Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Հոլանդիային մեղավոր է ճանաչել

Հուլիս 07,2011 00:00

\"\"BBC-ի մատուցմամբ, հոլանդական դատարանը Նիդերլանդների իշխանություններին մեղավոր է ճանաչել 1995թ.-ին Սրեբրենիցայում տեղի ունեցած ջարդերի ժամանակ երեք բոսնիացի մահմեդականների մահվան մեջ:
«Հոլանդիայի կառավարությունը պատասխանատու է երեք բոսնիացի մահմեդականների մահվան համար, քանի որ «Դատչբատը» (ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում այդպես է կոչվել հոլանդական գումարտակը) այդ մարդկանց չպետք է հանձներ սերբերին եւ չպետք է նրանց թույլ տար դուրս գալ «անվտանգության գոտու» սահմաններից»,- Հաագայում հայտարարել է դատարանի ներկայացուցիչը:
Դատավորները պարտավորեցրել են Նիդերլանդներին՝ զոհվածների հարազատներին փոխհատուցում վճարել: «Դատչբատի» զինվորականները բազմաթիվ անգամ են վկա դարձել «անվտանգության գոտուց» դուրս մահմեդականների նկատմամբ բոսնիացի սերբերի վատ վերաբերմունքին: Ուստի՝ հոլանդացիները գիտեին, որ բոսնիացիները լուրջ ռիսկի են ենթարկվում՝ լքելով ՄԱԿ-ի ճամբարը»,- ասված է դատարանի որոշման մեջ: Դատավճռում ընդգծվել է, որ այն վերաբերում է բացառապես երեք մարդու մահվանն ու ոչ մի կերպ չի առնչվում Սրեբրենիցայի ջարդերին:
Բոսնիայում պատերազմի ժամանակ մեծմասամբ մահմեդականներով բնակեցված շրջանը հայտարարվել էր «անվտանգության գոտի» եւ գտնվում էր հոլանդական զինվորականների պաշտպանության ներքո: 1995թ. հուլիսին քաղաքը գրավել էին բոսնիացի սերբերը, իսկ խաղաղապահ ուժերը փաստացի չէին էլ դիմադրել: Արդյունքում գեներալ Ռադկո Մլադիչի հրամանատարության ներքո գտնվող սերբական ջոկատների կողմից սպանվել էր ութ հազար մահմեդական՝ տղամարդիկ եւ պատանիներ:
Նիդերլանդների իշխանությունները միշտ պնդել են, թե հոլանդական զինվորականները, որոնք գտնվել են Սրեբրենիցայում՝ ՄԱԿ-ի ուժերի կազմում, փաստացի ոչ մի հնարավորություն չեն ունեցել դիմադրելու գեներալ Մլադիչի բանակին:
Հիշեցնենք, որ 2008-ի սեպտեմբերին հոլանդական դատարանը մերժել էր Սրեբրենիցայում զոհերի հարազատների պահանջը՝ Հոլանդիային պատասխանատու ճանաչել տեղի ունեցած ցեղասպանության համար եւ զոհերի հարազատներին փոխհատուցում վճարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել