Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԳՐԱԳԵՏ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»

Հուլիս 14,2011 00:00

\"\"Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կոչ է անում դադարեցնել Գանձասարի սալիկապատումը

Գանձասարի վանքի պարսպի վերանորոգման հարցը՝ պարիսպը ամբողջությամբ սալիկապատելու նախագիծը մեծ արժիոտաժ է առաջացրել հասարակության շրջանում: Հիշեցնենք, որ վերականգնման աշխատանքներն իրականացվում են ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը վերջերս է իմացել հայ գործարարի նախաձեռնության մասին: Նրա բնութագրմամբ, դա ընդամենը անգրագետ հայրենասիրություն է. «Սալիկապատման եղանակով պարսպի վերանորոգումն ուղղակի անթույլատրելի է, քանի որ խախտված է հուշարձանների վերականգնման գիտական սկզբունքը, որի արդյունքում աղավաղվել է մշակութային արժեքը: Այդ տեսակ աշխատանքների վատ նախադեպեր արդեն ունենք: Օրինակ՝ Արցախի Ասկերանի շրջանի Շոշկա վանքը: Ներկայումս այդ եկեղեցին բոլորովին չի արտացոլում իր նախնական կառույցի ոգին եւ միայն եկեղեցու ներսում տեղադրված արձանագրությունն է հուշում, որ այն 1678 թվականի կառույց է»: Ս. Կարապետյանը օրինակին զուգահեռ ցուցադրեց նաեւ Շոշկա վանքի հին եւ նորոգված տարբերակով լուսանկարները եւ հավելեց. «Եթե չասեի, որ սա նույն վանքն է, հաստատ չէր հասկացվի: Էլի կան նախադեպեր՝ Շուշիում գտնվող Պարինպիշ վանքը, Ջրվեժի խաչաձեւ եկեղեցին եւ այլն: Վերականգնողական աշխատանքներ կատարելիս չի կարելի հեռանալ արմատներից: Գանձասարի շրջապարիսպը սալիկով երեսպատելու գաղափարը հանցագործություն է, որ կատարվում է հայրենասիրական մղումներով: Աբսուրդի մեջ ենք, ախր նրանք շահույթ չունեն, անձնական փառասիրությո՞ւնն են ուզում բավարարել»:
Հարցին՝ ո՞ւմ թելադրանքով են շարժվում նորոգումն իրականացնողները, Ս. Կարապետյանի կարծիքով՝ մեկենասի, որը վայելում է նաեւ թեմի առաջնորդի հովանավորությունը. «Օրինակ, Տաթեւի վանքի վերանորոգման ժամանակ էլ հոգեւորականն ասաց, որ ինքն այդտեղ ապրում է եւ պետք է նորոգվի այնպես, որ իր կեցավայրը հարմարավետ լինի: Արդյունքում ունենք սալիկապատ հատակ, այն էլ՝ թուրքական նախշերով»:
Ս. Կարապետյանը հիշատակեց, որ Գանձասարի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ չի մտնում, իսկ եթե թույլատրվի պարիսպը վերանորոգել ըստ նախագծի, համաշխարհային արժեք համարվող Գանձասարը դուրս կմնա ցանկից, որովհետեւ կհամարվի «նորովի թխած պարիսպ»:
Ս. Կարապետյանը Գանձասարի վանքի պարսպի փրկությունը տեսնում է «Գորիսի սվաղի» միջոցով. «Գանձասարի պարիսպը 13-րդ դարի կառույց է, որը նորոգվել է 17-18-րդ դարերում, ապա նաեւ՝ 20-րդ դարում։ Նորոգվել են գավթի ծածկերը, զանգակատունը, բայց իր հիմնական տեսքին այնքան հարազատ են եղել, որ փոփոխությունը նույնիսկ չի նկատվել: Եթե պարսպի պատը ուռած է կամ այլ խնդիր կա, դա չի նշանակում, որ այն պետք է նորովի երեսպատել: Կարելի է սրսկումների միջոցով խնդիրը լուծել կամ տվյալ հատվածը քանդել-վերաշարել, ինչը համարվում է ծայրահեղ մեթոդ: Ղարաբաղի եւ Սյունիքի շրջանի ճարտարապետական կառույցները, որոնք իրար շատ նման են, հիմնականում կառուցված են Գորիսի անմշակ քարերով: Այս դեպքում պետք էր ոչ թե սալիկապատել, այլ թարմացնել «Գորիսի սվաղով»:
Ս. Կարապետյանը անձամբ չի տեսել Գանձասարում իրականացվող վերանորոգման աշխատանքները, միայն նկարներով է ուսումնասիրել: Վստահեցնում է՝ «Նորոգման շարունակման դեպքում կունենանք ոչ թե 13-րդ դարի պատմական վանք, այլ 21-րդ դարի շքեղ եկեղեցի: Ստացվում է՝ հովանավորողը նույնիսկ ի պաշտոնե հուշարձանների պահպանության գործն իր վրա վերցրած պետական մարմնի մասնագիտական խոսքը հաշվի չի առնում»:
Հուշարձանագետը կոչ է անում անհապաղ դադարեցնել վերանորոգման աշխատանքները:

Հ. Գ. Ի դեպ, երեկ երեկոյան ստացանք ԼՂՀ կառավարչությանն առընթեր զբոսաշրջության վարչության հաղորդագրությունը, որում  ասված է, որ հաշվի առնելով մասնագետների կարծիքը, Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպների երեսապատումը տրավերտինե սալիկներով դադարեցվում է:  Հետագա անելիքները կորոշվեն համապատասխան հեղինակավոր մասնագետների եզրակացության հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել