Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցասպարեզում կանայք են

Հուլիս 15,2011 00:00

\"\"Միլիոնավոր ֆուտբոլասերներ են հետեւում Գերմանիայում ընթացող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությանը, իսկ Հայաստանում այդ մասին պատկերացում գրեթե չունեն:

Այս օրերին Արգենտինայում ընթանում են ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղերը: Բայց անգամ դա, կարծես, առանձնակի չի ոգեւորում հայ ֆուտբոլասերին: Գուցե «շոուն», հարավամերիկյան ֆուտբոլը կամ էլ մեր մենտալիտետն արդեն այն չէ:

Թվում է, թե մեր ակումբների խաղամակարդակի հետ կապված, ժողովուրդն այս օրերին ֆուտբոլով չի շնչում, ինչպես մեկ տարի առաջ էր, չի ապրում ու չի ապրի մեկ տարի հետո:

Ֆուտբոլով հետաքրքրվողներից շատերը չգիտեն անգամ, որ այս օրերին Գերմանիայում ընթանում է ֆուտբոլի ամենաիսկական աշխարհի առաջնություն, որին մասնակցում են ուժեղագույն ազգային հավաքականները: Բայց մի նկատառում միայն. մասնակիցները կանայք են ու դա կանանց աշխարհի առաջնությունն է:

Հուլիսի 17-ին առաջնության եզրափակիչ հանդիպումն է, որին մասնակցելու իրավունք վաստակել են ԱՄՆ-ի ու Ճապոնիայի հավաքականները, որոնք կիսաեզրափակչում միեւնույն 3:1 հաշվով հաղթանակ են տոնել, համապատասխանաբար, Ֆրանսիայի ու Շվեդիայի թիմերի նկատմամբ:

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո այս մրցաշարն անցկացվում է 1991 թվականից: Տարեցտարի ավելի ու ավելի շատ մարդիկ են հետեւում դրան թե մարզադաշտերում, թե հեռուստաէկրանների մոտ… Բայց՝ ոչ Հայաստանում:

«Առավոտը» որոշեց փոքրիկ հարցախույզ անցկացնել կանանց ֆուտբոլի պոտենցիալ սիրահարների շրջանում՝ պարզելու, թե որքանո՞վ են տեղյակ այս օրերին ընթացող կանանց աշխարհի առաջնության նախապատմությունից:

«Ռեալի» երկրպագու Սոֆին առաջինն էր, որ փոքրիշատե տեղյակ էր առաջնության մասին: «Մանրամասն չեմ հետեւում, կանանց ֆուտբոլն այնքան էլ չի հետաքրքրում, բայց գիտեմ, որ առաջնությունն անցկացվում է ու արդեն փլեյ-օֆֆ փուլն է: Տեղյակ եմ նաեւ, որ Մարթան, ինչպես միշտ, գերազանց էր հանդես գալիս, բայց Բրազիլիան դուրս մնաց: Այսքանն էլ համացանցում հատուկ չեմ փնտրել-գտել, ուղղակի TV-ով եմ լսել մարզական նորությունների ժամանակ»,- ասաց Սոֆին:

Լեւոն անունով մեկ այլ ֆուտբոլասեր ասաց, որ նախընտրում է հետեւել Ամերիկայի գավաթի հանդիպումներին, թեեւ հետաքրքրության տեսանկյունից վերջինս չի արդարացրել նրա սպասելիքները ու շատ հավանական է, որ կանանց աշխարհի առաջնությունն ավելի գրավիչ լիներ:

Մեր հարցման մասնակիցներից միայն ստաժավոր ֆուտբոլասեր, Բրազիլիայի հավաքականի մոլի երկրպագու Գրիգորը նշեց, որ ոչ միայն տեղյակ է ավարտին մոտեցող կանանց աշխարհի առաջնությունից, այլեւ ամեն խաղային օր հետեւում է հանդիպումներին ու գերազանց տպավորություններ ունի: «Առջեւում եզրափակիչն է ու մասնակցելու են այն թիմերը, որոնք, իսկապես, արժանի էին: Քառորդ եզրափակչի Բրազիլիա-ԱՄՆ խաղում մրցավարը մի քիչ համը հանեց՝ 11-մետրանոցով, որը Մարթան իրացրեց: Բայց, միեւնույն է, ամերիկուհիները չզիջեցին քանակական առավելություն ունեցող բրազիլուհիներին՝ խաղավարտից առաջ հավասարեցրին հաշիվն ու հետխաղյա 11-մետրանոցներով մտան կիսաեզրափակիչ: Այնպես որ, հիմա արդեն Մարթան չի ճանաչվի աշխարհի կանանց վեցակի լավագույն ֆուտբոլիստ»,- փաստեց Գրիգորը՝ վերջում նշելով, որ, այնուամենայնիվ, կանանց ֆուտբոլն այնքան դիտարժան չէ, որքան տղամարդկանցը…

Փաստ է, որ Հայաստանում լավագույն դեպքում մի թեթեւ տեղեկանում են կանանց ֆուտբոլի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից: Իսկ երբ խոսքը մեր աղջիկների ու կանանց հավաքականների ելույթների մասին է, բավարարվում են հեգնական մեկ-երկու նախադասությամբ: Մինչդեռ, կանանց ֆուտբոլը Հայաստանում ուտոպիա չէ, այն կայանալու տեղ ու հնարավորություն ունի: Միայն անհրաժեշտ է տարրական պայմաններ ստեղծել, որպեսզի հավաքականիդ լավագույն ֆուտբոլիստուհին չթողնի ֆուտբոլն ու նախընտրի աշխատել խանութում՝ որպես վաճառողուհի, որովհետեւ այնտեղ գոնե 90 հազար դրամ գումար կարող է վաստակել ու իրեն հաստատ չի սպառնա հերթական սոված մարզումն ու հերթական ուշագնացությունը՝ մարզման ժամանակ… «Առավոտը» քանիցս անդրադարձել է Հայաստանում կանանց ֆուտբոլի խնդիրներին ու առաջիկայում նույնպես ուշադրության կենտրոնում կպահի այդ հարցը… Մանավանդ որ, արդեն հոկտեմբերին մեկնարկում է 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը… Ցավոք, մեզ համար՝ կրկին առանց սպասումների…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031