Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՊԵՏԿՈՄԻ «ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հուլիս 20,2011 00:00

ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսում, որ կայացել է հուլիսի 18-ին, բավականին լուրջ մեղադրանքներ են հնչել Բյուրականի աստղադիտարանում «ֆինանսական խոշոր խախտումների» հայտնաբերման մասին՝ առանց այդ ձեւակերպման հստակեցման: Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր քաղաքացի այդ ձեւակերպման տակ կարող է պատկերացնել ցանկացած բան, ընդհուպ մինչեւ քրեորեն պատժելի հանցագործություններ, հարկ ենք համարում որոշ պարզաբանումներ անել: Եթե ձեւակերպման այդ ոճը Գիտպետկոմի նախագահի կողմից միտումնավոր չէր ընտրված Աստղադիտարանի եւ դրա ֆինանսական պատասխանատուների վարկաբեկման նպատակով, ապա անհասկանալի է դառնում պետական խոշոր պաշտոնյայի, մեղմ ասած, թեթեւ վերաբերմունքը եթեր տրվելիք եւ ԶԼՄ-ներում տպագրվելիք սեփական արտահայտության հանդեպ:
Խոսքը վերաբերում է այն փաստին, որ 2010թ. դեկտեմբերին հայ-ֆրանսիական համագործակցության համար Գիտպետկոմի կողմից Աստղադիտարանի հաշվին փոխանցված գումարից տարվա սկզբում Աստղադիտարանը վճարել է էլեկտրականության պարտքը փակելու եւ աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ համագործակցության նպատակով գումարները ծախսվելու էին տարվա երկրորդ կեսին, եւ բյուջեի գումարները ստանալուց հետո դրանք պետք է վերականգնվեին, իսկ էլեկտրականության գումարները չվճարելու դեպքում Աստղադիտարանը կարող էր հոսանքազրկվել, քանի որ բազային ֆինանսավորման գումարները ստացվում են ամիսների ուշացումով: Իհարկե, Աստղադիտարանի ֆինանսավորման ներկա պայմաններում Գիտպետկոմում կարող են զարմանալ, որ աստղագետնեը դեռ շարունակում են աշխատել, իսկ աստղագետները դադարել են զարմանալ նաեւ Աստղադիտարանի նկատմամբ արդեն ոչ միայն անտարբեր, այլ նաեւ նվաստացուցիչ վերաբերմունքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել