Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենատուժածը Ուժանիսն է

Հուլիս 20,2011 00:00

\"\"Սյունիքի մարզի Ուժանիս գյուղի բնակիչներն այս օրերին անասնակերի վերջին պաշարներն են դաշտից հավաքում ու հետո պետք է մտածեն խոտի լրացուցիչ պաշար առնելու մասին, քանի որ հավաքված խոտը, իրենց փաստելով, չի բավականացնելու ամբողջ ձմռան համար:
Գարնանային կարկուտներից ամենաշատը տուժել է Կապանի տարածաշրջանի հենց Ուժանիս գյուղը:
Նախ գյուղացիները զրկվեցին ողջ բերքից, քանի որ կարկուտը 100 %-ով վնաս էր հասցրել գյուղատնտեսությանը, հիմա էլ՝ խոտհնձի սեզոնին, պարզվում է, որ անասնակերի բավարար քանակ չի հավաքվելու: Ինչպես գյուղացիներն են ասում, սա նույնպես կարկուտի հետեւանք է: Դեռեւս կարկուտից հետո կանխագուշակում էին, որ փաստի առաջ են կանգնելու, որովհետեւ խոտհարքներին հասած վնասը նկատելի էր: «Այս տարվա հավաքած խոտը կրկնակի քիչ է նախորդ տարվա համեմատությամբ: 55 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա գյուղում, հավաքած խոտը չի հերիքելու, գյուղացիները պիտի խոտ գնեն ձմռան համար: Արդեն ավարտում ենք խոտհունձը, տեխնիկա չունենք, ամեն տարի վարձակալել ենք, որ կարողանանք խոտհունձն անել», -ասում է Ուժանիսի գյուղապետ Էդիկ Բեգլարյանը:
Մարզի մյուս տարածաշրջաններում անասնակերի խնդիր չի լինելու:
Ինչպես նշում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, բացի Ուժանիսից՝ մյուս գյուղերում խոտհարքները գրեթե չեն տուժել: «Անասնակերի խնդիր չենք ունենա այս տարի: Կուտակվելիք կերը կբավականացնի մարզում եղած անասնագլխաքանակին, որոշ վայրերում անասնատերերը նույնիսկ ծղոտը դաշտերից չեն հավաքում, քանի որ խոտի բավարար պաշար կա», – նշում է պարոն Թանգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել