Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսնակ վարորդի նոթերից, կամ՝ ինչպես կորցրի մեքենաս

Նոյեմբեր 18,2011 23:09

Երբ բնակվում ես Երեւանից դուրս` Զովունիում, իսկ աշխատավայրդ, երեխաներիդ կրթօջախները քաղաքի մեջ են, ավտոմեքենան դառնում է անհետաձգելի անհրաժեշտություն: Ու մինչ ամուսինս կգնի մեր սեփական մեքենան` հայրս ինձ տվեց իրենը: Երկու ամիս հաճախեցի ավտոդպրոց` տեսական դասերի, Գրիգորի մոտ գործնական պարապմունքներ արեցի, եւ ահա, վերջապես, սեպտեմբերից 4-ից սկսեցի վարել:

Ինչպես ամեն բան` մեքենա վարելն էլ փորձառության հետ է կապված: Որքան սկսնակ` այնքան վտանգավոր թե հանրության, եւ թե ինքդ քեզ ու հարազատներիդ համար: Համենայնդեպս` այդպես էի կարծում: Թեեւ հիմա, երբ արդեն ավելի քան երկու ամսվա փորձառություն ունեմ, զգում եմ, որ ավելի հաճախ վթարների պատճառ եւ հետեւանք են դառնում ոչ այնքան անփորձները, որքան փորձառու, հին գելերը, որոնք այնքան վստահ են իրենց վրա, որ մեքենա վարելն ասոցացնում են միայն «գազ տալու» եւ «պռախոդ չտալու» հետ:

Սակայն վերադառնամ իմ`որպես վարորդի, ամենաառաջին քայլերին:

Չորրորդ օրն էր, որ ինքնուրույն եւ միայնակ վարում էի, գնացի ընկերուհուս հետ ժամադրության: Պիտի հանդիպեինք «Աչաջուր» սրճարանում` Սիրահարների այգում: Երկար խորհելուց հետո այն բանի շուրջ, թե որտեղ կայանեմ, ավելի հարմար բան մտքովս չանցավ, քան մեքենան կանգնեցնել «Պիոներ» բարի մոտ, որպեսզի հետո հեշտ վերադառնամ տուն: Երբ Սայաթ-Նովայի մոտից թեքվեցի, եկա «Պիոներ» բարի մոտ, պարզվեց այդտեղ տեղ չկա կանգնելու, մտածեցի` լավ, գնամ Չեխովի դպրոցի դիմաց կայանեմ: Վստահ չէի, որ այնտեղ կայանելը թույլատրված է, մտքումս ինձ-ինձ պլաններ գծեցի` եթե հանկարծ ասեն` այստեղ չի կարելի կանգնել, կասեմ, իբր երեխաս այս դպրոցում է սովորում, նրան եմ սպասում: Ով անցել է այդ դպրոցի մոտով` տեսած կլինի, թե քանի շարքով են մեքենաները կայանում առավոտյան եւ կեսօրից հետո: Մի խոսքով` կանգնացրեցի մի սպիտակ ջիպի հետեւում եւ ոտքով բարձրացա մինչեւ Սիրահարների այգի: Հետո ում պատմում էի այս մասին, մատը տանում էր քունքին` գժվե՞լ ես, հենա տանը թողնեիր, մարշրուտկայով գնայիր…

Մեկ ժամ անց, երբ արդեն ընկերուհուս ընդմիջումն ավարտվել էր, աղջիկս էլ դասից դուրս էր եկել եւ միացել ինձ, ընկերուհուս ճանապարհեցի, ու մենք շարժվեցինք դեպի մեքենան: Այն ամբողջ ճանապարհին, որ քայլում էինք դեպի կայանատեղին, ստիպված էի լսել աղջկաս փնթփնթոցն այն մասին, թե ինչքան հեռու եմ կանգնացրել մեքենան, ոտքերն արդեն ցավում են եւ այլն: Հասանք Չեխովի դպրոց: Մեքենաս չկա: Ա~յ քեզ բան: «Անի, մեքենան չկա»,-տարակուսած եւ ծնկներիս շրջանում որոշակի թույլ դող զգալով ասացի ես: «Օ~ֆ, մամ, ոնց չկա, լավ նայի»: Սկսեցի լավ նայել: Գտա սպիտակ ջիպը: Ոչ առջեւում, ոչ հետեւում ուրիշ մեքենա չկար: «Վա~յ մամա ջան, ո՞ւր ա կորել էս մեքենան»,-ծնկներիս մեջ դողն ավելի որոշակիացավ:

Մի քիչ դեսուդեն անելուց հետո, երբ հասկացա, որ` չէ էլի, այ բալամ, չկա’, կա’ ոչ, մտա դպրոցի բակ ու պահակին հարցնում եմ` «կներեք, այստեղ մեքենա չե՞ք տեսել»: Տարօրինակ հայացք ձգելով վրաս` պահակը, թե` «այսի՞նքն… ստեղ լիքը մեքենա կա, ի՞նչ ա եղել»: «Գիտեք, ես մեքենաս այստեղ կայանել էի ու գնացել, հիմա եկել եմ` չկա»: «Ո՞նց թե, այ քուրիկ ջան, ի՞նչ ես ասում, ո՞նց կարողա տենց բան պատահի… բանալին վրե՞ն էր» : «Չէ, բանալին ինձ մոտ է» :  «Բա ո՞նց կարողա տենց բան լինի» : «Չգիտեմ, ես ա~յ էս սպիտակ ջիպի հետեւը կանգնել էի, հիմա չկա»: «Ի՞նչ մեքենա էր»: «Մարդատար»: «Յա~…»: «Ֆիրմա՞ն եք հարցնում … Մազդա» : «Ի՞նչ Մազդա» : «Այսի՞նքն» : «Աղջիկ ջան, Մազդան ֆիրման ա, բա ի՞նչ մեքենա ա, անունն ի՞նչ ա…»: «Օյ, գիտեք, ես չգիտեմ: Տեղյակ չեմ» : «Լա~վ…,-թեթեւ կասկածանքով ինձ է նայում պահակը,-  իսկ ի՞նչ գույնի էր»: «Գիտեք, ասում են մուգ կանաչ, բայց ինքը ոնց որ սեւա» : Կասկածները պահակի հայցքում ավելի արտահայտիչ են երեւում: «Համարներն ասա… Մեքենայի համարները… Պետհամարանիշները…» : «Ըմ, ըմ, գիտեք, չեմ կարող ասել… չգիտեմ»,-կմկմում եմ ես` հասկանալով իրավիճակի ողջ զավեշտն ու ողբերգությունը: «Չհասկացա, քուրիկ ջան, էդ ո՞ւմ մեքնենան ա»: «Դե գիտեք ոնց… իմն ա, այսինքն` պապայինս ա, բայց ես եմ քշում», «Հա~… ու համարները չգիտես»: «Չէ, չգիտեմ»,-գրեթե լացակումած ասում եմ ես, ու գաղտագողի զննում ինքս ինձ` կողքի աչքով` չի բացառվում, որ կատարյալ գժի տպավորություն եմ թողնում: Բայց կարծես թե` չէ` նորմալ, դասական ոճով հագնված եմ, կոշիկներս տարբեր զույգի թայեր չեն, շրթներկս շուրթերիս տարածքից չի անցում` էդ հաստատ, քանի որ ընդհանրապես մակիյաժ չեմ արել, չէ’, պիտի որ գժի տպավորություն չթողնեմ: Պահակն ասում է`«դե զանգի, պապայիցդ համարները հարցրու»: Ասում եմ` «վա~յ չէ, ամաչում եմ, նոր է տվել մեքենան, մի քանի օր է, հո չեմ զանգելու ասեմ` պապ, կորցրել եմ»: Ու պահակի հայացքից հասկանում եմ, որ արդեն շատ մոտ է այն պահը, որ նա, արհամարհելով իմ դասական ոճի հագուստները, ինձ գժանոցից փախածի տեղ կդնի, եւ հիմա էլ մտովի նայում եմ մազերիս, դեմքիս… չէ, ոնց-որ անհույս հիվանդի տեսք պիտի որ չունենամ, բայց միեւնույն է` ինչպե՞ս գժի տեղ չդնես մոտ քառասուն տարեկան կնոջը, որը կանգնել է եւ ասում է` պապայիս մեքենան ա, ես էլ համարները չգիտեմ ու մեռնեմ չեմ զանգի պապայիս, ամաչում եմ… Այդ պահին նկատեցի, որ այս` հոգեբուժարանին հատուկ խոսքուզրուցի ողջ ընթացքում իմ տասնութ տարեկան դուստրը քաշվել էր մի կողմ ու հայացքը թեքել, որ հանկարծ ոչ ոք չիմանա, որ մենք իրար հետ ենք:

Պահակն արդեն այսուայն կողմ էր անում` կորած մեքենայի փնտրտուքներով, երբ կողքի շենքի , որը չգիտեմ` Սիրիա՞յի, թե՞ Չինաստանի դեսպանատունն է, պահակակետից հայտնվեց մի համազգեստավոր երիտասարդ` «բա՞ն է պատահել»: Ասում եմ` «գիտեք, մեքենաս այստեղ կայանել էի, հիմա չկա, գուցե նկատե՞լ եք, որ ոստիկանները եկել- տարել են»: Լսել էի, որ սխալ կայանած մեքենաները ոստիկանները տանում են տուգանային հրապարակ: «Չէ, ոչ մի բան չեմ տեսել: Դուք որտե՞ղ եք կայանել»: «Հենց այստեղ, այ էս սպիտակ ջիպի հետեւում»: «Ի՞նչ մեքենա էր»: «Մազդա»:  «Մազդա` ի՞նչ»: «Վայ, լավ էլի, չգիտեմ, ինձ տենց բաներ մի հարցրեք,  էլի…»:  Նույն`«էս գիժն ո՞վ էր» հայացքով հիմա էլ այս համազգեստավորը սկսեց նայել ինձ: Արդեն հոգնեցի սրանց հայացքներից, էն Անին էլ հեռվում կանգնած կարմրատակել-մնացել է, ի՞նչ անեմ… Դե, իսկ ինչ կարող է անել որեւէ ավտոպատահարի, օրինակ` ավտոառեւանգման ենթարկված լրագրողը… Զանգ ընկերոջը: Ո՞ւմ ենք զանգահարում: Դա ի՞նչ հարց է` իհարկե, Գագիկ Շամշյանին: «Գագո ջան, մեքենաս կանգնացրել էի Չեխովի դպրոցի մոտ, հիմա չկա: Խնդրում եմ, էլի, մի հատ ճշտիր, այսօր ոստիկանները էստեղից մեքենա տարե՞լ են»: Դե` ո՞վ ունի Շամշյանի հնարավորությունները, կես րոպեից հետ է զանգում: «Չէ, Մելան ջան, տենց բան չկա… պահո~, ուրեմն մեքենադ առեւանգել են…հա’, հաստա’տ առեւանգել են, համարներն ասա, հենց հիմա զանգեմ ոստիկաններին ասեմ»: «Գագո, համարները չգիտեմ»,-առանց վարանելու ասում եմ` ով-ով Գագոն ինձ գժի տեղ չի դնի: «Ո՞նց չգիտես»: «Գագ ջան, պապայիս մեքենան ա, ես մի երեք-չորս օր ա քշում եմ, դեռ չեմ նայել»: «Վա՜յ, դե զանգի պապայիցդ հարցրու»: «Չէ ,Գագո, չեմ կարող, ամոթ ա, երեք օր չկա`տվել ա, միանգամից գողացան…»: «Բա տենց ո՞նց կլինի, Մելան ջան»: «Լավ, Գագո, ես հիմա կփորձեմ ուրիշից ճշտել համարները»:

Ու մինչ մտածում էի, թե ով կարող է իմանալ Մազդայի պետհամարանիշները, ինձ զանգահարում է ոստիկանության մի պաշտոնյա: «Տիկին Մելանյա, դուք կորցրե՞լ եք ձեր մեքենան»: «Այո, կանգնացրել էի այստեղ՝ Չեխովի դպրոցի մոտ, հիմա չկա»: «Բանալին վրա՞ն էիք թողել»: «Չէ»: «Դուռը բա՞ց էր»: «Չէ»: «Պետհամարանիշերն ասեք»: «Ճիշտն ասած՝ չգիտեմ»: Լռություն: Մի քանի վայրկյանից, հավանաբար, հեռակա կարգով գնահատելով իմ «ցնդածության» աստիճանը, ոստիկանության պաշտոնյան ասում է.«Լավ, չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող էին օրը ցերեկով Բաղրամյան պողոտայից մեքենա տանել: Ինչեւէ, ես հիմա ոստիկաններ կուղարկեմ»: «Ոստիկա՜ն: Չէ, խնդրում եմ, մի ուղարկեք, ես մի քիչ էլ փնտրեմ, նոր»:

Չգիտեմ՝ ոստիկանի գալու հեռանկարից, թե ինչից վախենալով, ինչ-որ վճռականություն եմ ձեռք բերում եւ շուռ գալով դեպի Անին, որը մի անկյունում կանգնած փողոցին է նայում, իբր՝ ինձ հետ որեւէ կապ չունի, պատվիրում եմ.«Դու հիմա քայլելով բարձրացիր դեպի Բրիտանիայի դեսպանատուն, ճանապարհին նայելով բոլոր կայանած մեքենաներին, հենց Մազդա տեսնես, զանգիր գամ, ես էլ իջնում եմ դեպի Օպերա»: Անին, առանց իմ կողմը նայելու, շարժվում է դեպի վեր: «Դե գնամ, մի քիչ էլ փնտրեմ»,- կմկմալով զեկուցում եմ խղճահարությամբ ինձ նայող Չեխովի պահակին ու Սիրիայի համազգեստավորին, եւ իջնում եմ ցած… Դա-դա-դա-դա՜մ… «Պիոներ» բարի դիմաց տեսնում եմ իմ կորած-մոլորած մուգ կանաչ, բայց սեւի տպավորություն թողնող, XX xx XXX համարանիշերով, որոնք այլեւս երբեք չեմ մոռանա, Մազդա Քսեդոսին: «Վա՜յ, պուպուշ ջան, էս ո՞նց ես հայտնվել այստեղ»,-ասում եմ ու շոյում Քսեդոսիկիս կապոտը: «Ոնց-ոնց,- դժգոհ մռթմռթում է սեւականաչս,- մինչ դու մտմտում էիր, թե ինչպես ես կայանելու Չեխովի դպրոցի մոտ, «Պիոների» մոտից մի Ժիգուլի դուրս եկավ, դու էլ ինձ կանգնացրեցիր դրա կողքը: Համ էլ ասեցիր՝ մի ժամից կգամ, արդեն ժամուկես ա՝ չկաս»:

Անմիջապես զանգում եմ ոստիկանության պաշտոնյային.«Գիտեք, ես գտա մեքենան, էլ ոստիկան չեք ուղարկի, չէ՞»: «Հա՜, գտաք, շատ լավ է, բա որտե՞ղ էր»: Օ՜ֆ, դե ինչ տարբերություն, թե որտեղ էր՝ մտածում եմ եւ քանի որ ամաչում եմ ասել, որ այնքան խելապակասն եմ, որ չեմ հիշել, թե որտեղ եմ կայանել մեքենան, ստիպված բստրում եմ.«Երեւի մի քիչ անհարմար էի կայանել, ուրիշ մեքենաների խանգարել էր, մի քիչ հրել էին, մի անկյուն էին մտցրել, չէր երեւում»: Պաշտոնյան ծիծաղում է.«Հա՜, պարզ է, պարզ է… Մի անհանգստացեք, մեր կին վարորդների մոտ հաճախ են նման դեպքեր պատահում»: Այ քեզ բա՜ն՝ փաստորեն ես ակամայից ծանր հարված հասցրեցի մեր սեռի գործարար համբավին: Հանկարծ դատի չտա՞ն: Զանգում եմ Գագոյին.«Գագ ջան, մեքենան գտել եմ»: «Վա՜յ, Մելան ջան, հաստա՞տ, ես էլ արդեն գալիս էի, արդեն սաղին իրար եմ խառնել»: «Չէ, չէ, պետք չի, գտել եմ արդեն»: «Դե, մաղարիչ ունես անելու, ինչ լավ ա, ես էլ դարդ էի անում…»: «Էլ ոչ մի ոստիկան չի գա, չէ՞, Գագո ջան»: «Չէ, էլ ի՞նչ, մանավանդ որ համարներդ չգիտես»: «Դե, արդեն գիտեմ…»: «Բա որտե՞ղ էր մեքենան»: Հիմա էլ՝ սա: Գագոյին էլ եմ ամաչում ասեմ իմ շաշության մասին, ու կրկնում եմ նույն հիմարությունը՝ «լավ չէի կանգնացրել, բրդբրդել են մի քիչ»: Քսեդոսս բարձր քմծիծաղում է: «Շըըըշշշ»,- բարկանում եմ վրան: «Կարող ա գիտե՞ս խաղալիք մեքենա եմ՝ պիտի ինձ հրեին ու տանեին էս կողմ-էն կողմ»,-նորից է մրթմրթում Քսեդոսը:  Վերջում զանգում եմ Անիին: «Ան, որտե՞ղ ես»: «Մամ, ես Բրիթիշ էմբըսիի (մարդը բրիտանագիտություն ա սովորում՝ ո՞նց կարող ա ասի՝ Բրիտանական դեսպանատուն) մոտ եմ արդեն, բայց ամբողջ ճանապարհին ոչ մի Մազդա չտեսա»: «Ես գտել եմ, բալես, դու այդտեղ սպասիր, հիմա գալիս եմ»,-ասում եմ Անիին ու նստելով մեքենա, Քսեդոսիկին խնդրում եմ.«Ցավդ տանեմ, հիմա արագ փախնում ենք ստեղից, որ հանկարծ Չեխովի պահակն ու Սիրիայի համազգեստավորը չտեսնեն: Թե չէ, որ իրենք էլ հարցնեն, թե որտեղից քեզ գտա, ես գետինը կմտնեմ, մանավանդ որ մի գլուխ պնդում էի, թե դու էն սպիտակ ջիպի հետեւում էիր կանգնած»: «Աղջիկ ջան, գոնե ջիպերն իրարից տարբերի՝ Չեխովի մոտինը Տոյոտա էր, իսկ ես կանգնած էի Սուզուկիի հետեւում»,-կիսաբարկացած փնթփնթաց սեւականաչս ու ինձ՝ իր մեջ առած սլացավ դեպի Բրիթիշ Էմբասի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ. Շարունակությունը կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930