Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԱԶԱՐ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Հուլիս 15,2011 00:00

\"\"Հուլիսի 7-ին Աշխաբադի Աբադան ծայրամասային թաղամասում տեղակայված ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 1382 մարդ է զոհվել, որոնցից մեկ երրորդը՝ երեխաներ: Newsru-ի փոխանցմամբ, այդ մասին պնդումներ է արել «Թուրքմենստանի խրոնիկա» իրավապաշտպան կազմակերպությունը: Այդպիսով, Թուրքմենստանի իշխանությունների եւ իրավապաշտպան կազմակերպության տվյալները՝ պայթյունների արդյունքում զոհերի թվի մասին, ավելի քան 90 անգամ տարբեր են. իշխանությունները հաղորդում են 15 զոհի մասին, որոնցից 2-ը զինվորականներ են, 13-ը՝ քաղաքացիական անձինք:

Իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, պայթյունները տեղի են ունեցել տարրական անփութության եւ արկերի հետ վարվելու անվտանգության տեխնիկական կանոնները չպահպանելու արդյունքում: Կառավարությունը գտել է «քավության նոխազին». դա պաշտպանության փոխնախարար Մերդան Աղաեւն է, որն արդեն պաշտոնանկ արված ու կալանավորված է: Ընդսմին, Թուրքմենստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ ռազմական պահեստների մասին ոչ մի խոսք չկա: Ըստ պաշտոնական աղբյուրների, եղանակային բարձր ջերմաստիճանի արդյունքում դետոնացվել է պիրոտեխնիկան:

Զոհված երեխաների թվում նաեւ նորածիններ կան. երկու հրթիռ ընկել է ծննդատան վրա, եւս մեկ արկ դարձել է ավելի քան 30 երեխայի մահվան պատճառ: Ու թեեւ թուրքմենական ընդդիմությունն ընդունում է, որ պաշտոնական աղբյուրներից պայթյունների եւ դրա հետեւանքների մասին օբյեկտիվ տեղեկություն ստանալ հնարավոր չէ, այդուհանդերձ, կասկած է հայտնել նաեւ իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տվյալների առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել