Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հուլիս 23,2011 00:00

\"\"Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին հրաժարվել է համագործակցել իր ռեժիմին դիմակայող խռովարարների հետ՝ հարցականի տակ դնելով Արեւմուտքի՝ բանակցությունների սեղանի շուրջ արյունալի հակամարտության վերջը դնելուն ուղղված ջանքերը:
Reuters-ի մատուցմամբ, Քադդաֆին իր հայրենի Սիրտ քաղաքում սեփական կողմնակիցներին հասցեագրված ձայնագրության միջոցով հայտարարել է, թե «մինչեւ Դատաստանի օրը իր եւ նրանց (խռովարարների) միջեւ ոչ մի բանակցություն չի լինի, եւ որ ապստամբները պետք է խոսեն լիբիացի ժողովրդի հետ, որն էլ եւ նրանց պատասխան կտա»:
Սիրտ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքին տղամարդիկ մասնակցել են կանաչ չալմաներով, կանայք՝ դրոշներով եւ երեխաների հետ, որոնց դեմքերին գրված են եղել Քադդաֆիին աջակցության կարգախոսներ:
Աղբյուրի մատուցմամբ, այս աղմկոտ ամբոխը՝ մի կողմից, եւ ապստամբների հայտարարությունները բանակցությունների անհնարինության մասին՝ մյուս կողմից, կարող են վկայել, թե որքան հեռու է իրավիճակը բանակցությունների միջոցով կարգավորումից:
Վերջին շաբաթվա ընթացքում ընդդիմությունը կորուստներ է կրել իր վերահսկողության տակ գտնվող Միսուրատայի եւ Մարսա-էլ-Բրեգի մատույցներում, բայցեւ կարողացել է որոշակի առաջընթաց արձանագրել: Հինգշաբթի օրը ապստամբները հայտարարել են, թե իրենց առաջխաղացումը դեպի մայրաքաղաք՝ կանգ է առել Մարսա-էլ-Բրեգում հարյուր հազարավոր ականներ դրված լինելու պատճառով:
Հակամարտության թեժացմանը զուգահեռ, այլ երկրների դիվանագետներն ավելի ակտիվորեն են փորձում արյունահեղությունը կանխելու ուղիներ որոնել: Չինաստանը հայտարարել է, թե համատեղ կաշխատի Աֆրիկյան միության հետ, որի ծրագրերն այդ առնչությամբ Քադդաֆիի համար ավելի ընդունելի են, քան Արեւմուտքի առաջարկները, որոնցում պահանջվում է Քադդաֆիի հրաժարականը: Ֆրանսիան, օրինակ, հայտարարում է, թե Քադդաֆին կարող է մնալ Լիբիայում, եթե վայր դնի իր լիազորությունները: Դա վկայում է Արեւմուտքի դիրքորոշման մեղմացման մասին: ԱՄՆ-ն պնդում է Քադդաֆիի հրաժարականը, իսկ Լիբիայում մնալու հնարավորությունը թողնում է Լիբիայի ժողովրդին: Այսուհանդերձ, լիբիացի քաղաքական գործիչները նախկինի պես պնդում են, որ Քադդաֆիի մնալը նավթով հարուստ այդ պետության ղեկին՝ չի քննարկվում: Բանակցությունների միջոցով հակամարտության ավարտ չեն ակնկալում նաեւ ապստամբները՝ հայտարարելով, թե Քադդաֆին արդեն իսկ փակել է բոլոր դռները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել