Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնության երկրորդ կեսը՝ նոր առաջատարով

Հուլիս 26,2011 00:00

\"\"Մեկամսյա դադարից հետո անցած հանգստյան օրերին 15-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսը: Եվ առաջին իսկ խաղային օրը լուրջ փոփոխություններ գրանցվեց մրցաշարային աղյուսակում: Առաջնության ամառային չեմպիոն «Գանձասարը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուլիսին» ու ընդամենը մեկ, բայց որոշիչ գնդակ բաց թողեց սեփական դարպասը՝ դրանով իսկ կորցնելով մի քանի շաբաթների ընթացքում «պինդ պահած» առաջին հորիզոնականը: 23-րդ րոպեին Գեորգի Կրասովսկու խփած գոլը վճռեց թե խաղի ելքը, թե առնվազն մեկ շաբաթով նոր առաջատար կարգեց «Ուլիսին»:
Մինչ այս տուրը «Ուլիսի» հետ հավասար միավորներով ընթացող Երեւանի «Փյունիկը» 15-րդ տուրում հանդիպում էր «Միկայի» հետ 4-5-րդ հորիզոնականները կիսող «Իմպուլսի» հետ: Սակայն փյունիկցիներն այս անգամ էլ կորցրին մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավելու հնարավորությունը, ոչ-ոքի՝ 1:1 ավարտելով խաղը: Ի դեպ, այս մրցաշրջանում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «Փյունիկն» ու «Իմպուլսը» խաղաղ ելք են կնքում. երկրորդ շրջանում մրցակիցները երկուական գնդակ էին փոխանակել, ընդ որում, այն ժամանակ Հայաստանի բազմակի չեմպիոնը հաղթում էր 2:0 հաշվով: Այս անգամ հետապնդվողի դերում հայտնվեց «Իմպուլսը», սակայն արդյունքը միեւնույն էր՝ ոչ-ոքի եւ միավորների հավասար բաժանում:
Այս ոչ-ոքին «Իմպուլսին» մղեց հինգերորդ հորիզոնական, քանի որ «Միկան» սեփական հարկի տակ հաղթեց «Շիրակին»: «Միկայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յոժեֆ Բուբենկոյի նորամուտը Հայաստանի առաջնություն՝ բարեհաջող էր. գրանցվեց խոշոր՝ 4:1, հաշիվ: Սակայն ամենախոշոր հաշվով հաղթանակը այս տուրում գրանցվեց ետնապահների միջեւ խաղում: Ռաֆայել Նազարյանի գլխավորած «Բանանցը» առաջնության երրորդ շրջանի մեկնարկային խաղում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը: Ընդ որում, առաջին խաղակեսում գրանցված 2:0 հաշիվը պահպանվել էր մինչ հանդիպման 87-րդ րոպեն: Այս խաղում հեթ-թրիկի հեղինակ դարձավ բրազիլացի Էդուարդո դոս Սանթոսը, եւս մեկական գոլի հեղինակ դարձան Արթուր Եդիգարյանն ու Վալտեր Պողոսյանը: Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցը» 2 միավորով շրջանցեց «Շիրակին»՝ դուրս գալով մրցաշարային աղյուսակի հատակից ու այնտեղ թողնելով «Շիրակ»-«Արարատ» զույգը:
Հաջորդ տուրում արդեն «Բանանցին» լուրջ փորձություն է սպասում՝ ի դեմս առաջատար «Ուլիսի»: «Արարատը» կընդունի «Միկային», «Շիրակը»՝ «Իմպուլսին», «Փյունիկն» էլ՝ «Գանձասարին»:
Մրցաշարային աղյուսակը 15 տուրից հետո այսպիսի տեսք ունի.
1 Ուլիս 15 30
2 Գանձասար 15 29
3 Փյունիկ 15 28
4 Միկա 15 21
5 Իմպուլս 15 19
6 Բանանց 15 15
7 Շիրակ 15 12
8 Արարատ 15  9

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել