Հայաստանում ֆրանսիական համալսարանի մշակութային հաղորդակցություն, տուրիզմ եւ մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանողներից երկուսը առաջիկայում իրենց արտադրական պրակտիկան կանցկացնեն Ֆրանսիայում: Պրակտիկաները ունեն կոնկրետ առաքելություն: Ուսանողներից մեկը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար կուսումնասիրի ֆրանսիական տուրիզմի գրասենյակների (office de tourisme) փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու նպատակով: Մյուս ուսանողի պրակտիկայի արդյունքում Հայաստանում կկազմակերպվի Վալուայի հայտնի դաշնամուրի փառատոնը (Festival Piano en Valois): Մագիստրատուրայի շրջանակում ձեռք բերված գիտելիքների եւ ֆրանսիացի գործընկերների փորձառության համադրմամբ այս պրակտիկաների արդյունքում կոնկրետ ուղղություններով կստեղծվեն նոր հնարավորություններ՝ մեր երկրում տուրիզմի եւ մշակութային գործունեության զարգացման համար: Երկամսյա այս պրակտիկաների կազմակերպումը Ֆրանսիայում հնարավոր է դարձել Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսական աջակցության շնորհիվ: Ինչ վերաբերում է մշակութային հաղորդակցություն, տուրիզմ եւ մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրային, այն ստեղծվել է 2010թ. ՀՀ մշակույթի նախարարի առաջարկով եւ ԿԳ նախարարի աջակցությամբ: Մագիստրոսական այս ծրագիրը տեւում է մեկ տարի եւ նպատակ ունի ֆրանսերենին տիրապետող անձանց հնարավորություն տալ ձեռք բերել նոր մասնագիտություն՝ մշակութային գործունեության եւ տուրիզմի կառավարման ոլորտներում: Հայաստանի բուհական համակարգում նման մեկամյա մագիստրոսական ծրագիր ներդրվում է առաջին անգամ: Մագիստրոսական այս ծրագիրը հովանավորվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից, որը ծրագրի բացառիկ գործընկերն է:


















































