
Ցվետանա Պասկալևան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ համաշխարհային վավերագրության համար կարևոր ու մեծ այս ծրագրի իրագործմանն աջակցության համար, որի շնորհիվ, ըստ նրա, հնարավոր կլինի ճիշտ պատկերացում կազմել ղարաբաղյան խնդրի մասին:
Ցվետանա Պասկալևան «Ղարաբաղի վերքերը» նախագծի տեսասկավառակների մայր օրինակները` համապատասխան հավաստագրով, միջոցառման ժամանակ հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանին:
Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել վավերագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի կատարած մեծ աշխատանքը, առանց որի, Նախագահի խոսքով, ամբողջական պատկերացում չէր լինի ղարաբաղյան հակամարտության մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ցվետանա Պասկալևային, ով իր երիտասարդ կյանքի մի մեծ հատված եղել է հայ զինվորի, երկրապահի, հայոց հողի պաշտպանի կողքին և հավերժացրել այն մարդկանց գործունեությունը, ովքեր կարողացել են պատվով պաշտպանել իրենց հայրենի հողը: Սերժ Սարգսյանի խոսքով, արված աշխատանքը և ցուցաբերված աջակցությունը նաև հարգանքի տուրք է բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ մեծ գործին: Նախագահն ընդգծել է, որ այսօր ոչ պակաս կարևոր է շարունակել ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը աշխարհին հասցնելու գործը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


















































