Ամառվա տոթ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում հիվանդությունների հարուցիչների եւ փոխանցողների բազմացման եւ զարգացման համար, ուստի հատկապես ամռանը պետք է զգուշանալ վարակիչ հիվանդություններից եւ սննդային թունավորումներից: ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը երեկվա ասուլիսում քաղաքացիներին խորհուրդ տվեց ժամը 12-17-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց եւ հնարավորինս ստվերոտ հատվածներում լինել, իսկ առավել ռիսկային խմբերին՝ ծերերին, երեխաներին, խրոնիկ հիվանդություններ ունեցողներին ու հղիներին խորհուրդ տվեց ընդհանրապես դուրս չգալ, լինեն պառկած վիճակում: Ա. Վանյանը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից զերծ մնալու համար, առաջարկեց արեւային գլխարկ եւ ակնոց կրել, բամբակյա, օդաթափանց, բաց երանգներով հագուստ կրել: Քանի որ ամռանը քրտնարտադրությունն ակտիվանում է, հետեւաբար մարդու օրգանիզմն էլ մեծ քանակությամբ աղեր, սպիտակուցներ եւ հեղուկ է կորցնում, ուստի պետք է օգտագործել ջուր եւ թան՝ ոչ սառը վիճակում, որպեսզի այդ հեղուկները վերականգնվեն: Ա. Վանյանը կարեւոր համարեց, որ կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքները չչարաշահվեն, քանի որ դրանք նույնպես արագացնում են ջրազրկման գործընթացը: «Խուսափեք վատ օդափոխվող կամ չօդափոխվող տարածքներում երկար մնալուց»,-ասաց նա: Սննդային թունավորումներից եւ վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար էլ անհրաժեշտ է խուսափել չսահմանված վայրում շուտ փչացման ենթակա սննդամթերք գնելուց. դրանք կարող են լինել կրեմային հրուշակեղեն, կաթնամթերք, մսամթերք, լցնովի պաղպաղակ եւ հյութ: Ա. Վանյանը ծնողներին խորհուրդ տվեց երեխաներին թույլ չտալ դեկորատիվ լողավազաններում լողալ կամ ոռոգման ջրերի հետ խաղալ: Խոսելով վերջերս Նուբարաշենում տեղի ունեցած զանգվածային թունավորման մասին, նա ասաց, որ իրենց կողմից կատարված համաճարակաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բռնկումը ջրից է եղել, որը լոկալ բնույթ էր կրում, քանի որ Նուբարաշենի մեկ հատվածն էր ընդգրկել: Ա. Վանյանը տեղեկացրեց, որ վթարը հայտնաբերված է, ու դրա վերացումից հետո հիվանդներ այլեւս չեն եղել: Մինչդեռ նշենք, որ «Երեւան ջուրը» կտրականապես հերքում է, որ պատճառը ջուրն է:


















































