
Բնապահպանության նախարարության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Ղլիչյանը ներկաներին ծանոթացրեց 1995 թ. ընդունված օրենքում առաջարկվող հիմնական փոփոխություններին` դրանք հիմնավորելով կիրառման ընթացքում ի հայտ եկած օրենսդրական բացերը վերացնելու եւ միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ ամրագրելու հանգամանքով: Գործող օրենքում, բանախոսի ներկայացմամբ, բացակայում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, ռազմավարական էկոլոգիական գնահատման, անդրսահմանային ազդեցություններին վերաբերող ընթացակարգերը: Ի թիվս նշված ընացակարգերի ներդրման` կառավարությունը նախագծում նաեւ դասակարգել է փորձաքննության ենթակա գործունեության տեսակները ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության` խմբավորելով դրանք Ա, Բ, Գ կատեգորիաներում եւ դրանց համար նախատեսելով համապատասխանաբար 60, 40 եւ 30 օր: Այսօր գործում է փորձաքննության ժամկետների միասնական կարգ. բոլորի համար այն 120 օր է: Նախարարության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ գործող օրենքով փորձաքննությունն անց է կացվում նախաձեռնողի ֆինանսավորմամբ, մինչդեռ նախագծի ընդունման պարագայում այն կիրականացվի պետբյուջեի միջոցներով: Բնապահպանների ու նախաձեռնող խմբի անունից շրջանառված փաթեթի վերաբերյալ անհամաձայնություն ներկայացրեց փորձագետ Արման Վերմիշյանը` նշելով, որ իրենց դիտողությունները սկզբունքային են, ինչով պայմանավորված էլ առաջարկում են նախագծերը հետ տանել եւ օրենքի նոր նախագիծ մշակել: Արման Վերմիշյանն առաջարկեց այս նախագծերի փոխարեն շրջանառության մեջ դնել նոր փաթեթ` կից այլ օրենքներում փոփոխություններով ու ենթաօրենսդրական ակտերով: Նաեւ` այն ուղարկել Օրհուսի համապատասխանության կոմիտե` ստանալու փորձագիտական եզրակացություն:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լսումների վերջում անհրաժեշտ ու հիմնավորված համարեց օրենքը փոփոխելու` կառավարության նախաձեռնությունը: Անհամաձայնությունների վերաբերյալ նա նկատեց` սպասում են բոլորի առաջարկություններին ու դիտողությունների, որոնք քննարկումից հետո կարտացոլվեն լրամշակված փաթեթում: Նախարարը նկատեց, որ բնապահպանության ոլորտում շատ են մասնագիտացված ՀԿ-ները, որոնց հետ համագործակցության արդյունքում կբարելավվեն նախագծերը:
Կարդացեք նաև
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը եւս առաջարկները քննարկելու եւ ՀԿ-ների կարծիքները հաշվի առնելու պատրաստակամություն հայտնեց:
www,parliament.am


















































