
Մեկ այլ վկայի համար էլ, որի համար «պրեստիժի» հարց է եղել «սեփական խուզարկու» ունենալը, տեղեկություններ է հավաքվում Ժ.Հ.-ի «ամուսնու սիրուհու» վերաբերյալ:Թուրաբյան-Հոլմսը ձայնագրում էր, լուսանկարում, աննկատ քայլում շարժվող «օբյեկտների» ետեւից:
Խուզարկուն այնքան հեռուն էր գնացել, որ մի օր էլ հասել էր Գարեգին անունով մի երիտասարդի տվյալներին, որոնք գտնվում էին Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատում: Սակայն խախտել էր անձնական եւ ընտանեկան գաղտնիքների պաշտպանության սահմանը, «տիրապետել» անգամ պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկությունների՝ դրանք տարածելով աջուձախ:
Այսօր իսկական դետեկտիվ էր նաեւ առավոտյան ժ. 9. 30-ին դատաքննություն նշանակելը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր «մասնավոր խուզարկու»՝ Վլադիմիր Թուրաբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Սակայն դատական նիստին չէր ներկայացել «խուզարկուի» թարգմանիչը՝ Վարդուհի Շահինյանը: Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ մեղադրող պարոն Տիգրանյանից էլ ստացվել է գրություն, որով հայտնվել է, թե գտնվում է արձակուրդում: Դատարանը հերթական անգամ հետաձգեց նիստը:
Խուզարկուն խաղաղ հեռացավ, քանի որ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































