Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆՆ ՈՒ ՄԵՂՐԻՆ ԱՄԵՆԱՀՐԴԵՀՎՈՂՆ ԵՆ

Հուլիս 14,2011 00:00

Սյունիքի մարզային հրդեհային տեսչության աշխատակիցները տարվա այս ժամանակաշրջանում մարզի տարածքում խոտհունձն ու բերքահավաքն անկորուստ կազմակերպելու եւ իրականացնելու համար բացատրական աշխատանքներ են տանում գյուղական համայնքներում: Ընթացիկ տարում, սակայն, չոր խոտածածկույթի հրդեհման դեպքեր արդեն արձանագրվել են:
Ըստ Սյունիքի մարզային հրդեհային տեսչության պետ Միշա Խաչատրյանի` այս տարվա առաջին կիսամյակում Սյունիքի մարզում արձանագրվել է 37 հրդեհի դեպք, որի հասցրած նյութական վնասը 14,447 միլիոն դրամ է: 2010-ի առաջին 6 ամիսներին արձանագրված 25 հրդեհի դեպքերը 1,176 միլիոն դրամի վնաս էին տվել:
Այս տարվա 37 դեպքից 12-ը չոր խոտածածկույթների հրդեհներ են եղել, 9-ը` բնակարանային, 1-ը` անասնագոմի, 2-ը` խանութի եւ այլ օբյեկտների: Այս տարի հրդեհների 95 տոկոսն արձանագրվել է Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններում: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
Կանաչ գոտում հրդեհների նախականխման միջոցների իրականացման եւ ամառային ժամանակաշրջանի անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներում մարզային հրդեհային տեսչությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների եւ անտառտնտեսության հետ: Իրականացված ստուգումների արդյունքում հրդեհային անվտանգության կանոնների խախտման եւ չկատարման համար 34 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 895 հազար դրամ տուգանքի որոշում է կայացվել: «Համալիր ստուգումներ են անցկացվել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մարզային օբյեկտներում, նաեւ ոչ պետական հաստատություններում: Մարտին հետազոտություններ ենք իրականացրել մարզի գազալցակայաններում, որի արդյունքում 3 պաշտոնատար անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 85 հազար դրամի չափով», – նշում է Սյունիքի մարզային հրդեհային տեսչության պետ Միշա Խաչատրյանը:

Հ.Գ. Սյունիքի մարզային հրդեհային տեսչությունը ընդամենը 5 աշխատող ունի: Թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ տարածվում են, սակայն հրշեջ աշխատել ցանկացողներ չկան՝ աշխատավարձը ցածր է, գործը՝ շատ ռիսկային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել