր ընտանիքի անդամները, թունավորվել են խմելու ջրից, որովհետեւ այդ ընթացքում Մասիսում նույն ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ, սակայն «Երեւանջուրը» պնդում է, որ ջրից թունավորման դեպք երբեւէ չի եղել: Ամբողջ հանելուկն այն է, որ վերջին մի քանի տարիներին բազմաթիվ թունավորման դեպքեր եղան, երբ մարդիկ նույն ախտանշաններով հայտնվեցին հիվանդանոցում, բայց վերջնական արդյունքներով որեւէ դեպքում այդպես էլ չհաստատվեց, որ նրանք թունավորվել էին հենց ջրից: Միշտ հրապարակվում է, որ թունավորվել են «անհայտ պատճառներով», նույնիսկ զավեշտալի դեպքեր եղան, երբ Վանաձորում 341 հոգի հոսպիտալացվեց ու հարցականի տակ էր՝ նրանք բոլորը ջրի՞ց են թունավորվել, թե՞ էկլեր են կերել: Սա հիշեցնում է այն երկու սեւ կարապների դժբախտ դեպքը, երբ նրանք Դիլիջանի Պարզ լճում սատկել էին, լաբորատոր փորձաքննությունը որեւէ պատճառ ցույց չէր տվել, վերջում եկել էին այն եզրակացության, որ նրանք սատկել են սթրեսից: Հայաստանում մարդիկ էլ երեւի զանգվածային թունավորվում են սթրեսից, էկլերից, բայց ոչ՝ ջրից:
2007թ. հունվարի 11-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 6, 8, 10 եւ 12 շենքերի շուրջ 110 բնակիչ թունավորվել էր եւ ծանր վիճակով՝ սրտխառնոցով, փսխումներով ու արյունահոսությամբ տեղափոխվել հիվանդանոց, քաղաքապետի տվյալներով՝ 18 երեխա ջրից դիզենտերիայով է վարակվել («Առավոտ», 01.23.2007), սակայն «Հայջրմուղկոյուղին» վստահեցրեց, որ այդ 110 մարդիկ Նոր տարվա հին ուտելիքներ էին կերել: Սա ամենահեշտ ճանապարհն է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, մարդիկ 50-60 հազար դրամի ծախս են անում, սիստեմաների տակ ընկնում, ֆիզիկական ու հոգեբանական մեծ վնասներ կրում՝ ու որեւէ մեկը դրա համար չի պատժվում, ընկերությունը չի ուզում անգամ ձեռքը գրպանը տանել ու գոնե ֆինանսական ծախսերն իր վրա վերցնել: Հիմա ինչ լինում է՝ պատճառաբանում են լոլիկներով ու վարունգներով՝ անկախ նրանից, մարդիկ այդ օրը վարունգ կերե՞լ են, թե՞ ոչ:
Բացառություն է, թերեւս, այս տարվա հունիսի 3-ի Նուբարաշենի դեպքը, երբ մոտ 60 բնակիչ աղիքային սուր ինֆեկցիայով պառկեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում եւ հարուցվեց քրեական գործ, բայց այս դեպքում եւս «Երեւանջուրը» չի ընդունում, որ պատճառը ջուրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել