Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջող սկիզբ

Հուլիս 19,2011 00:00

Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը:
Հայաստանը, որ ներկայացել է իր ուժեղագույն կազմով, մեկնարկային փուլում 3,5:0,5 հաշվով ջախջախեց Իսրայելի ընտրանուն: Մեր թիմին հաղթական միավորներ բերեցին շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթողներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը: Իսկ առաջին անգամ Հայաստանի ազգային դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, որ հանդես է գալիս երկրորդ խաղատախտակի առջեւ, ինչպես մրցավայրից նշեց Գագիկ Հովհաննիսյանը, հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանից չպարտվելու հրահանգ էր ստացել, ինչն էլ հստակ կատարեց՝ իր պարտիայում ոչ-ոքի անելով: Ստանձնելով միանձնյա առաջատարի դերը՝ մեր տղաները երեկ երկրորդ տուրում հանդիպեցին ԱՄՆ-ի հետ: Պայքարն ընթացավ անզիջում եւ ի վերջո ավարտվեց թիմային ոչ-ոքիով: Մեր շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Սերգեյ Մովսիսյանը: Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեցին, իսկ մեր առաջատար Լեւոն Արոնյանը, ցավոք, պարտվեց Գատա Կամսկուն: Երրորդ տուրից առաջ միանձնյա առաջատարի դերն ստանձնել է Ռուսաստանը՝ թիմային 4,0 (անհատական՝ 6,0 միավորով): Նրան հետապնդում են 3,0-ական թիմային միավոր վաստակած միանգամից երեք հավաքականներ՝ Հայաստանը, որ ունի անհատական 5,5 միավոր, Ադրբեջանը՝ 5,0 եւ Չինաստանը՝ 4,5: Այս թիմերը մրցաշարային աղյուսակում դասավորվել են նույն հաջորդականությամբ:
Այսօր մեր տղաներն ուժերը չափում են Ռուսաստանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել