Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովն օբյեկտիվ է»

Հուլիս 07,2011 00:00

\"\"Կարծում է «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրենը

Օրերս կայացած ասուլիսում ճանաչված մասնագետներ Դավիթ Գյուրջինյանն ու Համլետ Միքայելյանը խոսել էին դպրոցական դասագրքերի մրցույթից: Լեզվաբան Դ. Գյուրջինյանն էլ, ում հեղինակած դասագիրքը չէր հաղթել մրցույթում, նշել էր, թե պետք է արգելել այս տարվա 7-9-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի մուտքը դպրոց, որովհետեւ դրանք արմատախիլ են անում հայերենը:
«Դասագրքերի հեղինակներին մե՛նք ենք վարձում, նրանց կազմած դասագրքերով էլ մասնակցում ԿԳ նախարարության կողմից հայտարարվող դասագրքերի մրցույթին, պարտվողն էլ է հրատարակչությունը, հաղթողն էլ»,-այս առիթով «Առավոտին» հայտնեց «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը: «Մրցույթ է՝ հաղթողներ էլ պիտի լինեն, պարտվողներ էլ»,- ասում է նա: «Առավոտը» պարոն Մարկոսյանի հետ խոսեց այս տարի ԿԳ նախարարության դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից 12 չափաբաժին գրքերի համար հայտարարված մրցույթի մասին: Մրցույթին մասնակցել է 7 հրատարակչություն, ինչ վերաբերում է «Տիգրան Մեծին», այն ներկայացրել էր 4 դասագիրք՝ հայոց լեզվի, գրականության, երկրաչափության եւ ինֆորմատիկայի, որոնցից 2-ը հաղթել է: «Չեն հաղթել մեր հայոց լեզու եւ երկրաչափություն առարկաների դասագրքերը: Համարում եմ՝ մրցույթում պարտվել ենք, որովհետեւ դասագրքերը պահանջներին չեն համապատասխանել»,- կարծում է Վ. Մարկոսյանը: Հրատարակչի ասելով, մրցույթը հայտարարվել էր դեկտեմբեր ամսին, բացվել՝ մարտին: Ներկայացվել է դասագրքերի 60 %-ը: Ըստ նրա՝ մրցույթի առաջին փուլում գնահատվում է գրքի որակը, որից հետո անցնում են գնային առաջարկին: «Մենք առաջին որակական փուլը երկու դասագրքերի դեպքում չենք հաղթահարել: Բնական է: Օրինակ, «Մակմիլանը» տարիներ շարունակ գրականության դասագրքի հաղթող էր, բայց այս տարի իմ հրատարակչության ներկայացրած գրականության դասագիրքն է անցել: «Մակմիլան» հրատարակչությունը չի բողոքարկում, ե՞ս ինչու պետք է դա անեմ,- ասում է պարոն Մարկոսյանը եւ չի ընդունում, որ մրցույթում չհաղթած դասագրքերի հեղինակներից ոմանք բողոքում են: «Թող մյուս տարի ներկայացնեն իրենց գրքերը»,- հորդորում է պարոն Մարկոսյանը, հավատալով՝ մրցույթի հանձնաժողովը օբյեկտիվ է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել