
Ինտերպոլը Լիբիայի նոր իշխանությունների խնդրանքով ժամանակին Մուամմար Կադդաֆիի եւ նրա որդիների` Սեյֆ ալ-Իսլամի եւ Սաադիի, ինչպես նաեւ նրանց ազգականի` Լիբիայի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Աբդալլա աս-Սենուսսիի նկատմամբ հետախուզում` «կարմիր զգուշացում» էր հայտարարել: Այդ փաստաթուղթը նշանակում է, որ այս անձանց Ինտերպոլի անդամ-երկրները պետք է կալանավորեն եւ հանձնեն Լիբիային:
Հոկտեմբերի 20-ին Մուամմար Կադդաֆին եւ նրա որդին` Մութասսիմը, Լիբիայի նոր իշխանությունների համակիրների կողմից գերեվարվել էին, ապա` խոշտանգվել եւ սպանվել, թեեւ ավելի վաղ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը ( ԱԱԽ) խոստացել էր Կադդաֆիի եւ նրա մերձավորների նկատմամբ արդար դատաքննություն իրականացնել: «Իմ վստահորդին սպասվում է նույն դաժան ճակատագիրը, եթե նա հանձնվի Լիբիային»,- Ինտերպոլին հասցեագրած իր նամակում հայտարարել է փաստաբան Կաուֆմանը` հավելելով, թե «կարմիր զգուշացումը» զուտ քաղաքկաան որոշում է, որը կոչված է նպաստելու ԱԱԽ կողմից իր վստահորդի եւ նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումներին: «Ես խնդրում եմ իմ վստահորդին նախնական կալանքի վերցնելու նպատակով հայտարարված «կարմիր զգուշացումը» չեղյալ հայտարարելու վերաբերյալ արագ որոշում ընդունել»,- գրել է Սաադի Կադդաֆիի պաշտպանը:
Ի դեպ, Սաադի Կադդաֆին նախկին ֆուտբոլիստ է ու գործարար: Նա սեպտեմբերի կեսերին փախել էր Նիգեր, որի իշխանությունները հայտարարում են, թե մտադիր չեն Սաադիին հանձնել Լիբիայի նոր իշխանություններին:

















































