Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՄԵԾ ՄՐՑՈՒՅԹԸ՝ ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐՈՒՄ

Հուլիս 26,2011 00:00

\"\"Պարարվեստի քոլեջի տնօրենը՝ քննությունների եւ քոլեջի ծրագրերի ու խնդիրների մասին

Երեւանի պարարվեստի պետական քոլեջի հասցեին ժամանակ առ ժամանակ հնչող քննադատությունն իր պատճառներն ուներ: Ճիշտ էին նրանք, ովքեր խոսում էին ուսումնական այս հաստատության ներքին վերակառուցման եւ բարեփոխումների անհրաժեշտության մասին: Բնականաբար, 87-ամյա քոլեջը, որ վերջին 50 տարում կուտակել էր նման խնդիրներ, չէր կարող միանգամից վերացնել դրանք: Քոլեջի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ արդեն վերանորոգվել է երկու դահլիճ եւ չորս դասասենյակ, բեմը, հանդիսասրահն ու ճաշարանը: Հավելեց նաեւ, որ մեկ-երկու օրից կսկսվեն քոլեջի հիմնանորոգման աշխատանքները (տանիք, սանհանգույցներ, հատակը՝ միջազգային նորմերին համապատասխան, հայելիները, զուգափայտերը, հանդերձարանները եւ այլն): Պարոն Գրիգորյանը հայտնեց, որ անցած ուսումնական տարում գրանցվել է վերջին 15 տարիների ընթացքում չտեսնված բարձր առաջադիմություն թե հանրակրթական եւ թե մասնագիտական բաժիններում: Այս հանգամանքը նա բացատրեց ուսումնական ընթացքում ներգրավված անվանի մասնագետների ներկայությամբ: Դրանք են՝ քոլեջի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանը, գլխավոր մեթոդիստ Աննա Մարիկյանը, դասական բաժնի վարիչ Տաթեւիկ Ղարիբյանը: Հարցին, թե վարչական աշխատանքին զուգահեռ՝ նրանք իրավունք ունե՞ն նաեւ դասավանդելու, մեր զրուցակիցը ասաց. «Հասկանում եմ, որ դա օրենքի խախտում է, սակայն աշխարհում լավագույն մասնագետները համատեղում են ադմինիստրատիվ եւ մասնագիտական աշխատանքները: Հայաստանում չկա զուգապարի այնպիսի մասնագետ, ինչպիսին Դիվանյանն է… Ի վերջո, քոլեջում են այնպիսի պրոֆեսիոնալներ, որոնց ներկայացնելու հարկ անգամ չկա՝ Մաքսիմ Մարտիրոսյան, Վիլեն Գալստյան, Էլվիրա Մնացականյան եւ այլք»:
Հետաքրքրությանը, թե քոլեջում ինչո՞ւ չի պահպանվել ուսանողության ուժերով մանկական բալետային ներկայացումներ բեմադրելու ավանդույթը, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Կարող ենք մեր ուժերով իրականացնել բարձրակարգ ներկայացումներ, սակայն դրանց համար ֆինանսավորում չի նախատեսված: Ուսումնական տարվա ընթացքում երկու հաշվետու համերգների ժամանակ հատվածներով ներկայացնում ենք համաշխարհային դասական եւ հայկական բալետային գրականության նմուշներից: Ելույթներ ենք ունենում նաեւ մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների սաների համար: Ընդ որում, մեզ մոտ ուսանում են մանկատան սաներ եւս»:
Զրուցեցինք նաեւ այս ուսումնական տարվա ընդունելության քննությունների շուրջ: Տնօրենի փոխանցմամբ՝ նման մեծ մրցույթ վերջին 20 տարիների ընթացքում չի եղել. «Դասական պար բաժնում 50 դիմորդից ընտրել ենք 26-ին (19 պետպատվերով տեղ), հայկական ժողովրդական պար բաժնում շուրջ 100 դիմորդից՝ 70-ին (10 պետպատվեր), իսկ այս տարի հանրակրթական դպրոցներում ավարտական դասարան չլինելու պատճառով, մանկավարժ-պարուսույց բաժնում հավաքվել է կես դասարան՝ 10 հոգի»: Ա. Գրիգորյանը հիշեցրեց նաեւ, որ ի տարբերություն այլ մշակութային հաստատությունների, իրենց մոտ ընդունելությունը կատարվում է 2 փուլով, հաջորդը նշանակված է օգոստոսի 19-ին: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ դպրոցում ավելացել են անգլերենի ու համակարգչի դասաժամերը եւ դասական բաժնի ծրագրում՝ հայկական ժողովրդական պարի ուսուցումը. «Գալիք ուսումնական տարվանից կուսուցանվի նաեւ մոդեռն բալետ: Դասավանդելու են այն մասնագետները, ովքեր ժամանակին արտերկրում ներկայացել են բալետային այդ ժանրում եւ ուսումնասիրել արեւմտյան մեթոդները: Նրանք միջազգային մրցույթների մասնակից Աննա Կոստանյանն ու Վիկտորյա Մարտիրոսյանն են: Պայմանավորվածություն ունենք սեպտեմբերից հրավիրել մոդեռնի մասնագետներ Իսրայելից, Շվեյցարիայից եւ Գերմանիայից»:
Իսկ թե ինչպե՞ս է լուծվում քոլեջի շրջանավարտների աշխատանքի խնդիրը՝ Ա. Գեւորգյանն ասաց. «Այս տարի դասական բալետից ունեցել ենք 9, հայկական ժողովրդական պարից՝ 22 եւ մանկավարժ պարուսույցից՝ 14 շրջանավարտ, որոնք պատրաստ են համալրելու Օպերային թատրոնի բալետային խումբն ու պարային պետական անսամբլները: Մանկավարժ-պարուսույց բաժինն ավարտող 14-ից 13-ը մարզերից էին, նրանք էլ կաշխատեն տեղի դպրոցներում, մանկապարտեզներում, քոլեջներում»: Զրույցի ավարտին Ա. Գրիգորյանն ասաց, որ քոլեջը հրավերներ է ստացել Պերմի, Սանկտ Պետերբուրգի, Դոնեցկի, Լոզանի եւ Նյու Յորքի հեղինակավոր միջազգային մրցույթներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել