Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՈՒՐԱԽԱՆԱԼԸ ԹՈՂՆԵՆՔ ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ»

Հուլիս 20,2011 00:00

Թեթեւագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենամարտելու է Նամիբիայի ներկայացուցիչ Պաուլ Ամբունդայի հետ:

\"\"

Վիկը Երեւանում է: Նա գալիք այդ պատասխանատու մարտին նախապատրաստվում է հայրենիքում: Երեկ սիրված բռնցքամարտիկը, արդեն որպես հին ընկեր, այցելեց «Առավոտի» խմբագրություն՝ իր բարեկամ երկրպագուներին: Քանի որ երեկ Վիկի որդու՝ Ռուբենի ծննդյան օրն էր, առավոտցիները նրան շնորհավորեցին այդ առիթով: Իսկ հետո հետաքրքրվեցին կայանալիք մենամարտով, նախապատրաստության ընթացքով ու էլի բազմաթիվ հարցերով:
– Տարիներ շարունակ ցանկացել ես գոտիների պաշտպանության մենամարտերիցդ մեկն անցկացնել Հայաստանում, որպեսզի հայ մարզասերներն անմիջականորեն վայելեն քո հերթական հաղթանակի հաճույքը: Բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է: Հուրախություն բոլորիս՝ այս անգամ գործը գլուխ եկավ:
– Այո, շատ դժվար էր, քանի որ ես Ամերիկայում «Show Time»-ի հետ պայմանագիր ունեմ: Բայց նրանց հետ իմ բանակցությունների եւ այս անգամ նաեւ մենեջերիս պայքարի արդյունքում հաջողության հասանք: Այդ օրը Հայաստանում կլինի աշխարհի առաջնություն:
– Քո մենեջեր Գերի Շոուն անցած տարի հատուկ այդ նպատակով այցելեց Հայաստան եւ մի շարք հանդիպումներ ունեցավ այստեղ:
– Իսկապես, Գերի Շոուն այստեղ էր: Նա ուսումնասիրեց բոլոր պայմանները եւ ամեն բան նրան շատ դուր եկավ: Հատկապես տպավորված էր հանրապետության նախագահի հետ հանդիպումից: Եվ այդ հանդիպումն էր նաեւ պատճառներից մեկը, որ համաձայնեց մենամարտերիցս մեկն անցկացնել Հայաստանում: Ինձ մնում է միայն հուսախաբ չանել հայրենակիցներիս: Կարծում եմ, որ լավ պայքար կստացվի եւ հույս ունեմ, որ մարտին ներկա կլինի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
– Պրոֆեսիոնալ բռնցքամարտը զուտ ռինգը չէ: Դրա համար նախապատրաստական լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն՝ մրցավարներ, տեխնիկա, ուղիղ հեռարձակում աշխարհով մեկ…: Մանավանդ որ, քո պարագայում խոսքը «Show Time»-ի մասին է:
– Անշուշտ, հսկայական կազմակերպչական աշխատանքներ պետք է իրականացնել: Ռեֆերին եւ կողային մրցավարները դրսից են լինելու: Առայժմ չգիտեմ՝ Ավստրալիայի՞ց, Ամերիկայի՞ց, թե՞ մի այլ երկրից: Այդ օրերին այստեղ կլինեն IBO-ի նախագահը, այլ ղեկավարներ նույնպես: Իսկ ինչ վերաբերում է ժամանակակից տեխնիկային, «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունը խոստացել է, որ այդ հարցը կլուծվի: Խնդիրն այն մարդն է, ով պիտի դրանք ճիշտ տեղադրի: Պահանջվող որակավորման մոնտաժորների, որոշ այլ մասնագետների խնդիր էլ կա, որոնց հրավիրելու ենք դրսից: Բացի դա, պրոֆեսիոնալ բռնցքամարտը նաեւ շոու է, որը պետք է ճիշտ ու լավ կազմակերպել: Այդ գործը որոշել եմ վստահել «Tata Prodouktion»-ին, որի մակարդակին վստահում եմ:
– Հիմա մարզվում ես Երեւանում: Ինչի՞ վրա ես ավելի շատ ուշադրություն դարձնում:
– Ընդհանուր ֆիզպատրաստականությանը զուգահեռ, մարզիչ Կարեն Աղամալյանի հետ սկսել եմ աշխատել ձեռնաթաթերի վրա: Հուլիսի 25-ին մոտ մեկ ամսով կմեկնեմ Ծաղկաձոր, որտեղ կմարզվեմ իմ անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ: Այսօր գալու է իմ ֆիզպատրաստականության մարզիչ Ջեյ Ֆերեսը, որին նույնպես Հայաստանում լավ են ճանաչում: Նույն ժամանակահատվածում Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հայաստանի հավաքականը, որոնց հետ լինելու է Կարեն Աղամալյանը: Կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կընթանա:
– Նախապատրաստության կարեւոր բաղկացուցիչ է մարզումային մրցակիցներ ունենալը: Այդ հարցն ինչպե՞ս ես լուծելու:
– Դե, արդեն ասացի, որ Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում է լինելու: Տղաների հետ թեթեւ մարտեր կանցկացնեմ, մինչեւ մեզ միանան պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկներ, Հայաստանի ընտրանու նախկին անդամներ Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիելը եւ Արմենը: Ցավոք, վերջին երկուսի ազգանունները չեմ հիշում: Հայ մարզասերները սեպտեմբերի 3-ին նաեւ նրանց մենամարտերի ականատեսը կլինեն: Ի դեպ, բոլոր երեքն էլ քաշային կարգով ինձնից բարձր են ու դա լավ է:
– Մարտի օրը կինդ եւ որդիդ այստե՞ղ են լինելու:
– Այո: Նրանք գալիս են օգոստոսի սկզբին ու հավաքներիս ժամանակ մեր թիմի հետ կլինեն:
– Հայաստանում չկա մի մարդ, որը Վախթանգ Դարչինյանին չսիրի: Ամեն անգամ, երբ գալիս ես Հայաստան, երկրպագուներիցդ պրծում չես ունենում. ուզում են հյուրասիրել, հետդ լուսանկարվել, հրավերներ են անում… Մի խոսքով, հանգիստ չեն տալիս: Իսկ հիմա առջեւում լուրջ ու պատասխանատու նպատակ ունես դրած:
– Դրա համար էլ փախչում եմ Ծաղկաձոր (ծիծաղում է): Առաջ գալիս էի Հայաստան՝ հանգստանալու եւ համեմատաբար ազատ էի: Իսկ հիմա նման բան չի կարող լինել: Որքան էլ վստահ լինես ուժերիդ, մրցակցիդ թերագնահատել չի կարելի: Ուրեմն, ոչինչ ինձ մարզումներիցս շեղել չի կարող: Ուրախանալը, հայրենակիցներիս հետ շփվելը թողնենք մենամարտից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել