Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ՉԷ ԱՐԱՏԱՎՈՐԵԼ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԱՆՈՒՆԸ

Հուլիս 14,2011 00:00

Երեւանի պետական համալսարանի պատասխանը

\"\"

«Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրվել էր ԵՊՀ նախկին աշխատակից Նվերա Գալստյանի՝ «Հրեշտակի թեւերով՝ դեպի Եվրոպա» վերնագրով հոդվածը, եւ «Առավոտն» էլ պատրաստակամություն էր հայտնել տպագրել նաեւ ԵՊՀ տեսակետը: Այժմ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը պատասխան է ուղարկել, որտեղ մասնավորապես ասված է. «Չցանկանալով մանրամասն անդրադառնալ Նվերա Գալստյանի մի շարք հոդվածներում հրապարակված հերյուրանքներին՝ նպատակահարմար ենք համարում «Առավոտի» ընթերցողների համար համառոտ պարզաբանել խնդրո առարկան: ԵՊՀ-ի անպարտաճանաչ, անփույթ ու անբարեխիղճ նախկին աշխատակից Նվերա Գալստյանը Մայր բուհում աշխատելու տարիներին ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի բացակայի աշխատանքից՝ պարբերաբար խաղարկելով անաշխատունակության թերթիկներն ու այլ պատրվակներ (տարեկան շուրջ 100 օր բացակայել է աշխատանքից): Նրա կատարած աշխատանքներն էլ այնքան թերություններ են պարունակել, որ դրանք շտկելու համար նրա գործընկերները ստիպված են եղել լրացուցիչ աշխատել: ԵՊՀ ղեկավարությունը հաշվի առնելով իրավիճակը, տրված նկատողություններն ու խիստ նկատողությունները, ի վերջո հարկադրված նրան ազատում է աշխատանքից: ԵՊՀ-ից հեռացվելուց հետո պահանջատեր Նվերայի «բողոքական արահետը» ձգվում է դեպի օրենսդիր ու դատական ատյաններ: Բավարար հիմքեր չներկայացնելով՝ բոլոր ատյաններում ձախողված տիկինը փորձում է իր սադրանքները հրապարակային դարձնել մամուլի միջոցով:
Նվերա Գալստյանի լրագրողական վերջին սադրանքը «Առավոտի» հուլիսի 8-ի վերոհիշյալ հոդվածն է (նախկինները՝ 2010 թ. սեպտեմբերի 28-ի՝ «Գավառամիտ էլիտա եւ փաստաթղթային տեռոր» եւ 2011 թ. հունվարի 27-ի՝ «Ողջամտության կորուստ ԵՊՀ-ում»): Չցանկանալով մանրամասն անդրադառնալ վերջին եւ նախորդ հոդվածներում նշված մի շարք անհեթեթություններին, այդուհանդերձ, որպես օրինակ նշենք մի քանի փաստ: Վառ երեւակայություն ունեցող ԵՊՀ նախկին աշխատակիցը, տուրք տալով «մտացածին» ժանրին, նշում է ԵՊՀ ռեկտորի «թերի» աշխատաոճի մասին: Ի գիտություն ապատեղեկատվություն տարածող տիկին Գալստյանի՝ նշենք, որ համալսարանականներն արժեւորում են ռեկտորի ու ռեկտորատի գործունեությունը: Առնվազն պետք է կույր լինել, որպեսզի չնկատել ուսումնական գործընթացի բարեփոխումները, կրթության որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, միջազգային կապերի հաստատումը, գիտական գրադարանի եւ ուսանողական ինքնակառավարման մարմինների զարգացմանն ու առաջընթացին օժանդակելը եւ որպես գերխնդիր՝ ԵՊՀ-ն հետազոտական համալսարան դարձնելու հանգամանքը:
Նվերա Գալստյանն անպատասխանատու եւ վիրավորական արտահայտություններով զրպարտում եւ արատավորում է Մայր բուհի ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանին: Զրպարտելով ռեկտորին, երբեմնի «համալսարանականը», առանց փաստացի տվյալների, հորջորջում է ինչ-որ «ստվերային» գործելաոճի մասին՝ անամոթաբար մատնանշելով հեռակա ուսուցման համակարգի «ստվերային» լինելը: Ի՞նչ «ստվերային» գործունեության մասին կարող է խոսք լինել, երբ ռեկտոր Սիմոնյանի ղեկավարելու տարիներին է, որ ԵՊՀ-ի եկամուտների եւ ծախսերի նախահաշիվն ու նրա կատարողականը որպես մեծածավալ փաստաթղթեր (40-50 էջ ծավալով) սկսեցին հրապարակայնորեն գործածվել: Այդ փաստաթղթերը, ինչպես նաեւ համալսարանի ամենամյա գործունեության հաշվետվությունները (շուրջ 650 էջ ծավալով) քննարկվում են ֆակուլտետներում, ԵՊՀ գիտական խորհրդում եւ ԵՊՀ խորհրդում. ԵՊՀ պաշտոնական կայքի միջոցով դրանք հասանելի են հանրությանը:
Համակարգչային տարրական գրագիտություն չունեցող նախկին տեսուչը, առանց անհարմար զգալու, ԵՊՀ վարչակազմի գրագիտությունը կասկածի տակ առնելու իրավունք է իրեն վերապահում՝ չնշելով որեւէ անուն, չհիմնավորելով իր կողմից հորջորջվող մերկապարանոց հայտարարությունները: Մայր բուհի գրեթե բոլոր վարչությունների պետերն ու այլ ստորաբաժանումների ղեկավարներն ունեն գիտական աստիճաններ, իսկ համալսարանն իր լավագույն շրջանավարտներին իրենց մասնագիտական հմտությունները հարազատ կրթօջախին ծառայեցնելու հնարավորություն է ընձեռում:
Նորից նշենք, որ Նվերա Գալստյանն աշխատանքից հեռացվել է անպարտաճանաչ, անփույթ եւ անբարեխիղճ աշխատանքի համար, անօգուտ են եղել դատական բոլոր ատյաններում նրա հայցերը, եւ այս գործելաոճը մեկ բառով կարելի է որակել որպես վրեժխնդրություն»:
ԵՊՀ պատասխանում նաեւ ասվում է, որ բուհը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հետեւողական վերաբերմունք է դրսեւորելու իր համբավն արատավորողների, մասնավորապես՝ Ն. Գալստյանի «Հրեշտակի թեւերով՝ դեպի Եվրոպա» հոդվածի կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել