Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 16,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներորդ

ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՍԱԾՆԵՐԸ

Եվ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «գրող մարդ ես, բայց ահագին բաներ չես հասկանում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ չեմ հասկանում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չես հասկանում, որ եթե ես չուզենայի, ինձի չէիք կարա խանգարեիք», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց չէինք կարա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «գրող մարդ ես, բայց էդ հասարակ բանը չես հասկանում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հասարակ բան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «հենց զգացի, որ իզուր տեղն եմ ձեր առաջ անկեղծանում, ձեզ շանս տվեցի, որ ինձի խանգարեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդ պիտի ճիշտ ժամանակին  իրա սխալից հետ կայնի», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «այսինքն, ճիշտ ժամանակին գլխի ընկար, որ մեր հետ չարժի անկեղծանալ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝  «անկեղծությունը փոխադարձություն ա սիրում», եւ Սաքոն հարցրեց՝ «այսինքն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «այսինքն, եթե դեմինդ անկեղծ չի, դու անկեղծանալու իրավունք չունես», եւ Սաքոն  մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էս վոլգոգրադցիք սաղն են փիլիսոփա», եւ Գեւորը հարցրեց՝ «ուրիշ ո՞վ ա փիլիսոփա», եւ Սաքոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «Տիգրան Կարապետիչը», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտ ես ասում. Կարապետիչն էլ ա Վոլգոգրադի կադր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Տիկոն մեր Կայարանի կադրն ա», եւ Գեւորը Գագոյին հարցրեց՝ «իրան Կայարանից հիշո՞ւմ ես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Կայարանից չեմ հիշում, բայց Պավլիկի դաչայում մի անգամ հանդիպել ենք», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, էդ Պավլիկի դաչան պատմական վայր ա», եւ Սաքոն խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «բոյովի հաշվով ե՞ս ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «բոյովի թեման փակել ենք», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «Սաքուլի համար փակ թեմա գոյություն չունի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բոյովը որ չըլներ՝ ինչի՞ց պիտի խոսայինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նստելու էինք՝ իրար էրեսի նայեինք», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «էրեւում ա՝ բոյովի կենացը մի հատ էլ պիտի խմվի», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «Գագոն իրա պատասխան խոսքը կասի կպրծնի՝ հետո», եւ Գագոն մի քիչ մտածեց  ու նեղսրտած ասաց՝ «ես իմ խոսքն արդեն ասել՝ պրծել եմ», եւ Սաքոն զարմացած նայեց մեզ ու ասաց՝ «բա ասում եք՝ խանգարել ենք. փաստորեն,  մեր ախպերն իրա պատասխան խոսքն ասել՝ պրծել ա», եւ Գեւորն ասաց՝ «լրիվ չի ասել», եւ Գագոն զզվանքով նախ Սաքոյին նայեց, հետո զզվանքով նայեց Գեւորին ու ասաց՝ «ձեզի էդքանն էլ էր շատ», եւ Գեւորը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «Գագոն շատ ճիշտ ա ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «արդեն շատ ենք ջրիկանում», եւ Դերոն ասաց՝ «հեչ էլ չենք ջրիկացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես էսօրվա մեր էս հանդիպումից շատ էլ գոհ եմ», եւ Գեւորը Դերոյին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ես գոհ», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն իմաստով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ահագին ծիծաղեցինք՝ թեթեւացանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հազար տարի իրար չէինք տեսել» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «որ էսօր Գագոն մեզ ըսենց իրար գլխի չհավաքեր, մեկ էլ կարող ա մեր թաղումների վախտ իրար տենայինք», եւ Գեւորն ասաց՝ «բերանդ խերով բաց»,  եւ ես ծիծաղելով Դերոյին ասացի՝ «հիմի էլ դու անկեղծացա՞ր», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «Գագոյից վարակվեց», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անկեղծությունն էնքան էլ վատ բան չի՝ ինչքան Գագոն ա կարծում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «նայած թե՝ ում առաջ ես անկեղծանում», եւ Դերոն մի  քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ կարեւոր չի՝ ում առաջ ես անկեղծանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդը որ անկեղծանում ա, ոչ թե ինչ-որ մեկի առաջ ա  անկեղծանում, այլ՝ ինքը իրա առաջ», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «Դերոն էլ պակաս գրող չէր ըլնի», եւ Դերոն առանց Սաքոյին նայելու ասաց՝ «մարդը ոչ թե ուրիշների համար ա անկեղծանում, այլ՝ ինքը իրա համար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հո չե՞ս կարա մտածածդ սաղ կյանքում մեջդ պահես ու չարտահայտես», եւ Սաքոն ծիծաղելով Դերոյին ասաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «դու ի՞նչ ես ասում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «հենց մտածածդ մեջիցդ հանում ու արտահայտում ես, դառնում ես գրող», եւ ես ծիծաղելով Սաքոյին ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «հեչ էլ ճիշտ չի ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գրողն էն մարդն ա, որ իրա մտածածն իրա մեջից հանում ու գրավոր ա արտահայտում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «կարեւորը անկեղծանալն ա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա գրող չըլնես, բայց անկեղծանաս», եւ ես ժպտալով ասացի՝ «հակառակն էլ ա հնարավոր», եւ Սաքոն հարցրեց՝ «հակառակը ո՞րն ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կարող ա գրող ըլնես, բայց չանկեղծանաս», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ըտենց հնարավոր ա՞», եւ ես ասացի՝ «լիքը գրողներ կան, բայց հազարից մեկն ա անկեղծանում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ոնց որ մյուս մարդիկ են  իրարից տարբեր, ըտենց էլ գրողներն են իրարից տարբեր», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «դու անկե՞ղծ գրող ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեմ կարա ասեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ընթերցո՛ղը պիտի որոշի», եւ Դերոն մի  քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, Սաքուլը պիտի որոշի՝ Արմոն անկե՞ղծ գրող ա, թե՝ չէ», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «Արմոն մինչեւ մեր մասին չգրի, ես չեմ կարա որոշեմ՝ ինքը անկե՞ղծ գրող ա, թե՝ չէ», եւ Գագոն թարս նայեց Սաքոյին ու անսպասելի գոռաց՝ «էլի սկսեցի՞ր», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը սկսեցի», եւ Գագոն վրդովված ասաց՝ «զոռով շիրա ես տալի, որ էս մարդը մեր մասին ինչ-որ բան գրի», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «Սաքուլը ճիշտ ա ասում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Դերոն ասաց՝ «մինչեւ մեր մասին չգրի, չենք իմանա՝ Արմոն անկե՞ղծ գրող ա, թե՝ չէ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, շիրա եք  տալի, որ մեր մասին գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «շիրա տան՝ չտան, մեկ ա՝ գրելու եմ, Գագո ջան», եւ Դերոն ծիծաղելով ինձ հարցրեց՝ «անկեղծ ե՞ս գրելու», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ անկեղծ գրի՝ սաղս էլ կտուժենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքն էլ հետներս ա տուժելու», եւ Դերոն Գագոյին հարցրեց՝ «ինչի՞ պիտի տուժենք», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էսքան վախտ ըստեղ նստած խոսում ենք, բայց ոչ մեկս մի հատ խելքը գլխին բան չի ասել», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «բայց դու ու Դերոն ահագին անկեղծ բաներ ասեցիք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Դերոն չի հասկանում, որ չի կարելի արժողչարժողի առաջ անկեղծանալ», եւ Դերոն լրջանալով Գագոյին ասաց՝ «էլի ասե՞մ», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ պիտի ասես», եւ Դերոն ասաց՝ «մարդը ինքը իրա համար ա անկեղծանում, ոչ թե՝ ուրիշների», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Դերոյին ասաց՝ «եթե քո համար ես անկեղծանում, կարաս մտքիդ մեջ անկեղծանաս, ոչ թե՝ բարձրաձայն», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ բարձրաձայն ես անկեղծանում, մի տեսակ հանգստանում ես», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞նց ես հանգստանում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «որ որոշ մարդկանց էրեսներին մի քանի ճիշտ ու անկեղծ բառ ես շպրտում, խիղճդ մի տեսակ հանգստանում ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած թե՝ ում էրեսին ես շպրտում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «Դերոն նույնիսկ զակոննի գողերի էրեսներին ա շպրտել», եւ Գագոն մի քիչ մտածեց, վախեցած նայեց Դերոյին ու հարցրեց՝ «ե՞րբ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «բերդում», եւ Գագոն վախեցած հարցրեց՝ «հետո՞», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «էլ ի՞նչ հետո. ոնց որ տենում ես՝ էսօրվա դրությամբ մեր Դերոն սաղսալամաթ ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Դերոյին ասաց՝ «էդ ձեւով որ շարունակես, շատ կտուժես», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոնց էլ շարունակեմ, մեկ ա՝ տուժելու եմ» եւ մի  քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «սրանից ավել ի՞նչ պիտի տուժեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Դերոյին ասաց՝ «ըտենց մի ասա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան էլ տուժած ըլնես, ավելի շատ տուժելու տեղ միշտ կա ու կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ Արմենը մեր մասին անկեղծորեն գրի, տուժելն է՛դ վախտ կտենաս», եւ Դերոն մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «մինչեւ հիմի որ մեր մասին չի գրել, կարող ա՞ շահել ենք», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Գագոն շահել ա», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա շահել», եւ Սաքոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Վոլգոգրադի մասշտաբով հեղինակություն ա դառել», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեջներիցս ամենատուժածը Գագոն ա», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասում, որ տուժած ա», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «նոր ինքն էր ասում», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ էր ասում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «ասում էր, որ ամեն օր տանջվում ա», եւ Սաքոն զարմացած նախ Գագոյին նայեց, հետո զարմացած նայեց Դերոյին ու հարցրեց՝ «ինչի՞ ա տանջվում», եւ Դերոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հայրենիքի կարոտից», եւ Գեւորը վրդովված ասաց՝ «որ մի քանի ամիս օտարության մեջ ապրեք, նոր կհասկանաք՝ հայրենիքի կարոտն ինչ բան ա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Դերոն ինչքան էլ օտարության մեջ ապրի, էդ բանը չի հասկանա», եւ Դերոն ժպտալով Սաքոյին հարցրեց՝ «ինչի՞ չեմ հասկանա», եւ Սաքոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ մինչեւ կոկորդդ հայրենիքից կուշտ ես»,  եւ Գեւորը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «որ մի քանի ամիս օտարության մեջ ապրի, կսովածանա», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «պարզվում ա՝ մեջներիցս ամենասովածը Գագոն ա», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «որովհետեւ ոչ մի բան չկերավ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «սաղիս կշտացրեց, բայց ինքը սոված մնաց», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդու համար կշտանալը չի կարա կյանքի նպատակ ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ փող ունենալն էլ չի կարա կյանքի նպատակ ըլնի», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «Արմոյի տեղակ դու պիտի վեպ գրեիր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գրողին վայել մտքեր ես ասում, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս ասածներս շատ հասարակ բաներ են», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «մինչեւ շատ փող չունենաս, էդ հասարակ բաները չես կարա հասկանաս», եւ Գագոն զարմացած նայեց Դերոյին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա», եւ Դերոն ժպտալով Գագոյին ասաց՝ «չհասկանալու ի՞նչ կա. հասարակ բան եմ ասում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ ես ասում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասում եմ՝ մինչեւ շատ փող չունենաս, չես հասկանա, որ փողը սուտ բան ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Դերոյին հարցրեց՝ «դու որ փող չունես, բա ո՞նց ես էդ բանը հասկացել», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վախտին ունեցել եմ», եւ ես ասացի՝ «մարդ կա՝ առանց փող ունենալու էլ ա էդ բաները հասկանում»,  եւ Գագոն ինձ հարցրեց՝ «ո՞վ ա առանց փող ունենալու հասկանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Դերոն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց Դերոն վախտին ունեցել ա», եւ Սաքոն ասաց՝ «վախտին սաղս էլ ունեցել ենք», եւ Գագոն թարս նայեց Սաքոյին ու խորամանկ ժպտալով ասաց՝ «ինձ թվում ա՝ դու հիմի էլ ունես», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան որ ունեմ, ինձ լրիվ հերիք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առանձնապես չեմ դժգոհում», եւ Գագոն թարս նայեց Սաքոյին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա՝ չես դժգոհի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչի՞ պիտի դժգոհես. մի հատ հասարակ կռիլո դզելը մարդկանց վրա օթուզբեշ եք նստացնում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ունեցած տեղից են  տալի», եւ Գագոն մի քիչ մտածեց  ու քամահրանքով ասաց՝ «չունեցողների կաշին էլ պակաս չեք քերթում», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «Սաքոյի արհեստը հավերժական արհեստ ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ա հավերժական», եւ ես ժպտալով ասացի՝ «քանի դեռ մարդկությունն ավտո ա քշում, Սաքոն գործ կունենա», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «մանավանդ՝ Հայաստանում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդիկ ինչքան վատ են քշում, էդքան Սաքոյի գործը շատանում ա», եւ Գեւորը խոսակցությանը խառնվելով ասաց՝ «ատամնաբուժների գործն էլ ա հավերժական», եւ Գագոն թարս նայեց Գեւորին ու ոչինչ չասաց, եւ ես ասացի՝ «մանավանդ՝ Հայաստանում» եւ ծիծաղելով ավելացրի՝ «մարդիկ ինչքան շատ ատամով պոպոք ու պնդուկ ջարդեն, էնքան ատամնաբուժների գործը լավ կըլնի», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «բայց ամենահավերժականը դագաղ սարքողների գործն ա», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «մանավանդ՝ Հայաստանում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդիկ  ինչքան շատ իրար փոր թափեն, էնքան դագաղ սարքողների գործը կլավանա», եւ ես ժպտալով ավելացրի՝ «մարդիկ ինչքան շատ սովից կոտորվեն, էնքան դագաղագործությունը կզարգանա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «գրողների գործը հավերժական չի՞», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «մանավանդ Հայաստանում ա հավերժական» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մենք ըսենց մեր համար ասում ու խոսում ենք, Արմոն մեր էս սաղ խոսակցությունները գրելու ու փող ա ստանալու», եւ Գագոն զզվանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «դու շիրա՜ տուր, շիրա՜ տուր», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շիրա տամ՝ չտամ, մեկ ա՝ գրելու ա», եւ Գագոն սրտնեղած հարցրեց՝ «ի՞նչ ա գրելու», եւ Սաքոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեր էս սաղ խոսակցությունները», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «մեր էս տափակություններն ե՞ս գրելու», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ինքը սրանից բեթար տափակություններ էլ ա գրել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասում ա, երեւի մի բան գիտի», եւ Գագոն մի քիչ մտածեց, կասկածանքով նայեց ինձ ու ասաց՝ «որ ըտենց ես ասում, ուրեմն դու էլ մի բան գիտես», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «մի քիչ պարզ խոսա, Գագո ջան», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «պարզ չեմ խոսո՞ւմ», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «մի քիչ ավելի պարզացրու, որ Արմոն ասածներդ հասկանա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «գրելու ա, չէ՞», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բա ասում եք՝ ինքը մենակ տափակություններ ա գրում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «տափակությունները տափակ ա գրում, սուրերը՝ սուր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինչ որ լսում ա, էդ էլ գրում ա», եւ Գագոն ինձ ասաց՝ «փաստորեն, մարդկանց ասածները մեկին մեկ արտագրում ես», եւ ես ժպտալով Գագոյին ասացի՝ «ճիշտ գլխի ընկար», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ կարամ ըտենց գրեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «դու որ գրես, հաստատ ինձնից լավ կգրես», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու հարցրեց՝ «ինչի՞ ես էդ կարծիքին», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով Գագոյին ասաց՝ «որ Արմոյի գրածները կարդաս, կհասկանաս՝ ինչի եմ էդ կարծիքին», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ցավոք սրտի, Արմենի էդ գրածները կարդալու հնարավորություն չունեմ», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չունես», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «ցավոք սրտի, էդ «Առավոտ» թերթը Վոլգոգրադ չի հասնում», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «Կրասնոդարի կողմերը դեմն առնում են», եւ ես ժպտալով Գագոյին ասացի՝ «որ մտքիդ տեղ ըլնի, կարաս կարդաս», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ ես ասացի՝ «էդ գրածներս ինտերնետի մեջ կան», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «հաստա՞տ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հաստատ»,  եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «որ Արմոն մեր էս  տափակությունները գրի, ինտերնետով մեկ խայտառակ ենք ըլնելու», եւ Գագոն զզվանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «դու շիրա՜ տուր, շիրա՜ տուր», եւ ես ժպտալով Գագոյին ասացի՝ «իրա շիրա տալը ոչ մի կապ չունի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «այսինքն, գրելո՞ւ ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ չգրեմ, կարող ա տղերքը նեղանան» եւ ժպտալով ավելացրի՝ «մանավանդ՝ Սաքոն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «կարող ա՞ Սաքոյի համար ես գրում», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «Սաքուլն Արմոյի հիմնական ընթերցողն ա», եւ Սաքոն միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «որ էսքանից հետո էլ Արմոն մեր մասին չգրի, վիզս կտրեն՝ էլ իրա գրածները չեմ կարդա», եւ ես ժպտալով Գագոյին ասացի՝ «էդքան շատ ընթերցող չունեմ, որ իրանց ասածը հաշվի չառնեմ», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «գրողներն առանց սոտըվիի կարան մի կերպ յոլա գնան, բայց առանց ընթերցողի չեն կարա», եւ ես ժպտալով ասացի՝ «սոտըվիի թեման փակել ենք», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «սոտըվիի թեման փակել ենք, բայց ընթերցողի թեման նոր ա բացվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գրողը որ ընթերցող չունենա, էդ գրողն ո՞ւմ ա պետք» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «շատ ճիշտ ես ասում», եւ Գագոն խղճահարությամբ ինձ նայեց, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, Սաքոյի հույսին ես մնացել», եւ ես ժպտալով ասացի՝ «ըտենց ա ստացվում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ընթերցողներն էլ գրողների՛ կլիենտներն են», եւ  Դերոն ծիծաղելով Սաքոյին ասաց՝ «ոնց որ ձեր համար՝ լիխաչ շոֆերները», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ոնց որ ատամնաբուժների համար՝ ատամով  պոպոք ու պնդուկ ջարդողները», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «դագաղ սարքողների կլիենտներն էլ  մեռելներն են» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ոնց որ իմ համար՝ փեչ վառողներն ու ցախ առնողները», եւ Գագոն խղճահարությամբ նայեց Դերոյին ու հարցրեց՝ «լսել եմ՝ ցախ ես ջարդում», եւ Դերոն լրջանալով ասաց՝ «շատ ճիշտ ես լսել» եւ մի քիչ մտածեց ու Գագոյին հարցրեց՝ «ամոթ բան ա՞» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ բոզություն եմ անում», եւ Գագոն կմկմալով ասաց՝ «ես ըտենց բան չեմ ասել, Դերո ջան», եւ Դերոն զզվանքով Գագոյին նայելով հարցրեց՝ «խի կարող ա ասեիր է՞լ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Դերոյին հարցրեց՝ «կռիվ  ե՞ս ման գալի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե կռիվ ես ման գալի, ասա՝ իմանանք», եւ Գեւորը միջամտելով ասաց՝ «վերջացրեք, ամոթ ա», եւ Սաքոն ասաց՝ «Գագոն շատ ճիշտ ա ասում», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Սաքոն ասաց՝ «ճիշտ ա ասում, որ հայերը քեֆ անել չգիտեն», եւ Դերոն մի քիչ մտածեց ու անսպասելի ժպտալով ասաց՝ «լավ էլ քեֆ ենք անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելպակաս խոսացինք՝ անցավ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մեր էս ավելպակաս խոսացածներն Արմոն իրա վեպի մեջ մեկ առ մեկ գրելու ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մի բան էլ իրանից ա  ավելացնելու», եւ Գագոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ա ավելացնելու», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ Աստծուն ա հայտնի» եւ ժպտալով Գագոյին ասաց՝ «իրան հարցրու», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «Աստծո՞ւն», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «չէ. Արմոյին», եւ Գագոն վախվորած նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչ ես ավելացնելու», եւ Դերոն ծիծաղելով  Գագոյին ասաց՝ «կմտնես ինտերնետ՝ կիմանաս», եւ Գագոն ինձ նորից հարցրեց՝ «ի՞նչ ես ավելացնելու», եւ ես ժպտալով ասացի՝ «էս էղածն էլ որ գրեմ՝ ինձ լրիվ հերիք ա», եւ Գագոն հարցրեց՝ «այսինքն, բան չես ավելացնելո՞ւ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ոչ ավելացնելու եմ, ոչ էլ պակասացնելու եմ», եւ Գագոն մի քիչ խաղաղվելով ինձ հարցրեց՝ «բա էս ի՞նչ են ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «հոգուդ հետ են խաղում», եւ Գագոն մի քիչ  մտածեց ու հարցրեց՝ «էլի ասե՞մ՝ ինչի հետ խաղան», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «չէ, Գագո ջան, չասես», եւ ես ժպտալով  Գագոյին ասացի՝ «առանց ասելու էլ հասկանում են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չի զգացվում, որ հասկանում են», եւ ես ժպտալով ասացի՝ «իրանք հասկացող տղերք են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «գրելու ես, որ հասկացող տղերք ե՞ն», եւ մինչ կմտածեի՝ ինչ ասեմ, Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «Արմոն իրանից բան չի գրում. ինքը մենակ ուրիշների ասածներն ա գրում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «լավ էլ ձեւը գտել ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, գործդ ահագին հեշտացրել ես», եւ ես  ժպտալով Գագոյին ասացի՝ «ավելի լավ ա գործդ հեշտացնես, քան՝ դժվարացնես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ գրողների գործը շատ դժվար գործ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ թվում էր՝ գրողներն իրանցից են մտքեր հնարում ու գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «ըտենցներ էլ կան» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «գրողներ կան, որ մենակ իրանց սեփական մտքերն են գրում», եւ Գագոն հարցրեց՝ «էդ ո՞ր գրողներն են», եւ մինչ կմտածեի, Սաքոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ հարիֆ գրողներն են» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ կարաս ուրիշների ասածները գրես, էլ խի՞ իզուր տեղը գլխիդ զոռ տաս», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու ասաց՝ «ես քեզ չեմ հարցնում» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «քեզ որ հարց տալու ըլնեմ, դզելփչելու մասին հարցեր կտամ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սաղ հարցերիդ պատրաստ եմ պատասխանել, Գագո ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ թե՝ ձեր էդ բազարին վերջ տվեք»:
 Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել