
1977 թվականից Զարաքոլուն Կ.Պոլսում հիմնադրած իր «ԲԵԼԳԵ» հրատարակչատան կողմից հազարավոր գրքեր է տպագրել, որոնցում ներկայացվում է ճշմարտությունը Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ճնշումների, մասնավորապես հայոց ցեղասպանության մասին, ինչի պատճառով բազմիցս ենթարկվել է հալածանքների։ Զարաքոլուի և նրա հանգուցյալ կնոջ՝ թուրքական զնդաններում երկար տարիներ անցկացրած Այշէ Նուրի համառ ջանքերի շնորհիվ է, որ Թուրքիայում ամենատարբեր հարցերի վերաբերյալ տաբուների վերացման լուրջ առաջընթաց է գրանցվել: Մարդկության դեմ հանցանք գործած պետության քաղաքացին՝ թուրք հասարակությանը դեպի զարգացում մղող համամարդկային արժեքներին ծանոթացնելու գերլարված գործունեությամբ, գրահրատարակչության ոլորտում հեղափոխություն կատարած Ռագըփ Զարաքոլուն, հայ ժողովրդի անկեղծ բարեկամներից է: Հայաստանյան այցերի ընթացքում թուրք մտավորականն արժանացել է հայ գործընկերների ջերմ ընդունելությանը, երկարամյա վաստակի համար պարգևատրվել Հակոբ Մեղապարտ մեդալով:
Մենք՝ հայ գրողներս, դատապարտելով Զարաքոլուի անհիմն ու միտումնավոր բանտարկությունը, մեր ձայնն ենք միացնում նրան անհապաղ ազատ արձակելու միջազգային հանրության պահանջին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ


















































