Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԴԱՏԱԽԱԶՆ ՈՒԶՈՒՄ Է ԿԱՐԾԻՔ ՈՒ ՄԹՆՈԼՈՐՏ ՓՈԽԵԼ

Հուլիս 28,2011 00:00

Բայց դրա համար «տելեշոու» կազմակերպելը հերիք չէ

\"\"

Երեկ պաշտոնապես  լրացավ Տավուշի մարզի զինվորական դիրքերում ինքնաձիգի կրակոցից մահացած 29-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ Արտակ Նազարյանի մահվան մեկ տարին: Պաշտոնական վարկածով՝ նա նախ, ինքնասպան է եղել, հետո՝ իբր, նրան հասցրել են ինքնասպանության: Գործի  նախաքննությունն արդեն ավարտվել է հենց այս շեշտադրմամբ ու վարկածի շրջանակներում, որի հանդեպ ո՛չ Արտակի հարազատները, ո՛չ հանրային կարծիքը հավատ չեն ընծայում՝ հիմնավոր կասկած հայտնելով ու նույնիսկ պնդելով, որ Արտակին ուղղակի սպանել են: Այդպես պնդելու համար նրանք բազմաթիվ պատճառներ ու հիմնավորումներ են բերել անցած մեկ տարվա ընթացքում: Բայց մինչ այդ, երկուշաբթի օրը ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն այդ աղմկահարույց գործով «տելեշոու» էր կազմակերպել: Նա հրավիրել էր այդ գործով տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբաններին, գործի նախաքննությունն իրականացրած քննիչներին ու «Հայլուրին», նաեւ լրագրող Ժաննա Ալեքսանյանին՝ այդ հանդիպումը լուսաբանելու համար: Արտակի քույրը՝ մեր գործընկեր Ծովինար Նազարյանը, Հ1-ով հեռարձակված այդ հանդիպմանը մասնակցել էր բացառապես դեպքերի բերումով:
Երեկ «Առավոտը» զրուցեց Ծովինարի հետ: Նրա տպավորությամբ, զինդատախազն այնքան էլ ոգեւորված չի եղել իր ներկայությունից, մանավանդ որ՝ տուժողի հարազատը հանդիպման ընթացքում հարցադրումներ ու դիտարկումներ է արել. «Նա իմ հարցադրումները որակեց որպես էմոցիոնալ, ինչից հետո ես իսկապես էմոցիոնալ դարձա: Նաեւ մի քանի անգամ պնդեց, թե  իրենք ոչ միայն տուժողի շահերը պետք է հաշվի առնեն, այլեւ բոլոր կողմերինը: Իհարկե: Մեր ընտանիքը մշտապես պնդել է, որ մեզ համար կարեւոր է օբյեկտիվ իրականության բացահայտումը  եւ ոչ թե  ինչ-որ մեկի արյունը խմելն ու դրանով հանգստանալը»:
Հանդիպման ընթացքում զինդատախազը նախընտրել է ավելի շատ  ինքը խոսել, լսել քննիչներ Լեւոն Պետրոսյանին, Արտակ Հարությունյանին, գործի օրինականությունը վերահսկող դատախազ Հարություն Հարությունյանին: Ու չնայած տուժողի իրավահաջորդների եւ նրանց շահերը ներկայացնող փաստաբանների բազմաթիվ վերապահումներին, այդ հանդիպման ժամանակ էլ զինդատախազը  հայտարարել է, թե ինքնասպանության հասցնելու վարկածը համապատասխան փորձաքննությամբ (նկատի ունի հոգեբան Էլդա Գրինի անցկացրած ձեռագրաբանական փորձաքննությունը) հիմնավորվել է: «Իրենք պնդում են այդ վարկածը եւ հիմնավորում հետեւյալով. երբ դեպքը տեղի է ունեցել, կայազորային քննիչները բարձրացել են դիրքեր, շարք են կանգնեցրել ամբողջ հենակետի անձնակազմին՝ 11 հոգու, եւ բոլորից խծուծներ են վերցրել, ու կրակոցի արգասիքների շեմային մակարդակն ամենաբարձրը եղել է միայն Արտակ Նազարյանի մոտ»,- պատմեց Ծ. Նազարյանը՝ հավելելով, որ կրակոցը կարող էր արձակված լինել նաեւ Արտակի ձեռքում դրված հրազենից: Այս վարկածը քննչական մարմինն, իհարկե, հերքել կամ հաստատել պարզապես չի կարող այն հասկանալի պատճառով, որ նա մատնահետքեր չի վերցրել ո՛չ Արտակից, ո՛չ զենքի վրայից: «Արտակի մատնահետքերը նրանք նույնիսկ գործում չունեն: Քննիչի ասելով, եթե նույնիսկ Արտակի ձեռքով բռնեին ու կողքին կանգնած կրակեին նրա վրա, ապա մեկ է՝ կրակոցի արգասիքներ կմնային կրակողների ձեռքին: Շատ լավ, ես հարցնում եմ՝ իսկ եթե կրակողը եղել է այլ զինվորական, որից խծուծ չի վերցվել: Ասենք՝ այն մեկը, ով 12 օր թաքցրել է Արտակի օրագիրը, կամ այն մեկը, որը դեպքի նախորդ օրը հայհոյել եւ սպառնացել է Արտակին: Երեք այլ անձինք կան, որոնք կարող են առնչություններ ունենալ այս դեպքի հետ, բայց,  չգիտես ինչու, նրանք դուրս են մնացել պատասխանատվության շրջանակներից: Ինչո՞ւ նրանցից խծուծներ չեն վերցվել, ինչո՞ւ նրանց հեռախոսային խոսակցությունները չեն վերծանվել, որովհետեւ եթե դա արվեր՝ գուցե պարզ կդառնար, թե ինչպես է եղել օրագիրը պարտակելու, դրանից էջեր պոկելու գործողությունը»,- պնդեց Ծ. Նազարյանը:
Նրանից  փորձեցինք ճշտել՝ այդ հանդիպումն ինչո՞ւ էր կազմակերպվել, եւ ինչո՞ւ էր հեռարձակվում «Հայլուրով». արդյոք ո՞չ PR-ի կամ այդ գործի հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխելու համար: «Բնական է, որ նրանք մտահոգ են իրենց վարած նախաքննության հանդեպ հանրային դրական կարծիք ձեւավորելով, եւ բնական եմ համարում, որ իրենք ձգտում են նաեւ իրենց տեսակետը ներկայացնել»: Ծ. Նազարյանն ասաց, թե այդ հանդիպումը հույս չի ներշնչում, որ կարող է եղբոր գործով օբյեկտիվ իրականությունը ջրի երես բերվել. «Նրանց բերած ոչ մի հիմնավորում ինձ համար համոզիչ չէր. ես հազար անգամ լսել էի այդ բոլոր «հիմնավորումները», բացատրությունները: Իմ արած հարցադրումների մեծ մասի պատասխանն ինձ չբավարարեց, մի մասին պատասխան չտրվեց: Չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխվի: Մարդիկ ավելի շատ աշխատում են տեսակետ, վերաբերմունք, քան գործի իրական ընթացքը փոխելու ուղղությամբ»:

Հ. Գ. Հանդիպման վերաբերյալ Ժաննա Ալեքսանյանի դիտարկումները՝ հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031