
Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նախկին մարզադահլիճը, որտեղ տարիներ շարունակ կազմակերպվել ու անցակացվել են տարաբնույթ մրցաշարեր, մարզական խմբակների մարզումներ, որ նաեւ ավելի քան 100 հանդիսական ընդունելու հնարավորություն ուներ՝ մոտ ապագայում դառնալու է առետրի կենտրոն:
Կապանցիներից շատերն ուրախացան՝ տեսնելով վթարային մարզադահլիճում սկսված շինարարությունը, ենթադրեցին, թե վերջապես նորոգվում է հաստատությունը, կվերականգնվեն մրցաշարերի անցկացման նախկին ավանդույթները: Սակայն, ինչպես պարզվեց, ուրախանալու առիթ չկա, դահլիճը քանդվում է՝ տեղը հիպերմարկետ կառուցելու նպատակով:
Մեր այցելության ժամանակ մարզադահլիճի ներսի հատվածն արդեն քանդված էր, ակտիվ շինարարություն էր ընթանում, շինարարներն էլ հեռվից գոռում էին, որ չլուսանկարենք՝ իրենց ղեկավարն է այդպես ասել:
Կարդացեք նաև
Փորձեցինք գտնել նախկինում այս դահլիճում կարատեի պարապմունքներ անցկացնող սաներին: Պարզվեց՝ նրանք՝ 40 երեխա, հիմա մարզվում են նույն շենքի նկուղային, խոնավ, ցուրտ ու մութ հարկում:

Մեր տեղեկություններով, վթարային դահլիճը վաճառվել է Կապանի նախկին քաղաքապետի օրոք: Տարածքի տերն էլ որոշել է այսօր կառուցել հիպերմարկետ:
Մարզադահլիճի խնդրով շահագրգիռ անձինք դիմել են նաեւ Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնին: Բայց Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին պետ Արմեն Ստեփանյանի խոսքով, տարածքում իրականացվող աշխատանքները կատարվում են շինթույլտվության հիման վրա: «Տարածքը սեփականության իրավունքով պատկանում է գործարար Կարեն Ոսկանյանին, ով կառուցում է հիպերմարկետ, գործունեությունը ծավալում է շինթույլտվության պահանջներին համապատասխան»,- նշել է պարոն Ստեփանյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































