Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԵՐԵԽԱ՞ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Հուլիս 29,2011 00:00

Կառավարության երեկվա նիստում գործադիրն իր որոշմամբ բարձրացրել է զոհված զինծառայողների շուրջ 5300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը՝ 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար դրամ, որին լրացուցիչ կավելացվի յուրաքանչյուր երեխայի (մոտ 1300 երեխա) համար 20 հազար դրամ: Ավելի ուշ, մեկնաբանելով այս որոշումը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ զոհված ազատամարտիկների նպաստ ստացող 5800 երեխաներից միայն 1300-ն է իսկապես զոհված ազատամարտիկի երեխա: Նախարարն ասաց. «Զոհված ազատամարտիկը չէր կարող երեխա ունենալ 2000-2001թթ.-ից հետո, մինչդեռ 4500 երեխա ծնվել էր 2000թ.-ից հետո: Վերլուծությունները ցույց տվեցին, որ այդ երեխաները զոհված ազատամարտիկների երեխաներ չեն»: 2011թ. սեպտեմբեր ամսից Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձի տրվող դրամական պարգեւի չափը կբարձրացվի 5000 դրամով: Եվս 5000 դրամով բարձրացվել է Հայրենական պատերազմի շուրջ 2800 վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը. այժմ 20 հազար դրամի փոխարեն գումարը կկազմի 25 հազար դրամ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ գյուղատնտեսության վարկավորմանը եւս 7,5 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը եւ նշել, որ վարկավորումը կատարվելու է նույն մեխանիզմով, ինչ որ գարնանը. «Ֆիանսների նախարարությունը պահուստային ֆոնդից պետք է պլանավորի սուբսիդավորման գումարներ՝ 7,5 միլիարդի համար 4%, որով սուբսիդավորվելու են վարկերի տոկոսադրույքները: 125 առավել անապահով սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներում վարկերը սուբսիդավորվելու են 6%-ով, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 8-10%-ով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել