Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն լռելու

Հուլիս 07,2011 00:00

\"\"\"\"«Facebook» սոցիալական ցանցում հայտնվել են լուսանկարներ, ուր երեւում է, որ Արցախի 800-ամյա՝ 13-րդ դարի Գանձասարի նշանավոր վանական համալիրի պարիսպների պատերը սալիկապատվում են մարմարով:
Այս առթիվ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարել է. «Գանձասարը 2000-2002թթ. նոր շունչ էր ստացել մոսկվաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի միջոցներով: Վերջինս ծնունդով այդ վայրերից է, եւ Գանձասարը մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում: Անկասկած, Գանձասարն այսօր Արցախի ամենաբարեկարգված հնադարյա սրբատեղին է: Ցավոք, հայ մեծահարուստների կողմից իրենց ծննդավայրի հանդեպ նման վերաբերմունքի դրսեւորումներ հազվադեպ են լինում: Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպի երեսպատման լուսանկարները երեկ մեծ աղմուկ բարձրացրին «Facebook» սոցիալական ցանցում եւ բլոգերների շրջանում: Երեկոյան պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ մարտ ամսին վարչությունը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ նշվում էր այդ գաղափարի իրականացման համար միջոցներ տրամադրողի՝ Լեւոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքով, վարչությունը նման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել, որովհետեւ այն կվնասի պատմական միջավայրը: Սարգսյանը հայտնել է նաեւ, որ երեսպատումն անօրինական է արվում: Նրա կարծիքով՝ պատերի երեսպատումը կարող է խոչընդոտ հանդիսանալ նաեւ համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված է ենթադրելու, որ Լեւոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին: Կոչ ենք անում մոսկվաբնակ հայ գործարարին հրահանգել՝ շտապ կասեցնել Գանձասարում իրականացվող վանդալիզմը, ինչպես նաեւ զգուշորեն հեռացնել այդ անճաշակ մարմարե սալիկները՝ վերադարձնելով պարսպին իր պատմական տեսքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել