Ավստրալացի Մայքլ Թոմփսոնը կգլխավորի «Դիլիջան» միջազգային դպրոցը:
Այս մասին «Մեդիամաքսին» հայտնել են «Դիլիջան» նախագծի պատասխանատուները, նաեւ նշել, որ «Դիլիջան» դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարվել էր միջազգային մրցույթ: Լավագույն միջազգային դպրոցներում կառավարման, ինչպես նաեւ նոր դպրոցների բացման փորձ ունեցող տարբեր երկրներից թեկնածուների ընտրությունից հետո հարցազրույցի էր հրավիրվել նրանցից ավելի քան 20-ը:
Եզրափակիչ փուլ էին դուրս եկել երեք լավագույն թեկնածուներ, որոնք Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում հարցազրույց էին ունեցել դպրոցի Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ: Մայքլ Թոմփսոնը միաձայն ճանաչվել է լավագույն թեկնածուն` «Դիլիջան» դպրոցի տնօրենի պաշտոնում: Մայքլ Թոմփսոնը միջազգային եւ IB համակարգի դպրոցներում կառավարման մեծ փորձ ունի, աշխատել է տարբեր երկրներում: Ավստրալիայում նա ղեկավարում էր երկրի լավագույն դպրոցներից մեկը` The SCOTS PGC College-ը:


















































