Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրերը շատ են

Հուլիս 07,2011 00:00 Share

\"\"Ցավոք, շատ են նաեւ արտագաղթողներն ու խառը ամուսնությունները

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ նախարարության գերակա խնդիրների՝ սփյուռքում հայապահպանություն, սփյուռքի ներուժի վերհանում եւ ի նպաստ Հայաստանի կիրառում, հայրենադարձության խթանում ուղղությամբ այս տարվա առաջին վեց ամիսներին տարբեր ծրագրեր են իրականացվել:
Հայապահպանության թիրախը, բնականաբար, երիտասարդությունն է, ուստի նախարարությունը երիտասարդներին միտված ծրագրեր է իրականացնում. այս օրերին գործում է երիտասարդ լրագրողների մեկամսյա դպրոց, սեպտեմբերին գործելու է երիտասարդ առաջնորդների դպրոցը, հետո, մինչեւ տարեվերջ կազմակերպվելու են «Կտոր մը հայրենիք» հետազոտական աշխատանքների եւ «Հայրենիք, քեզ այսպես եմ տեսնում» նկարների մրցույթ, երիտասարդական հ/կ-ների մրցույթ, հայկական ճաշերի փառատոն, Հայաստանում կանցկացվեն իրանահայերի օրեր եւ կնշվի «Ալիք» թերթի 80-ամյակը, հետո պոլսահայերի օրեր եւ «Մարմարա» թերթի 70-ամյակը: Ստեղծվել է վիրտուալ գրադարան, ուր կա 200 գիրք եւ 5000 բառ արեւելահայերենից արեւմտահայերեն փոխարկելու հնարավորություն, շարունակվում է «Արի տուն» ծրագիրը:
Սրան զուգահեռ, Հայաստանի Հանրապետությունը աջակցում է սփյուռքի հայկական դպրոցներին, ՀՀ օգնությամբ 20 մեկօրյա դպրոց է գործում, Հայաստանի եւ Ավստրալիայի, Արգենտինայի ու այլ երկրների հայկական դպրոցները քույրացել են եւ սերտ կապեր հաստատել: Շարունակվելու են մասնագիտական համաժողովները, մինչեւ այս տարվա վերջ կկազմակերպվեն հայ բժիշկների, ճարտարապետների համահայկական հավաքներ, նաեւ սփյուռքի համայնքների ղեկավարների առաջին համաժողովը:
Այս ամենով հանդերձ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց, որ Հայաստանից արտագաղթը այսօր ցավալիորեն ակտիվացել է, իսկ օտար երկրներում էլ ցավալիորեն աճում է խառը ամուսնությունների քանակը: Ըստ Հրանուշ Հակոբյանի, հայերի՝ Հայաստանից հեռանալու պատճառները սոցիալական են: Նախարարը հույս ունի, որ աշխատանքի համար հեռացածները կվերադառնան հայրենիք, նախարարությունն էլ կաշխատի ներգաղթը խթանելու ուղղությամբ: Խառը ամուսնությունների դեպքում, բնականաբար, ոչ ոքի չես կարող հարկադրել ամուսնանալ կամ չամուսնանալ այս կամ այն ազգության ներկայացուցչի հետ, ուստի, ըստ Հրանուշ Հակոբյանի, այս հարցում մեկ ելք կա. Հայաստանն ու հայ համայնքը պետք է անեն ամեն ինչ, որ խառը ամուսնությունից ծնված երեխային հայ պահեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել