
Արդյոք իրադարձությունների նման զարգացումը պայմանավորվա՞ծ է ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի նկատմամբ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարեհաճությամբ, թե՞ դրանք բացառապես ներկոալիցիոն խմորումներ են՝ ուժերի չափման ինքնատիպ ձեւ: ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ նկատեց. «Ես չեմ բացառում, որ այդ մարդիկ իսկապես զբաղվել են անօրինական գործունեությամբ՝ հե՛նց այն մեղադրանքի շրջանակներում, որոնք նրանց առաջադրվել են, բայց միանշանակորեն վստահ եմ, որ իշխանություններին դա հայտնի է դարձել ոչ վերջերս: Ես նաեւ վստահ եմ, որ ՀՀԿ-ի ակտիվը նույնպես մեղքերից զերծ չէ եւ իրեն բազմաթիվ ապօրինություններ է թույլ տալիս, հակաօրինական գործունեություն է ծավալում՝ գուցե նաեւ թմրամիջոցների հետ կապված, բայց մեր դժբախտությունն այն է, որ այդ ամենի վրա իշխանությունն աչք է փակում, քանի դեռ դա իշխանությունների շահերին դեմ չէ: Կոնկրետ դեպքում, կարծում եմ, սրանք իշխանությունների համար նոր բացահայտումներ չեն: Ուղղակի հիմա ԲՀԿ-ի համար եկել է «հատուցելու» ժամանակը, ինչպես իշխանությունն է կարծում՝ դավաճանության կամ թիմը լքելու փորձի համար՝ գործի դնելով պետական պատժիչ մեքենան: Սա այն է, ինչ ակնկալվում էր: Ցավոք, մեր իրավապահ մարմինների գործառույթը հիմա այն է, որ ժամանակին հանցագործության վրա աչք փակի, որ հետո՝ անհրաժեշտ պահին, դա որպես կոմպրոմատ քաղաքական հակառակորդին դեմ տա»:
Այդուամենայնիվ, դա ՀԱԿ-ի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի բարեհաճությունը վայելելու համար ԲՀԿ-ի նկատմամբ սահմանված պատիժ է: «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը վախենում է երկու դեպքերից էլ, որովհետեւ եթե ԲՀԿ-ն լքի կոալիցիան, ապա Սերժ Սարգսյանը հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտում, այն էլ՝ ընտրական պրոցեսում, մեն-մենակ կհայտնվի եւ իշխանությունը պահելու որեւէ հնարավորություն չի ունենա: Այս իմաստով նա, իհարկե, անհանգստանալու առիթ ունի: Բայց ես անընդունելի եմ համարում այն մեթոդները, որով ՀՀԿ-ականները փորձում են քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներին իրենց ենթարկեցնել»,- հայտարարեց ՍԴՀԿ ատենապետը:


















































