Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ՔՆՆՉԱԿԱՆԸ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵՑ

Հուլիս 29,2011 00:00

«Բժշկության գիտական մակարդակը թույլ չի տալիս խոսել հիվանդության պատճառների մասին» պատճառաբանությամբ

\"\"

Հուլիսի 27-ին «Առավոտը» ստացել է ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի հուլիսի 22-ին կայացրած որոշումը՝ ՀԿԳ քննչական բաժնում քննվող թիվ 90150411 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին: Միաժամանակ տեղեկացվել ենք, որ քրեական դատավարության կարգով որոշումը ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում կարող ենք բողոքարկել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 26-ին «Առավոտում» հրապարակել էինք ՊՆ Շենգավիթի զինկոմիսարիատից ՀՀ զինված ուժեր մեկնած Դավիթ Թադեւոսյանի առողջական վիճակի մասին, որ նա զորացրվելուց հետո հայտնվել է հոգեբուժարաններում: Մենք հանդիպել եւ զրուցել ենք Դավիթի եւ նրա խնամքը ստանձնած մոր հետ, եւ չէինք բացառել, որ մինչ բանակ մեկնելը Դավիթը տառապել է հոգեկան հիվանդությամբ: Չէինք բացառել նաեւ այն, որ բանակում կատարված ինչ-որ միջադեպի արդյունքում է զորակոչիկը ձեռք բերել այդ դաժան հիվանդությունը: Ի դեպ, Դավիթն ինձ հետ մի քանի զրույցների ժամանակ հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել զորամասում, եւ ինքը վախեցել է: Հրապարակումից հետո փետրվարի 9-ին հարուցվել էր քրեական գործ:
Ըստ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, մայոր Տիգրան Ամբարյանի. «Նախաքննությամբ ձեռք բերված փաստացի տվյալները վկայում են այն մասին, որ Դ. Թադեւոսյանը ՀՀ զինված ուժեր զորակոչվելու ժամանակ եւ զինվորական ծառայության ընթացքում որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, «Օրգանական շիզոֆրենանման խանգարում» հոգեկան հիվանդությունն առաջացել է ՀՀ զինված ուժերից զորացրվելուց հետո»:
Նախաքննության ժամանակ ցուցմունք տված ՀՀ ԱՆ Ավանի հոգեբուժարանի հոգեբույժ Ֆերդինանտ Նաջարյանն ասել է, որ ինքը մինչ 2008թ. ընդգրկված է եղել ՀՀ ՊՆ Շենգավիթի զորակոչային բժշկական հանձնաժողովում:
Ըստ նրա՝ «Դ. Թադեւոսյանը զորակոչի ժամանակ որեւէ հոգեկան հիվանդության եւ կամ շեղման նշաններ չի ունեցել, նրա դատողությունները համապատասխանել են ստացած գիտելիքներին ու կենսափորձին»:
Նշենք, որ այս երեխան օժանդակ դպրոց է հաճախել, մտավոր հետամնաց է:
Տղայի մայրը՝ Ռուզաննա Գրիգորյանը, նախաքննության մարմնին հայտնել էր, որ 2009թ. մայիսին, երբ Դավիթը զորացրվել ու վերադարձել է տուն՝ «հաջորդ իսկ օրվանից նրա մոտ տարօրինակություններ են նկատվել: Դիմել են «վախ չափողի», գնացել եկեղեցի, սակայն տեսնելով, որ դա արդյունք չի տալիս, դիմել են տարբեր բուժհաստատությունների»: Մայրը նաեւ հայտնել էր, որ «հետագայում է իմացել, որ տղային զորամասում ծեծել են»:
Նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել նաեւ զորամասից Բորիս Մարտիրոսյանը: Նա ասել է, որ շարքային Դ. Թադեւոսյանին ճանաչել է որպես իր գումարտակի զինծառայողի. «Ծառայելու ընթացքում իրեն դրսեւորել է որպես լավ վարքի տեր, պարտաճանաչ եւ բարոյահոգեբանական կայուն վիճակ ունեցող զինծառայող»:
Փաստն այն է, որ Դ. Թադեւոսյանը ներկայումս տառապում է շիզոֆրենիայով: Նախաքննության մարմինը հարցրել է՝ հնարավո՞ր է Դավիթը շիզոֆրենիան ձեռք բերած լինի զինծառայության ընթացքում, պատասխանել են, որ «Թադեւոսյանի հոգեկան անլիարժեքության մասին վկայող որեւէ բժշկական փաստաթուղթ չկա»:
Փորձագետ Արմեն Հակոբյանի ցուցմունքով՝ նման հիվանդությամբ Դ. Թադեւոսյանը չէր կարող զորակոչվել եւ առավել եւս 2 տարի ծառայել բանակում. «Ըստ առկա տեղեկությունների, հիվանդությունը նրա մոտ սկսվել է զորացրվելուց հետո եւ դրա համար, ամենայն հավանականությամբ, նպաստող պատճառ է հանդիսացել գլխուղեղի օրգանական անբավարարությունը, այսօրվա բժշկության գիտական մակարդակը թույլ չի տալիս հստակ խոսել հիվանդության պատճառների մասին»:
ՊՆ քննչականը կարճել է քրեական գործը, պնդելով, որ Դավիթը զորացրվելուց հետո է շիզոֆրենիա ձեռք բերել: Դավիթի վիճակը կրկին օրհասական է: Եվ ոչ միայն Դավիթինը: Նույնիսկ իրավիճակին սթափ նայող մարդկանց համար երբեմն այնպիսի նախադրյալներ են ստեղծվում, որ մարդը սկսում է տառապել մի բանով, ինչը գիտական միտքը բացատրել չի կարող: «Իրավական միտքը»՝ առավել եւս…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել