Երեկ պարզ դարձավ, որ առաջիկա ընտրությունները լինելու են ՀՀ քսանամյա պատմության ընթացքում ամենաձախողված, ամենակեղծված եւ ամենաանարդար ընտրությունները։ Այդ մասին հայտնի դարձավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայում ունեցած ելույթից, որտեղ վերջինս հայտարարեց. «Մենքնպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»: Կարծում ենք՝ արդեն հասկանալի դարձավ մեր հոռետեսության պատճառը, քանի որ անցած երեք տարիների փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում է ինչ-որ ծրագրերի կամ նպատակների մասին, արդյունքում ստացվում է դրա ճիշտ հակառակը։ Բավական Է հիշել հենց թեկուզ դեռեւս ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հավաստիացումները դրամի կայունության մասին ու դրանց հաջորդած 2008 թ. մարտի 3-ի կտրուկ «դեֆոլտը», երբ ՀՀ քաղաքացիները մեկ գիշերում աղքատացան միջինը երեք հազար ԱՄՆ դոլարով։ Կամ՝ նույն տարվա տնտեսության աճի վերաբերյալ նորանշանակ վարչապետի կանխատեսումներն ու իրականում գրանցված ավելի քան 14 տոկոսանոց անկումը։ Դե իսկ Գյումրին տեխնոպարկ, Դիլիջանը համաշխարհային բանկային կենտրոն, Ջերմուկը երկրորդ Կառլովի Վարի դարձնելու ամպագոռգոռ ծրագրերի մասին էլ չենք խոսում։ Այնպես որ, վարչապետը միանգամայն իրավացի Է, երբ Բրյուսելում ԵԺԿ ասամբլեայի նույն ելույթում հայտարարում է. «ՆերկայումսՀայաստանում կա ճեղքվածք՝ հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: