Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԿ ԲՆՈՐԴՈՒՀԻՆԵՐ, ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ SEXY ՃԱՆՃ

Հուլիս 20,2011 00:00

\"\"Գեղարվեստի ակադեմիայում դիմորդները չեն լարվում

Երեկ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում 24 դիմորդ կերպարվեստի ֆակուլտետի «Գեղանկար» մասնագիտության գծով գեղանկարչության քննություն հանձնեց:
Քննության հանձնաժողովի անդամ, գեղանկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդիկ Վարդանյանի փոխանցմամբ, այս տարի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկար բաժնի համար նախատեսված է 10 տեղ: Գեղանկարի քննության պահանջը մերկ մարմին նկարելն էր՝ իրական բնորդուհիներից:
Շրջեցինք քննասենյակներով: Քննությունը անցկացվում էր երկու քննասենյակում, որտեղ 4 բնորդուհի կար:
Ի տարբերություն այլ առարկաների քննությունների, գեղանկարի քննությանը լարվածություն չէր զգացվում: Դիմորդները ազատ հնարավորություն ունեին շփվելու ինչպես միմյանց, այնպես էլ բնորդուհու հետ: Օրինակ, 21-ամյա դիմորդ Վահե Թեւոսյանը քննության ընթացքում մեկ նկարում էր, մեկ էլ ցած դնում վրձինն ու երկար ուսումնասիրում բնորդուհուն: Նրանից հետաքրքրվեցինք՝ դժվար չէ՞ մերկ կնոջ մարմին պատկերելը: «Շատ դժվար է, մասնավորապես՝ երբ հուզվող եւ զգացմունքային մարդ ես: Բայց սա թող ուրիշ \"\"իմաստով չընկալվի: Երբ աշխատում ես մերկ մարմնի հետ, անկախ քեզանից զգացմունքայնությունդ մեծանում է, քանի որ գործ ունես բնության ամենանուրբ երեւույթի հետ: Եվ սխալվելու իրավունք չունես: Իրականում ուզում ես՝ մերկ մարմին նկարի կամ բնապատկեր, եթե բնածին նկարելու ունակություն չունեցար, անգամ մերկ մարմնի առկայությունը քեզ չի փրկի: Իսկ բնորդուհի պատկերելն այնքան բարդ բան է, որ առնվազն տաղանդ պետք է լինես, որ կարողություններդ բավարարի աչքիդ տեսածն ու հոգուդ զգացածը փոխանցել կտավին: Ասում են՝ նկարիչները ոչինչ չեն զգում մերկ ֆիգուր նկարելիս. սուտ է, եթե չզգացիր՝ չես կարող նկարել»,- պատասխանեց Վահեն:
Կարեն Գրիգորյանը երկրորդ տարին է դիմում Գեղարվեստի ակադեմիա: Երկրորդ փորձը ոչ թե քննություններից կտրվելու պատճառն է, այլ անվճար տեղի պայքարը: Կարենի խոսքով՝ մերկ մարմին նկարելը ամենաբարդն է գեղանկարչության մեջ. «Այնքան ուժեղ պետք է լինես, որ բոլոր զգացումներդ փոխանցես նկարին: Շատ բարդ է մերկ մարմին նկարելը, բայց ոչ թե նրա համար, որ դու տղամարդ ես, դիմացդ էլ մերկ կին է նստած, այլ՝ այնքան հանճարեղ պետք է լինի ձեռքիդ շարժումը, որ կտավովդ չվիրավորես մերկ մարմնի տիրուհուն»: Հետաքրքրվեցինք՝ պատահե՞լ է, արդյոք, որ նկարելիս սիրահարվի բնորդուհուն: Կարենը պատասխանեց. «Այդ ընթացքում յուրաքանչյուր նկարիչ սիրահարված վիճակում է ու պարտադիր չէ՝ անպայման բնորդուհուն սիրահարվի»:
Կարենը մեզ խոստովանեց, որ անհամբեր սպասում է իր ապագա ընկերուհու կամ կնոջ մերկ մարմինը նկարելուն. «Վստահ եմ, որ դա կլինի իմ հաջողված նկարը: Ապագա կնոջս միայն ամուսնությունից հետո կառաջարկեմ որպես բնորդուհի կանգնի իմ առջեւ եւ մարմինը հանձնի ինձ: Եթե ամուսնությունից առաջ առաջարկեմ՝ կվիրավորեմ նրա անձը»:
Ինչ վերաբերում է երեկվա բնորդուհիներին, նրանք 50-65 տարեկան կանայք էին:
Պարզվում է՝ բնորդ գտնելը Հայաստանում խնդիր է: Է. Վարդանյանը նշեց, որ մի կերպ են համոզել այդ 4 կանանց. «Բազմաթիվ գովազդներ, հայտարարություններ արեցինք բնորդուհիների համար: Ոչ ոք չի համաձայնում 4 ժամ մերկ նստել երիտասարդ տղաների եւ աղջիկների առջեւ: Մենք էլ ստիպված արդեն ծերացած եւ կազմվածքը կորցրած կանանց ենք խնդրում լինել մեր բնորդուհիները: Սա պետական բյուջեից վճարվող աշխատանք է համարվում՝ մեկ ժամը 800-900 դրամ է: Շատերի համար ծիծաղելի է գումարի չափը: Անցյալ տարի 4 երիտասարդ, գեղեցիկ կազմվածքով աղջիկներ եկան: Երբ ասացինք՝ որքան ենք վարձատրելու իրենց ծառայության դիմաց, ծիծաղեցին եւ ասացին` մենք մեկ ժամում այդ գումարի 100-ապատիկն ենք առնում…»:
Բալետի նախկին պարուհի Նադեժդա Խառատյանը արդեն մի քանի տարի է՝ բնորդուհի է դառնում երիտասարդ նկարիչների համար: «Պետք է առնվազն հպարտ լինել, որ մարմինդ կարող է օգտակար լինել գուցե ապագա տաղանդին: Գումարի չափը էական չէ: Ես պատրաստ եմ՝ որքան հարկավոր է նստել երիտասարդ տղաների առջեւ: Ոչ ոք ինձ չի վիրավորում եւ ուրիշ աչքով չի նայում: Ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում, երբ երիտասարդները պատկերում են իմ մարմինը, ասես 10 տարով ջահելանում եմ»,- ասում է նա: Տիկին Խառատյանը պատմեց, որ նկարելու ընթացքում հաճախ զավեշտալի դեպքեր են լինում. «Օրինակ՝ անցյալ տարի կրծքիս վրա ճանճ էր կանգնել: Տղաներից մեկն ասաց՝ սեքսի ճանճ ա… թող կանգնի: Այդպես թույլ չտվեցին ճանճին քշել»: Մյուս բնորդուհիները հրաժարվեցին խոսել, մեկն էլ պատճառաբանեց, թե գիրացել է, ու հիմա իր մարմինը չի հավանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել