Կառավարման նախագահական համակարգը, որի մասին մտածում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ այդ երկրի համար: Այս մասին, ըստ tert.am-ի, Chatham House-ում կազմակերպված համաժողովի ժամանակ ասել է բրիտանական Economist պարբերականի խմբագիր Ջոն Փիթը:
«Թուրքիան 2011թ. խորհրդարանական ընտրություններից հետո, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությանը սպասող դժվարությունները» խորագրով համաժողովի իր ելույթում Economist-ի խմբագիր Ջոն Փիթը նշել է, որ Թուրքիայում լուծման կարիք ունեցող առաջնահերթ խնդիրներից են ժողովրդավարության եւ ժամանակակից սահմանադրության ստեղծման հարցերը:
Իր ելույթի ընթացքում Փիթն անդրադարձել է նաեւ Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակին: Economist-ի խմբագիրն ընդգծել է, որ Թուրքիայում կալանավորված լրագրողների թիվն ավելի շատ է, քան՝ Չինաստանում: Իսկ մարդու իրավունքների հետ կապված վիճակն ավելի վատ է, քան՝ Իրաքում: Համաձայն չլինելով այն տեսակետին, թե Թուրքիան Իրան դառնալու ճանապարհին է, Ջոն Փիթը նշել է, որ Թուրքիան կանգնած է ավտորիտար պետություն դառնալու վտանգի առջեւ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ընտրություններից հետո անցնելու է կառավարման նախագահական համակարգի:


















































