Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՅԱԲԱԲԱԽՈՐՈՎԱԾԱՅԻՆԸ ՈՐՈՇԻՉ ՉԻ ԼԻՆԻ

Հուլիս 16,2011 00:00

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմագծի մասին ասում է վերջինիս նորանշանակ գեղարվեստական ղեկավարը

\"\"

Հայաստանի խորհրդայնացման 60-ամյակի տարում՝ 1980թ., շահագործման հանձնվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Միայն վերջերս այս հսկա կառույցում առաջին անգամ նշանակվել է գեղարվեստական ղեկավար: Ինչո՞ւ 30 տարի անց հարկ եղավ այս պաշտոնի «ստեղծումը» եւ մի շարք ինչուների պատասխաններն ակնկալելով, հանդիպեցինք նորանշանակ գեղարվեստական ղեկավար Լեւոն Իվանյանի հետ: Այս անունը 1970-ականներից հայտնի է հիմնականում մշակութային ոլորտում նրա գործունեությունից: Թվարկենք ընդամենը մի քանիսը. Մնջախաղի թատրոն, կրթական համակարգեր, Հայորդաց տներ, «Նարեկացի» արվեստի կենտրոն, տարբեր հանդիսությունների ռեժիսոր-կազմակերպիչ, ընդհուպ մինչեւ Ազգային օպերային թատրոնում Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերային ներկայացման բեմադրիչ եւ այլն:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ, հենց զրույցի սկզբում հարցրինք, թե որքա՞ն ժամանակ է հատկացնելու նոր աշխատանքին կամ՝ գուցե սա վերջի՞ն հանգրվանն է: «Երբեք ինձ չի հաջողվել որոշել կյանքիս այս կամ այն շրջանի անելիքներն ու ժամկետները… Ինչ-որ ուժ կարծես մշտապես կառավարել է ինձ: Մինչ օրս այդպես էլ չեմ կարողանում հասկանալ՝ իմ բաժինը ո՞րն է այդ անսովոր լուծումներում: Միայն գիտեմ, որ գրեթե միշտ հայտնվում եմ հիմնադիր իրավիճակում կամ բարդագույն խնդիրների լուծման կիզակետում»,- ասաց Լ. Իվանյանը: Խնդրեցինք համառոտ ներկայացնել՝ ի՞նչ կարգավիճակ է ենթադրում համալիրի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Պարոն Իվանյանը նախ նշեց, թե պաշտոնի անվանումը խիստ պայմանական է, հավելելով՝ համալիրը հայտնի է ոչ միայն գեղարվեստական, մարզական, այլեւ հանդիսավոր երեկոների եւ այլ ծրագրերի կազմակերպմամբ (Էքսպո ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, կորպորատիվ հանդիսություններ եւ այլն): Գերխնդիրը պետք է լինի ինքնուրույն՝ համալիր ծրագրերի ստեղծումն ու իրականացումը: Մյուս կողմից այնքան մեծ են համալիրի շենքատարածքային մասշտաբները, որ մինչ օրս անցկացվող տարբեր միջոցառումների վարձավճարներով, որքան էլ դրանք առատ լինեն, հնարավոր չէ պահել-պահպանել այդ հսկայական տեխնիկական, սպասարկման տնտեսությունը: Խնդրեցինք ներկայացնել, իր խոսքերով՝ համալիր ծրագրերը համառոտ: «Դրանց իրականացումը նախ ենթադրում է կարողանալ կազմել երկարաժամկետ, համակարգված, բազմօրյա եւ նախապես պայմանավորված նախագծեր: Միաժամանակ աշխատում ենք հայաստանյան ռոք խմբերի մրցույթ-փառատոնի, համահայկական ջազ փառատոնի, Արգենտինյան տանգոյի, Բրազիլական կառնավալի, «Սառցե հրաշք» մանկական սպորտային նախագծերի անցկացման ուղղությամբ: Թվարկածներս միայն այս տարվա մնացած 5-6 ամիսների ընթացքում են նախատեսված»,- տեղեկացրեց ղեկավարը: Ասաց նաեւ, որ մինչեւ սեպտեմբեր կգործի խիստ գործնական ինտերակտիվ կայքը, որտեղ տեղ կգտնեն մինչեւ 2014թ. նախնական, առանցքային, ավանդական դարձող եւ միջազգային պայմանավորվածություն ձեռք բերած ծրագրերը:
Լ. Իվանյանը վստահեցրեց, որ որպես համալիրի գեղարվեստական ղեկավար, երբեք չի միջամտելու այլոց ծրագրերին, սակայն մասնակցելու է համալիրի վարկանիշին վերաբերող ծրագրերի քննարկմանն ու հայտնելու սեփական եզրակացությունը: Մեր դիտարկմանը, թե միշտ քննադատելով մասսայական միջոցառումների ու որոշ համերգների քյաբաբախորովածային բնույթը (ձեւակերպումը Իվանյանինն է), այնուամենայնիվ, ստանձնել է Մարզահամերգային համալիրի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, որի դահլիճները մշտապես լցնում են ռաբիսի ներկայացուցիչները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման համերգներ էլի կլինեն, բայց համալիրի դեմքը չեն դառնա, ինչպես նախկինում… Ինչ վերաբերում է նրան, որ միջոցառումներից քյաբաբախորովածային բույր է գալիս, նման բաներ Եվրոպայում էլ կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել