
Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ Ռ. Պետրոսյանն այդ քայլը կապեց առաջիկա ընտրությունների, Աբրահամյանի՝ նախընտրական գործունեությամբ զբաղվելու, ավելի կոնկրետ՝ շտաբի պետի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու հետ: Հարցին, թե ԱԺ նախագահը չէ՞ր կարող ե՛ւ մնալ պաշտոնում, ե՛ւ շտաբի պետ աշխատել, ինչպես արել էր նախորդ ընտրություններին, երբ տարածքային կառավարման նախարար էր՝ ասաց. «Նախընտրական շտաբի պետը պետք է գիշեր-ցերեկ աշխատի, եւ իր ուժերը մի ուղղությամբ ուղղի: Էն ժամանակ նա ուներ բազմաթիվ տեղակալներ եւ առանց հրաժարական տալու էլ կարող էր չգնալ աշխատանքի, տեղակալները հարցերը կլուծեին»:
Արմեն Գեւորգյանի, Գագիկ Խաչատրյանի եւ այլոց հնարավոր հրաժարականների մասին էլ ասաց, թե այդ ամենը ընդամենը խոսակցություններ են: Առաջիկա 6 ամիսների համար իր՝ ԱԺ նախագահ նշանակվելը նա հնարավոր չհամարեց. «Շատ կան մարդիկ, որ ավելի երիտասարդ են: Օրինակ, Դավիթ Հարությունյանը հարմար է, որովհետեւ ընթացակարգին քաջածանոթ է»:
Լուրերին, թե վերջին հրաժարականներով գործող նախագահը փորձում է չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը, պարոն Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Էլի ժողովրդական խոսակցություններ են, որովհետեւ պարոն Աբրահամյանը որքան մոտ է պարոն Քոչարյանին, այնքան էլ մոտ է Սերժ Սարգսյանին: ՀՀԿ-ն որեւէ անհանգստություն չունի եւ չի էլ ունեցել, որ հաղթելու է բոլոր տեսակի ընտրություններում: Մենք որեւէ մեկ այլ կուսակցությունից պարտվելու վախ չունենք»:
Կարդացեք նաև
Ներքաղաքական հնարավոր զարգացումների, «Ժառանգության» ու ՀԱԿ-ի միացումը հնարավոր չհամարեց. «Որովհետեւ նրանց մոտ կա ոչ թե գաղափարական, այլ միջանձնային հարաբերություններ, ով է լիդերը եւ այլն, իրենց ամբիցիաների առումով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ»: Նա կանխատեսեց, որ ՀԱԿ-ն այս անգամ կհայտնվի խորհրդարանում, մոտ 15 մանդատ, իսկ ԲՀԿ-ն կմնա կոալիցիայի մեջ, ընտրություններին կգնա առանձին, որպեսզի իմանա, թե ինչ իմիջ ունի:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ


















































