Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՏԻՔՅԱՌԹՈՒԻԶՄ»

Հուլիս 29,2011 00:00

Մի քանի օր հետո կունենանք «Sistem of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի՝ soad.am առաջին հայկական կայքէջը: Մտահղացումը  խմբի մոլի երկրպագու՝ 18-ամյա Վահե Շահվերդյանինն է, նա իրեն համարում է Հայաստանում «Sistem of a Down» -ի երկրպագուների ակումբի նախագահը: Ասում է՝ soad. am-ի հիմնադիրը ինքն է, բայց միայն իր ջանքերով ոչինչ չէր ստացվի, օգնել են բլոգեր Սամվել Մարտիրոսյանը եւ «Sistem of a Down» -ի երկրպագուների խմբից՝ Հրաչ Շահվերդյանը: Նա պատմում է, որ ռոք խմբի արվեստին մի քանի տարի առաջ է ծանոթացել: «Հինգ տարի առաջ եմ նրանց երգերը լսել: Բարեկամիս տանն էի, ֆիզիկա առարկայի հանրապետական օլիմպիադային պետք է մասնակցեի, արթնացա, հեռուստացույցով «Chop Suey»-ն էր: Լսեցի, տրամադրությունս բարձրացավ,- ժպտում է Վահեն՝ նշելով, որ օլիմպիադայում այդ օրը մեծ հաջողություններ ունեցավ,- հետո արդեն բոլոր երգերն անգիր արեցի, ասեմ՝ այնքան էլ վատ չեմ երգում»:
Վահե Շահվերդյանի մյուս նախասիրություններն են բլոգերությունը եւ PR-ը: Կարծում է՝ այս երկուսի նկատմամբ սերն էլ նրան միշտ ստիպել է մտածել «Sistem of a Down» -ի հայկական կայքէջ ստեղծելու մասին. «Մի երկու տարի առաջ ստեղծվեց երկրպագուների ակումբը, հետո էլ մտածում էի մի մեծ բան անել մեր եւ խմբի համար»: «Միշտ տարբեր պատճառներով չէի կարողանում գնել խմբի անունով դոմեյն: Մեկ շաբաթ առաջ ամեն ինչ լուծվեց, եւ աշխարհն իմն էր»,- ասում է նա: Հիմա Վահեի գլխավորությամբ աշխատանքներ են տարվում կայքը տեսքի բերելու ուղղությամբ: «Կլինեն երգերը, տեղեկություններ՝ «Sistem of a Down» -ի անդամների կյանքից, ամեն-ամեն ինչ: Ասեմ՝ մեր այս քայլը կարելի է «անտիքյառթուիզմ» անվանել»,- ծիծաղում է կայքի «տիրակալը»: Ըստ Վահեի, կայքէջը կունենա 50000-70 000 այցելու: Ասում է՝ բլոգեր է, իրեն համացանցում շատերն են ճանաչում, դա կօգտագործի soad.am-ի արագ տարածման համար:
Վահե Շահվերդյանը գիտի՝ օգոստոսին «Sistem of a Down»-ից Սերժ Թանգյանն է գալու: Մտադիր է նրա հետ հանդիպել՝ որպես երկրպագու, պատմել կայքի մասին, լսել նրա կարծիքը. «Կասեմ, որ շատ եմ սիրում իրենց, ուզում եմ ամբողջ խմբի հետ հանդիպել: Կայքէջն էլ կնվիրեմ խմբին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել