Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԷՍՊԱՍ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հուլիս 07,2011 00:00 Share

\"\"Նալբանդյան 29 հասցեում գտնվող «Էսպաս» (Espaces) երիտասարդական կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է 2002թ. եւ սկզբից եւեթ նպատակ է ունեցել տարատեսակ ծրագրերի միջոցով խթանել երիտասարդների մասնակցությունը մեր երկրում քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Այդ ծրագրերը ներառում են զանազան ցուցահանդեսների եւ համերգների, գրական երեկոների ու բանավեճերի կազմակերպում եւ անցկացում:  Նման մի միջոցառում կայացավ օրերս, երբ բացվեց գեղագետ ու մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքների հերթական՝ հինգերորդ ցուցահանդեսը: Այն ընդգրկում է 2 տասնյակից ավելի գծանկարներ, որոնցում քաղաքային գողտրիկ տեսարաններ են Հայաստանի եւ եվրոպական մի շարք երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Չեխիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ եւ այլն)  բնակավայրերից:
«Ներկայացված բոլոր աշխատանքների միավորումը հեղինակի ակնհայտ ձգտումն է՝ պատկերելու դրանց արտաքին գեղեցկությունն ու ներքին գրավչությունը, ավելի ճիշտ՝ այդ երկուսի ձույլ ներդաշնակությունը»,- նշեց հիշյալ կենտրոնի լրատվության պատասխանատու Լիլիթ Սոխակյանը: Բացելով ցուցահանդեսը՝ նա շնորհավորեց Լեւոն Լաճիկյանին այս դիտարժան ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ եւ բոլորին հրավիրեց մինչեւ հուլիսի 12-ն այցելել «Էսպաս» կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել