Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ը՝ ՎՃՌՈՐՈՇ ՕՐ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Հուլիսի 12-ին «Առավոտը» եւ մի շարք այլ լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ ՀՀ Լոռու մարզի հանրապետական մարզպետ Արամ Քոչարյանը հրաժարական է տվել: Ոչ կառավարությունը, ոչ մարզպետարանը պատճառների մասին մինչ օրս որեւէ պաշտոնական հայտարարություն չեն արել: Երեկ մեզ հաջողվեց զրուցել Արամ Քոչարյանի հետ: Արդեն նախկին մարզպետն ասաց. «ՀՀ կառավարությանը հրաժարականի դիմում ներկայացնելը իրավիճակի թելադրանք չի, ես այն տարիքում չեմ, որ էմոցիաներին տրվեմ: Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից ավելի կամ պակաս ասելը նշանակում է լինել ոչ այնքան պարկեշտ պաշտոնյա: Ամփոփ տեղեկագրում տրված են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հուզում են այսօր լոռեցիներին: Եկեք առաջ չընկնենք: Սպասենք գոնե մեկ ամիս՝ մինչեւ օգոստոսի 11: Կա օգոստոսի 11 եւ դրանից հետո ընկած ժամանակաշրջան: Յուրաքանչյուր պաշտոնյա իր աշխատանքային գործունեության ընթացքում ճանապարհ է անցնում՝ երկար, թե կարճ: Հրաժարականի դիմումը պաշտոնավարման ընթացքում թերացման արդյունք չէ, Լոռու մարզպետի աշխատանքը գնահատվում է աշխատանքի տարեկան չափորոշիչներով, ըստ որի՝ 90 տոկոսից ավելին լավ է, մարզպետի աշխատանքը այդպես է գնահատվել: Այս տարվանից ավելի վատ ցուցանիշներ էլ ենք ունեցել: Դեկտեմբերին կլրանար իմ պաշտոնավարման 5 տարին: Այս տարիների ընթացքում, բոլոր տարիների ամփոփիչ հաշվետվություններից հետո պաշտոնանկության մասին հարցեր հնչել են: Այս ամենը ոչ մի ենթատեքստ չունի»:
Մեր հարցին, թե չե՞ք ուզում այլեւս մարզը ղեկավարել, Արամ Քոչարյանը պատասխանեց. «Իսկ ով է այդպիսի բան ասում, օգոստոսի 11-ից հետո կերեւա՝ ուզո՞ւմ եմ ղեկավարել, թե՝ ոչ»:

Հ.Գ. Լոռու մարզպետարանը չի շտապում ընդունել նոր իրողությունները: Մարզպետարանի պաշտոնական կայքում դեռ Արամ Քոչարյանն է մարզպետը, իսկ նրա հրաժարականի մասին ոչ մի տեղեկություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել