Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

Հուլիս 19,2011 00:00

\"\"ՀԱԿ-կոալիցիա սկսված երկխոսության մասին այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը

– ՀԱԿ-ի ներկայացուցիչների համար կարծես անակնկալ էր, որ կոալիցիայի աշխատանքային խումբը ներկայացնում է գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ հանրապետության նախագահին. ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը այդ շատ մեծ լիազորությունների շրջանակում:
– Նախ, ինքնին ինստիտուտի մասին՝ երկխոսությունը, որպես այդպիսին, մենք (նկատի ունեմ կոալիցիան) պատկերացնում ենք որպես նոր հարթակ, որը անհրաժեշտ է ոչ թե այս պահին, այլ այն պետք է մշտապես գործող լինի: Երբ իշխանությունը եւ ընդդիմությունը ունենում են չմիջնորդավորված շփում, որի արդյունքում կարողանում են նախ՝ խորհրդակցություններ անցկացնել, լսել միմյանց դիրքորոշումները, եւ, որոշ դեպքերում, չեմ բացառում, որ որոշակի քաղաքական հայտարարների գան: Եվ քանի որ խնդիրն այդքան լայն է դրված, դա, բնականաբար, նշանակում է, որ քննարկման համար բաց են բոլոր հարցերը: Չի կարող լինել հարց, որը չի քննարկվելու կամ չի կարող քննարկվել այդ մակարդակով: Իհարկե, ասածս ամենեւին չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ հնարավոր է գալ համաձայնության, ավելին, դա կլիներ ուղղակի անտրամաբանական, սակայն կարեւոր է լսել միմյանց, լսել դիրքորոշումների հիմնավորումը, հակառակ պարագայում դա միշտ լսում ենք միջնորդավորված, հրապարակային ելույթներում, այսպիսի հարթակում այդպիսի քննարկումները կարեւոր են: Կարծում եմ, սա կստեղծի նոր քաղաքական մշակույթ: Ես չեմ կարող ասել, որ մեզանում առկա է լուրջ փորձ այս առումով, այնուամենայնիվ, որքան էլ դժվար լինի, սա, մեր խորին համոզմամբ, ժողովրդավարական պետության բնորոշ հարթակներից մեկը պետք է լինի, եւ արժե ջանքեր գործադրել, որպեսզի այն կայանա:
– ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպումից հետո պնդեցին, թե սպասում են Ձեր հրապարակային մի հայտարարությանը, ի՞նչ հայտարարություն են Ձեզնից ակնկալում:
– Կարծում եմ՝ խնդիրը վերաբերում էր այն տարընթերցմանը, որ տեղի էր ունեցել, որովհետեւ մեզ հետ երկխոսողները հավանաբար սխալ էին ընկալել մեր լիազորությունների շրջանակը: Դրանով էր թերեւս պայմանավորված Կոնգրեսի երեկվա հայտարարությունը: Սակայն պարզաբանումներից հետո նրանք ակնկալում էին, որ մենք բացահայտ դա կասենք, ինչը եւ մենք արեցինք: Սա հիմք պետք է տար Կոնգրեսին, որպեսզի քննարկեն իրենց հաջորդ քայլերը, եւ մենք ձեռնամուխ կլինենք օրակարգի ձեւավորմանն ու քննարկումներին:
– Հանդիպումից հետո Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հարցն իրենց համար հիմնականն է: Նաեւ հնչեց այսպիսի միտք՝ թե հանդիպման ընթացքում Կոնգրեսի կողմից դրվեց նաեւ իշխանության լեգիտիմության հարցը: Դուք ի՞նչ պիտի ասեք դրա դիմաց:
– Այն, որ կարող են բարձրացվել ամենասուր հարցադրումները, գաղտնիք չէ, եւ, իմ կարծիքով, որեւէ նոր հարցադրում չի հնչել: Ինչպես նշեցի, երկխոսության նպատակը չի կարող լինել այն, որ յուրաքանչյուր հարցի շուրջ գանք համաձայնության, բայց մենք պետք է հասկանանք յուրաքանչյուր հարցի պատճառները եւ որոնենք հնարավոր եղանակներ: Երկխոսությունը չի լինում վերջնագրերի լեզվով, եւ ես ուրախ եմ, որ երկու կողմերն էլ հայտարարեցին, որ չկան հարցեր, որոնք տաբու են, երկու կողմերն էլ բաց են քննարկումների համար, եւ երկու կողմերն էլ ակնկալում են արդյունավետ քննարկում: Մենք ունենք նաեւ մեր հարցադրումները: Մեր հարցադրումներից մեկը քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոնների հաստատումն է՝ որպես առաջին քայլ, որովհետեւ այդպիսով մենք կառողջացնենք մեր քաղաքական միջավայրը: Եվ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունները՝ հերթական, թե արտահերթ, քաղաքական միջավայրի առողջացումը կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բոլոր հարցերը չէ, որ օրենքով են կարգավորվում: Կան հարցեր, որոնք կարգավորվում են նաեւ համաձայնություններով, համատեղ հայտարարություններով, ընդ որում՝ բաց հայտարարություններով, որոնց կարող են միանալ քաղաքական դաշտի այլ դերակատարներ եւս:
– Դուք ասացիք, թե ներկայացնում եք կոալիցիան՝ գործադիր, օրենսդիր մարմինները եւ նախագահին. եթե խորհրդարանը եւ ՀՀ նախագահի մասով փորձում եմ հասկանալ, ապա գործադիր իշխանությունը չեմ պատկերացնում, թե ինչպես եք ներկայացնելու:
– Գործադիր իշխանությունը ձեւավորել է քաղաքական կոալիցիան, այսպիսով՝ մենք ներկայացնում ենք ամբողջ քաղաքական կոալիցիան:
– Ինչքա՞ն կարող են տեւել այս հանդիպում-երկխոսությունները՝ մինչեւ հերթական ընտրություննե՞ր, թե՞ մինչեւ այլ անսպասելի իրավիճակ:
– Լավագույն սցենարը հետեւյալն է՝ սա պետք է լինի մշտապես գործող հարթակ: Ի դեպ, նման հարթակներ, անշուշտ, կան՝ խորհրդարանը եւս նմանատիպ հարթակներից մեկն է, բայց խորհրդարանը, որպես այդպիսին, չի սպառում բոլոր հարցերը, որովհետեւ ոչ բոլոր հարցերն են խորհրդարանական հարցեր: Այնպես որ, նման հարթակի ստեղծումը հույժ կարեւոր է երկրի համար, եւ կարծում եմ՝ այն սկզբունքորեն պետք է գործի մշտապես, փաստորեն, մենք սկսում ենք ձեւավորել կոնսուլտացիաների ֆորմատ:
– Սա հնարավոր չէ՞ր անել 2008-ի մարտի 1-ից առաջ:
– Տեսականորեն, իհարկե, ցանկալի էր, որ մենք սա ունենայինք ի սկզբանե, ցանկալի էր, որ մենք ի սկզբանե ունենայինք զարգացած քաղաքական համակարգ: Բայց բոլորս աճում ենք, ժամանակը ներկայացնում է իր հրամայականները, եւ, երբեմն որոշ խնդիրներ դառնում են առաջնահերթ: Այսօր մենք առաջնահերթ ենք համարում ժողովրդավարական պետության բնորոշ ինստիտուտներից մեկի կայացումը:
– Չե՞ք կարծում, որ երբ դրվում է պահանջ՝ լիազորված լինել նախագահի կողմից, գործադիր կամ օրենսդիր իշխանության կողմից, հարցը տեղափոխվում է այլ տեղ՝ պետության հետ երկխոսության եւ ոչ՝ քաղաքական ուժերի հետ:
– Ես կարծում եմ, այս փուլում սրանք զուտ քաղաքական քննարկումներ են, եւ ենթադրում եմ, որ միշտ այդպիսին պետք է լինեն եւ գտնվում են քաղաքական հարթության մեջ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը երկխոսում են իշխանությունը ձեւավորած քաղաքական ուժերի հետ, որոնք, բնականաբար, ներկայացնում են իշխանությունը:
– Այս հանդիպումները հնարավո՞ր է, որ ավելի լայն կազմ ընդգրկեն՝ ներառելով այլ կուսակցությունների ներկայացուցիչների:
– Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում նման անհրաժեշտություն կարող է ծագել, բայց այս փուլում երկխոսությունը իրականացվում է իշխանություն-ՀԱԿ ֆորմատով, բայց չի բացառվում, որ երկխոսության արդյունքում կարող են ծնվել այլ լուծումներ եւս, բայց սա եւս կլինի երկխոսության արդյունք, միակողմանի լուծումներ չեն կարող լինել ոչ մի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել