Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԿԼՈՐ ՋԱՆՆԵՐԻՍ ԿԱՏՈ՞Ւ ԵՆՔ ՇԱԼԱԿՈՒՄ»

Հուլիս 20,2011 00:00

\"\"Արտահերթ ընտրությունների մասին ասում է  ԱՄ փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը

«Եթե ՀԱԿ-ը ցանկանա եւ ավելի կոնստրուկտիվ մոտենա այդ երկխոսությանը, շատ ավելի մեծ բաների կհասնի: ՀԱԿ-ին մեծ հնարավորություն է ընձեռված, որպեսզի նա կարողանա մինչեւ հերթական ընտրություններ աստիճանաբար մեծացնել իր վարկանիշը»,- վերջապես կայացած՝ սպասված ու տեւական նախապատրաստված ՀԱԿ-իշխանություն առաջին հանդիպման վերաբերյալ երեկ «Առավոտին» իր տպավորությունը փոխանցեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը: Մեր զրուցակիցը դեմ է ՀԱԿ-ի այն պնդումներին, որ բանակցությունների միակ թեման արտահերթ ընտրությունները կարող են լինել: Դեմ է, քանի որ համոզված է, որ նման նախադրյալներ չկան. «Դա կարող է լինել միայն ֆորս-մաժորային իրավիճակում, եթե ԼՂՀ հարցում ժամանակ շահելու խնդիր առաջանա»: Արդյոք ԼՂՀ հարցի ներկայիս զարգացումների տրամաբանությունը բացառո՞ւմ է «ֆորս-մաժորը»՝ հարցին Գագիկ Թադեւոսյանն արձագանքեց. «Ես չէի ցանկանա, որ նման իրավիճակ ստեղծվեր, բայց նաեւ չի բացառվում: Տարածաշրջանում բարդ իրավիճակ է ստեղծվել՝ Դիարբեքիրում քրդական շարժումն է ակտիվ, Պաղեստինի հետ խնդիրն է սրվել, իսրայելաթուրքական հարաբերություններն են սրվել, եւ մենք չգիտենք, թե ինչ զարգացումներ կարող են ունենալ այս խնդիրները: Այս իրավիճակում մեզ ֆորս-մաժորային իրավիճակ պետք չէ: Ուզում եմ հույս ունենալ, որ մեր դիվանագիտությունն ու քաղաքականություն մշակող կենտրոնները չեն տանի հարաբերությունների սրացման: Մանավանդ, եթե այս պայմաններում իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսության են գնում, ուրեմն ավելի ուժեղ եւ ժողովրդավար ենք, ու մեր կամքն ու պահանջատիրությունն էլ ավելի ամուր եւ հզոր պետք է լինեն: Երկխոսությունը պետք է ամրացնի մեր դիրքերը ԼՂՀ հարցի լուծման առումով»:
Դառնալով արտահերթ ընտրությունների խնդրին՝ մեր զրուցակիցը նկատում է, որ Հայաստանին այսօր ամեն ինչից առավել արմատական բարեփոխումներ են պետք, որպեսզի վերանա կլանային-օլիգարխիկ համակարգը, ստվերը գա հարկային դաշտ, սոցիալ-տնտեսական ու ժողովրդավարական խնդիրները ոչ միայն առաջ քաշվեն, այլեւ լուծումներ ստանան, «Ա1+»-ը վերջապես եթեր վերադառնա՝ որպես այլընտրանքային հեռուստաալիք, եւ այլն: «Այս խնդիրներին լուծումներ տալով՝ ՀԱԿ-ը հնարավորություն է ստանում ժողովրդին ներկայանալու եւ ասելու, որ իր գործադրած ճնշումների արդյունքում կարողացավ հասնել հարցերի լուծման: Իսկ այսօր դնել արտահերթ ընտրությունների հարց՝ նշանակում է մտնել փակուղի, մանավանդ, որ քաղաքական դաշտի մեծամասնությունը նման նախադրյալներ չի տեսնում»,- ասում է մեր զրուցակիցը՝ լուրջ չհամարելով այն պնդումները, որ արտահերթ ընտրություններն իշխանությանը լեգիտիմ կդարձնեն. «Ովքե՞ր են խոսում լեգիտիմությունից: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն այդքան հարգում եւ հավանում է լեգիտիմությունը, գտնում է, որ անհրաժեշտ է, բա 1996 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի իր ընկերոջը ճանապարհ տար: Հիշում եք, չէ՞, որ լուսահոգի Վազգեն Սարգսյանն ասաց՝ 1000 տոկոսով էլ Վազգեն Մանուկյանը հաղթեր, միեւնույն է՝ իշխանությունը չէինք տալու: Ջհանգիրյան Գագի՞կն է խոսում լեգիտիմությունից, ով Հայաստանում ընտրակեղծիքների կնքահայրն է եղել: Թե՝ մի ժամ առաջ գանք իշխանության, որ եթե մի բան թալանելու կա՝ մենք էլ թալանենք: Ինչի՞ խնդիր կա: Եթե իմանամ, որ այդ արտահերթ ընտրությունները մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը կլավացնեն, թոշակները, նպաստները, աշխատավարձերը կհավասարվեն սպառողական զամբյուղին… պարենային զամբյուղն այս գնային պայմաններում 36 հազար դրամ է, սպառողական զամբյուղը՝ 63 հազար: Ցանկացած ընտրություն՝ հերթական, թե արտահերթ, առաջացնում է կրքերի բորբոքում, անկայունություն. տկլոր ջաններիս էսօր կատո՞ւ ենք շալակում: Ի՞նչ պիտի տան արտահերթ ընտրությունները. հաղթողը պիտի ասի՝ ամեն ինչ օրինական ու ժողովրդավարական էր, պարտվողը՝ ժխտի: Այսօր մեր երկրին պետք են կայունություն եւ ազգային միաբանություն, լուրջ բարեփոխումներ»: 
Գագիկ Թադեւոսյանը հանրապետության նախագահին շատ լուրջ եւ ճկուն քաղաքական գործիչ է համարում, ինչի արդյունքում աշխարհի հզորներն այսօր հաշվի են առնում Հայաստանին ու Հայաստանի շահը: Սակայն, ըստ նրա, Սերժ Սարգսյանը մեկ թերություն ունի՝ «նրա համբերությունը սահման չունի»: ԱՄ-ում, համենայնդեպս, մեր զրուցակցի հավաստմամբ, ՀՀ կառավարությունում աշխատող մարդկանց նկատմամբ մարդկային, անձնական հարթությունում որեւէ խնդիր չունեն, ավելին՝ կարծում են, որ բանիմաց եւ ուսանած մարդիկ շատ կան, որոնք, սակայն, կառավարման ինստիտուտին չեն տիրապետում, կառավարման փորձ չունեն՝ «իսկ նախագահն էլ համբերությամբ ուզում է, որ այդ տղերքը թեւաթափ չլինեն, շարունակեն աշխատել, բայց այդ համբերությունը, ցավոք, մեր ժողովրդի քթերից է գալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել