Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղդվում են փող չունենալու պատճառո՞վ

Հուլիս 07,2011 00:00 Share

Շիրակցիների մեծ մասին վճարովի լողափերն անհասանելի են, «անվճարն» էլ՝ վտանգավոր

Օրերս մեկը մյուսի հետեւից ջրահեղձության դեպքեր գրանցվեցին Շիրակի մարզում. լողալու սեզոնը դեռ չբացված՝ 2 հոգի արդեն խեղդվել է, մեկը Սալուտ գյուղի 76-ամյա բնակիչ Անդրանիկ Ղազարյանն էր, որը խեղդվել էր Ձորաշենի լճակում, իսկ մյուսը՝ 25-ամյա գյումրեցի Կարեն Ճղրիկյանը: Նա իր 3 ընկերների հետ որոշել էր հանգիստն անցկացնել Վահրամաբերդի լճակի ափին: Այս 2 դեպքերը գրանցվել էին 2 օրվա տարբերությամբ: Բանն այն է, որ ջրամբարներով, լճերով ու գետերով հարուստ Շիրակի մարզում լողալը խստիվ արգելված է, լողափ գոյություն չունի, իսկ աղքատ շիրակցիները, ուզած թե չուզած, իրենց հանգիստը հարկադրված անցկացնում են իրենց իսկ մարզում՝ գայթաղկվելով ջրամբարներով՝ ու երբեմն կյանքով են փոխհատուցում դրա համար: Երեկ Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների վարչության նորանշանակ պետ Մարատ Սարիբեկյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ազգաբնակչությանը հորդորելու ու նախազգուշացնելու, որ չարժե ջուր տեսնելուն պես «բոբիկանալ», քանի որ Շիրակի մարզում լողալն արգելված է. «Դրանք ոչ մի հսկողության ենթակա չեն, չեն հսկվում ոչ մի կերպ, բացի դրանից՝ շատ վտանգավոր են իրենց հատակի պարունակությամբ, դրանց տակը ճահճուտային տիղմեր են: Բայց ամենակարեւորը՝ չի հսկվում, ինչը մեզ հնարավորություն չի ընձեռում, որպեսզի մարդկանց հնարավորինս կարողանանք ժամանակին օգնության ձեռք մեկնել, փրկել, ոչ թե գնանք մարդկանց դին հանելու, այլ օգտակար լինենք փրկելու-հանելու համար»:
Ըստ պաշտոնական տվյալների, Շիրակի մարզում ավելացել են ջրահեղձության դեպքերը. 2008թ.-ին 3 դեպք է գրանցվել, 2009-ին՝ 1, 2010-ին՝ 4, իսկ 2011թ-ին՝ 2: Արտակարգ իրավիճակների վարչության պետը, որպես դժբախտ պատահարների դեմ պայքարի միջոց, որոշել է համագործակցել լրատվամիջոցների հետ ու պարբերաբար խոսել դրանց վտանգավորության մասին, նախազգուշացնել, որ դրանք հակասանիտարական են: Ըստ պաշտոնյայի, թեեւ ջրամբարների տնօրենները ամեն տարի ցուցակներ են փակցնում, որ «լողալն արգելված է», սակայն ժողովուրդը «շան տեղ» չի դնում՝ լողում է: Մինչդեռ շիրակցիներն այս հարցում մեղադրում են ՀՀ կառավարությանը, որը ոչինչ չի անում Շիրակում հանրային լողափեր եւ հանգստյան գոտիներ բացելու ուղղությամբ, ինչի արդյունքում էլ ավելանում է դժբախտ պատահարների թիվը: «Բաթումը այլեւս անհասանելի է, Գյումրիից գնացքի տոմս գնող համարյա չկա, եթե սխալվես, գնաս Սեւանի հանրային լողափերը, նեղստրած, վիրավորված հետ կգաս. ափամերձ տարածությունն էնքան նեղ է, որ առավոտյան 11-ից հետո ասեղ գցելու տեղ չկա, գնդակ խաղալու էլ տեղ անգամ չկա, լճի մեջ 40 մետր պիտի խորանաս, որ ջուրը ոտքերդ ծածկի: Ստացվում է, Սեւանը հարուստների համար է, Շիրակը լողալու համար արգելված է, բա գործազուրկ ու աղքատ շիրակցին էս բարկ արեւի տակ խանձվի՞: Լավ օրի՞ց են մարդիկ անթույլատրելի տարածքներում ջուրը մտնում, այ, սրա մասին պիտի մտածեն, առաջ ինչո՞ւ այսքան խեղդվողներ չկային»,- վրդովվում են շիրակցիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել