Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

Հուլիս 07,2011 00:00 Share

Հրկիզել են Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակը

\"\"

Ականատեսների վկայությամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում. անհայտ անձինք դյուրավառ հեղուկով հրկիզել են գրասենյակի հյուրերի սենյակը՝ վնասելով պատուհանը, գույքը, հեռուստացույցը: Նշենք, որ իրավապաշտպան կառույցը գտնվում է Գյումրու կենտրոնում` Տեքստիլագործների ակումբի դեմ-դիմաց` 3 հարկանի շենքի առաջին հարկում, այնպես որ՝ հրդեհը ճիշտ ժամանակին չհանգցնելու դեպքում հնարավոր էր, որ անմեղ զոհ դառնար շենքի ամբողջ բնակչությունը: Դիմացի հարեւանի՝ Ալեքսանդր Եղոյանի պատմելով՝ հարեւաններից մեկը զանգահարել է իրեն՝ ասելով, որ ապակիների պայթյուն է լսում, վերջինս էլ, տեսնելով պատուհանի ծուխը, մերկ վիճակում վազել է դուրս, այնուհետեւ զանգահարել հրշեջ ծառայություն: Մի խոսքով՝ հաջողվել է կրակը հանգցնել:
Ի՞նչ վարկածներ կան, եւ ո՞ւմ է կասկածում կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Նկատենք, որ վերջինս ակտիվ հասարակական գործիչ է, հարկ եղած դեպքում համարձակորեն ու բավականին կտրուկ քննադատում է ցանկացած պաշտոնյայի: «Իմ ղեկավարածը իրավապաշտպան կազմակերպություն է, այս մասնաճյուղը գործում է բավականին երկար՝ 1996 թ.-ի օգոստոսից, իսկ կազմակերպությունը հանրապետությունում հնագույններից է եւ իր գործունեության ամբողջ ընթացքում արել է այն, ինչի անհրաժեշտությունը միշտ եղել է. սոցիալապես խոցելի մարդկանց իրավունքների, ազատությունների, շահերի պաշտպանություն: Շատ նորմալ եւ Հայաստանում շատ անհրաժեշտ գործունեություն է ծավալում, հրաշալի գիտենք՝ Հայաստանում ինչպիսի իրավիճակ է: Իրավապաշտպան կազմակերպությունը իրավունք չունի նախաքննությունից կամ իրավապահ մարմիններից առաջ ասելու, թե ով է հեղինակը: Ես սպասում եմ, թե իրավապահ համակարգը ինչ եզրակացության կգա, անմիջապես հայտարարություն տրվել է, որպեսզի իրավապահներն էլ իրենց գործը անեին, ես չէի շտապի գնահատականներ հնչեցնել»,- ասաց Սեյրան Մարտիրոսյանը՝ խուսափելով կատարվածը կապել իր գործունեության հետ: Ըստ նրա, եթե անգամ գրասենյակը հրկիզել են այս կամ այն կառույցի հասցեին հնչեցրած իր քննադատությունների պատճառով, միեւնույն է՝ ինքը չի պատրաստվում լռել կամ փոխել իր ոճն ու սկզբունքները: «Չնայած մտքում անընդհատ հետ պտտելով՝ վերլուծում եմ, թե երբ, որտեղ կարող էր լինել էն, ինչը կարող էր դառնալ սրա պատճառ, բայց սա չեմ կապում իմ հնչեցրած քննադատությունների հետ, հետքեր կան, եթե նորմալ, պրոֆեսիոնալ եւ շահագրգիռ մոտեցում լինի իրավապահների կողմից, հեշտությամբ կարելի է պարզել, թե ինչի մասին է խոսքը՝ պարզապես խուլիգանությո՞ւն է, թե՞ ավելին»: Իսկ իրավապաշտպան կառույցի ղեկավարը վստահո՞ւմ է իրավապահներին: «Վստահելու խնդիրը չէ, իրավապահ կառույցներին հարկավոր է յուրաքանչյուր անգամ շանս տալ, մանավանդ որ՝ էդ շանսի կարիքը իրենք շատ ունեն»,- կարծում է Սեյրան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իրավապահների նկատմամբ վստահությունը կբարձրանա միայն այսպիսի դեպքերի բացահայտմամբ, այլ ոչ թե ոստիկանների մասին սերիալներ նկարահանելով:
Իսկ ինչպե՞ս է լինում, որ մշտապես փորձում են վնասել ակտիվ մարդկանց գրասենյակները, նախագահական ընտրություններից հետո փորձել էին վառել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, մի անգամ կոտրել էին այս նույն գրասենյակի ապակիները: «Եթե հրդեհվում կամ հրդեհելու փորձեր են արվում, հասարակությունն ունի իր կարծիքը, որը, ի դեպ, ոչ միշտ է համընկնում իշխանությունների կարծիքի հետ, ժողովուրդը գիտի, որ խոսքը էն կառույցների մասին է, որոնք հենց ժողովրդի շահերն են պաշտպանում, մեկը՝ ավելի մեծամասշտաբ, մյուսը՝ ավելի փոքր մասշտաբով: Բոլոր դեպքերում, եթե դա կատարվում է, պարզ է, որ գործ ունենք շուռ տված արժեքների հասարակության հետ, եւ ինձնից ավելի շատ պիտի անհանգստանան իրավապահ կառույցները: Ես, որպես իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչ, գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք իր գործը պիտի կատարի, եթե դու սկսես փոխարինել բոլորին, դա ճիշտ մոտեցում չի լինի, եւ մենք դրա շնորհիվ ճիշտ ժամանակների չենք հասնի. կամ էդ կառույցը իր տեղում էդ գործը անում է, կամ որպեսզի կարողանա էդ գործն անել, էդ կառույցը պիտի փոխվի, պիտի փոխի իր գործելակերպն ու մարդկանց, որպեսզի բոլոր իրավիճակներում կարողանա ադեկվատ արձագանքել, ես էլ ինձ հանգիստ զգամ»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել