Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՀԱՐՄԱՐՎԵՆՔ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հուլիս 09,2011 00:00

Այն, որ վերջին տարիներին վերանորոգվել եւ վերանորոգվում են ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ ոստիկանության ենթակայության տակ գտնվող գերատեսչությունները եւ բաժանմունքները՝ փաստ է: Բայց արի ու տես՝ «թարմացման ալիքը» դեռեւս համառորեն շրջանցում է ՀՀ ոստիկանության Արաբկիրի անձնագրային բաժանմունքը: Դեռ 16 տարի առաջ, երբ ստացա ՀՀ իմ առաջին անձնագիրը, բաժանմունքը տրամադրող չէր: Բնականաբար, յուրաքանչյուր խոհեմ քաղաքացու մտքով անգամ չէր անցնում այն ժամանակ իշխանություններից պահանջել բարեկարգել բաժինը՝ հասկանալի օբյեկտիվ հանգամանքները հաշվի առնելով: Սակայն մի՞թե այս 16 տարիների ընթացքում դժվար էր բաժինը վերանորոգել, ստեղծել բնակչության սպասարկման համար տանելի պայմանններ: Միջանցքում սաստիկ շոգ է, փոշոտ, չկան համապատասխան նստարաններ, հատակի պաստառները պատառոտված են, անձնագրային բաժանմունքի սենյակներում քաղաքացիների քարտերը շատ հաճախ պահվում են կոշիկի տուփերի մեջ, մոռանալով, որ դրսում արդեն 21-րդ դարն է: Դժգոհությունները հատկապես սաստկացան 1-2 ամիս առաջ՝ անչափահաս երեխաների համապետական գրանցման եւ տեղեկանքի ստացման գործառույթի շրջանակներում, երբ բաժանմունքի այցելուների թիվը քառապատկվել էր, իսկ բաժինը պարզապես չէր կարողանում բնականոն աշխատել:
Վերջերս «բախտ» վիճակվեց լինել բաժնում (քրոջս անձնագրի փոխանակման համար). վիճակը նույնն էր: Լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ ՀՀ ոստիկանության բաժանմունքները պետք է որոշակի ժամանակահատվածում վերանորոգվեն: Ցանկալի է, որ այս անգամ չանտեսվեն համապատասխան օղակները, մասնավորապես, ՀՀ նույնականացման քարտերի ստացման ժամանակ մեզ սպասարկեն նորացված եւ վերանորոգված գրասենյակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել