Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՍԿՍԵՑ «ԳՅԱԼԱՋԻՆ»

Հուլիս 19,2011 00:00

\"\"Դարակազմիկ երեւո՞ւյթ, թե՞ գժանոց

Երեկ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել ոմանց դիտարկմամբ՝ դարակազմիկ, այլոց գնահատմամբ՝ արտառոց իրադարձություն. երկրի իշխանությունն ու ընդդիմությունը ավելի քան եռամյա կոշտ հակադրությունից հետո, որի ընթացքում ընտրություններ կեղծվեցին, 10 մարդ զոհվեց, հարյուրավորները կալանավորվեցին, ու մի քանի տասնյակը բանտարկվեցին, երեկ նստեցին երկխոսության սեղանի շուրջ: Իհարկե, դա այն «սեղանը» չէր, որի մասին պատկերացնում էր այդ երկխոսությունը նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսը, բայց քանի որ ՀԱԿ-ը շատ բարի ու հանդուրժող է, ուստի՝ ինչպես նախօրեին էր հայտարարել, դեմ չէր եղել երեկվա հանդիպմանը՝ «որպես Կոնգրես-իշխանություն բանակցությունների հիմնական ձեւաչափին զուգահեռ եւ օժանդակ գործընթաց»։ Երեկ հիշյալ հանդիպումը, որը, ի դեպ, անցել է փակ դռների ետեւում, ավարտվել է առանց լուրջ խնդիրների քննարկման: Երկխոսության մեկնարկի շուրջ «Առավոտի» հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանն ասաց, թե այդ երկխոսություն կոչվածն ուղղակի ֆիկցիա, շատ լղոզված քաղաքական երեւույթ է, ու դրա վերաբերյալ մեկնաբանություն անելն էլ անշնորհակալ գործ է, «քանի որ այդ ամենն այնքան ոչ թափանցիկ է ընթանում, եղած տեղեկատվությունը դրա բուրգի այնքան չնչին մասն է կազմում», որ դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն կարող է ոչ պրոֆեսիոնալ լինել: Փոխարենը խոսելով այդ երկխոսության՝ որպես ՀՀ ներքաղաքական կյանքում նոր մշակույթի ձեւավորման մասին՝ քաղաքագետը նկատեց. «Երբ քաղաքական դաշտում երկխոսություն է ընթանում, իսկ այդպիսիք եղել են բազմաթիվ երկրներում՝ Լեհաստանում, Կորեայում, Շվեդիայում, հանրայնացման որոշակի աստիճան են ապահովվում. հրապարակվում են ոչ այնքան պատվիրակության անդամների կենսագրությունները, որքան քաղաքական օրակարգը՝ կետ առ կետ, նաեւ երկխոսության շրջանակներում հանդիպումների սղագրությունները: Եթե այս երկխոսության հանրայնացման աստիճանն էլ այդպիսին լիներ, կարելի էր այն ողջունել: Բայց քանի որ այդ երկխոսության մասին մենք ստանում ենք շատ ընդհանուր բնույթի տեղեկություն՝ չի կարելի դա քաղաքական նոր մշակույթ դիտարկել»:
Ա. Սեդրակյանը մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց, թե՝ հայ հասարակությունն այդ երկխոսության հետ ոչ մի առնչություն չունի եւ դուրս է այդ գործընթացից. «Խոսքը տվյալ դեպքում քաղաքական նոր տեխնոլոգիայի մասին է, որը կիրառվում է ոչ թե աշխարհում, այլ Հայաստանում»:
Անդրադառնալով հանդիպման նախօրեին ՀԱԿ-ի հայտարարությանը, թե այդ ձեւաչափով հանդիպումն իրական երկխոսություն չէ, բայց իրենք պատրաստ են հետագայում էլ պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձեւաչափը, հարցրինք՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այս ձեւաչափով հանդիպումը եւ այն շարունակելը: «Այդ իմաստը ես չէ, որ պիտի փնտրեմ: Բայց որպես քաղաքացի, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ կարող եմ մի բան ասել. երեւի այս երկխոսության ամբողջ գործընթացը ինչ-ինչ պատճառներով կարեւոր է երկու կողմերի համար էլ, թեեւ երկու կողմերն էլ, ցավոք, դրա մասին չեն բարձրաձայնում, չեն ասում, թե դա ինչու է իրենց համար կարեւոր: Ցավալի է, որ չեն բարձրաձայնում, բայց դա արդեն իրենց խնդիրն է: Այն, որ երկխոսության ձեւաչափի շուրջ տարակուսանք է առաջացել՝ նշանակում է, որ իրենց (ՀԱԿ-ի) ակնկալած ձեւաչափում իրենք ունեն գործողությունների հաջորդականության վերաբերյալ հստակ պատկերացում, քաղաքական տեսլական: Բայց երկու կողմերն էլ դրա մասին լռում են եւ հանրությանը չեն ներկայացնում: Համենայնդեպս, նկատելի է, որ ձեւաչափից բողոքելը ավելի շուտ ձեւական բնույթ է կրում իշխանությունների հետ տարաձայնություններ ունենալը ցույց տալու համար»:
Facebook սոց. ցանցում «Առցանց ազատականների այլյանս» խմբի՝ «3Ա»-ի նախաձեռնության հեղինակ, անկուսակցական ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանի դիտարկմամբ էլ՝ այս երկխոսությունը «մեր պատմության մեջ կմնա որպես զավեշտ»: Ինչո՞ւ զավեշտ, չէ՞ որ դա ոմանք քաղաքական նոր մշակույթ են գնահատում: «Աստված հեռու պահի այդպիսի մշակույթից, որովհետեւ ես ոչ մի տրամաբանություն այդ երկխոսության մեջ չեմ տեսնում»,- հակադարձեց Ռուբինյանն ու հավելեց, թե խոսող կողմերից եւ ոչ մեկը հասարակության հետ անկեղծ չէ, ինչի վկայությունը, ի դեպ, փակ դռների հետեւում՝ հասարակությունից թաքուն, երկխոսելու փաստն է: «Նման երկխոսություններ Հայաստանում երբեւէ չեն եղել, եւ չեմ կարծում, որ դա քաղաքական մշակույթի տարր է պարունակում: Սա արտառոց երեւույթ է, որը ես ֆեյսբուքյան իմ ընկերների շրջանում անվանում եմ գժանոց: Այդ երկխոսությունը հասարակության հետ առնչություն չունի, քաղաքական իրական շահերի հետ առնչություններ չունի: Սա մի արտառոց երեւույթ է, տեսնենք՝ ինչով կավարտվի»,- հայտարարեց Ռուբինյանը, ու քանի որ երկխոսությունը «գժանոց» բառով որակեց, ուստիեւ՝ դժվարացավ ասել նաեւ, թե ՀԱԿ-ում ի՞նչ իմաստ են տեսել այդ ձեւաչափով հանդիպել, եթե այն երկխոսություն չեն համարում: Այնուամենայնիվ, տպավորություն կա, որ ՀԱԿ-ում, հակառակ Կոնգրեսի համակարգող եւ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հավաստիացման՝ «գյալաջիին» այնքան էլ դեմ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել